Նոր սահմանադրության հանրաքվեի ընթացքում տեղի է ունեցել համընդհանուր ընտրական իրավունքի խախտում: Մարդու իրավունքների պաշտպանության օրվան` դեկտեմբերի 10-ին ընդառաջ՝ այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Իրավունքի գերակայություն» ՀԿ-ի անդամ Արտակ Զեյնալյանը: Ամփոփելով 2015 թվականը՝ բանախոսը նշել է, որ մարդու իրավունքների վիճակը Հայաստանում հետընթաց է ապրել՝ հատկապես ընտրական իրավունքի տեսանկյունից:
Զեյնալյանի խոսքով՝ վերակենդանացվեցին բոլոր այն ընտախախտումները, որոնք տեղի էին ունենում մինչև 2008 թվականը․ ընտրությունները ազատ և արդար չէին, ժողովրդի կամքը ազատ չի ձևավորվել:
«Բազմաթիվ ընտատեղամասերում ընտրության արդյունքները հավաստի չեն: Այս պարագայում խախտվել է նաև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը, արտադատարանական կարգով պաշտպանության իրավունքը ևս խախտվել է: Թույլ չեն տվել դիտորդների անարգել ձևով ծանոթանալ ընտրական ցուցակներին, ինչի իրավունքը նրանք ունեն: Այն տեղամասերում, որտեղ թույլ չեն տվել ծանոթանալ ստորագրված ընտրական ցուցակներին, ընտրության արդյունքները հավաստի չեն: Պետք է ընտրությունների արդյունքները ճանաչել չկայացած կամ անվավեր»,- պատմել է Զեյնալյանը:
Բանախոսի դիտարկմամբ՝ Հայաստանում պարբերաբար խախտվում է նաև արտահայտվելու ազատության իրավունքը: Նա վկայակոչեց այն փաստը, որ այժմ Ազատության հրապարակում տեղի է ունենում հանրահավաք, և եղանակային այս պայմանների դեպքում չի թույլատրվում վրաններ տեղադրել, ինչը խաղաղ հավաքների ազատության իրավունքի խախտում է:
Ասուլիսի մեկ այլ մասնակից, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի ղեկավար Արտակ Դանիելյանն ընդգծել է, որ սահմանադրական այս գործընթացն անցավ զարմանալիորեն հապճեպ, այն դեպքում, երբ որևէ օրենք ընդունելու համար տարիներ են պահանջվում:
Ասուլիսի ընթացքում բանախոսներն անդրադարձան Հայաստանում մարդու իրավունքների խախտման բազմաթիվ այլ դեպքերի, մասնավորապես, ամռանն էլեկտրաէներգիայի թանկացումից հետո տեղի ունեցած հանրահավաքների ժամանակ մարդկանց ապօրինի ազատազրկման դեպքերին: Ըստ Զեյնալյանի՝ դրանք օրենքով նախատեսված չէին, և ոչ մեկը պատասխանատվություն չկրեց: