Տարիներ ի վեր շարունակում են օդում կախված մնալ չստուգված լուրերը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կոռումպացված լինելու մասին։ Այսօր Ազգային ժողովում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ իր ելույթն այսպես է սկսել ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
«1991 թվականից զբաղեցնելով տարբեր բարձր պետական պաշտոններ, ըստ օդում կախված լուրերի, Հովիկ Աբրահամյանն իր պաշտոնական լիազորությունները լայնորեն չարաշահել է անձնական հարստություն կուտակելու համար՝ դառնալով 3-րդ հանրապետության ամենախոշոր սեփականատերերից մեկը։ Մասնավորապես, ըստ օդում կախված լուրերի, Հովիկ Աբրահամյանը Երևանի փոքր կենտրոնում գտնվող 2 նորակառույց բարձրահարկ շենքի սեփականատեր է, Երևանի փոքր կենտրոնում ունի նաև մոտ 20 բնակարան։ Ըստ այդ նույն օդում կախված լուրերի՝ նրան են պատկանում մի քանի տասնյակ բենզալցակայաններ և գազալցակայաններ Հայաստանի ողջ տարածքում, «Արտֆուդ» ընկերության 50%-ը, «Արարատ ցեմենտ»֊ի 30%-ը, մի քանի խաղատներ, 7 մլն դոլարով ձեռք բերված հանգստյան տուն Ղրիմում, հանգստյան տուն և 5 հեկտար հող Ծաղկաձորում, Արտաշատի «Սիրիուս» գործարանի շենքը և ևս մի շարք սեփականություններ, այդ թվում նաև «Արտաշատ պլազա» առևտրի կենտրոնը և Արաքս գետի ափին գտնվող ավազահանքերը», ֊ ասել է պատգամավորը։
Նա նշել է, որ, ըստ օդում կախված լուրերի՝ այդ ողջ ունեցվածքը Հովիկ Աբրահամյանը ձեռք է բերել ապօրինի ճանապարհով։
«Օդում կախված են մնացել նաև Հովիկ Աբրահամյանի կողմից ընտրակեղծարարների կազմված խմբեր և նրանց կատարած կեղծարարությունները պրոֆեսիոնալ կերպով թաքցնելու մեխանիզմ հիմնելու մասին չստուգված լուրերը։
Հորդորում եմ ՀՀ վարչապետին հանձնարարել համապատասխան մարմիններին մանրամասն ստուգել այս լուրերի իսկությունը և ներկայացնել հանրությանը։ Ցանկանում եմ իմանալ, թե ինչքան ժամանակ է հարկավոր սրա համար», – իր ելույթում ասել է Նիկոլ Փաշինյանը։
ՀԱԿ պատգամավորին ի պատասխան՝ Հովիկ Աբրահամյանն ասել է․ «Մի կախված մարդ ուզում է այսօրվա մեր լավ տրամադրությունը փչացնել, բայց ես ուզում եմ հայտարարել հանրությանը, որ այն, ինչ իմ հայտարարագրից ավել ներկայացրեց կախված մարդը նվիրում եմ իրեն», ֊ ասել է Աբրահամյանը։
Փաշինյանն արձագանքել է, թե դա դեռ հարց է՝ ով է օդում կախված․ «Դա վերջում կերևա»։
Հիշեցնենք, որ Փաշինյանը նմանատիպ ելույթ էր հնչեցրել նոյեմբերի 18–ին՝ խոսելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, նրա եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի, և փեսայի՝ Միքայել Մինասյանի ունեցվածքի մասին։
Ինչպես և նախորդ ելույթում, այսօր էլ Փաշինյանն իր խոսքում մի քանի անգամ մեջբերել է հատվածներ այս տարվա փետրվարի 12֊ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած հայտնի ելույթից, երբ վերջինս խոսում էր ԲՀԿ այն ժամանակվա նախագահ, օլիգարխ Գագիկ Ծառուկյանի մասին՝ ասելով, թե շարունակում են «օդում կախված մնալ չստուգված լուրերը չմուծված միլիարդավոր դրամ հարկերի, տարեցների կենսաթոշակներից ու երիտասարդների կրթվելու իրավունքից գողացված միլիարդները չնչին, այսպես ասած, «բարեգործության» անվան տակ քողարկելու մասին»: