Փետրվարի 19-ին՝ Ազգային ժողովի արտահերթ նիստի օրը, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը լրագրողների հետ առնչվելիս ծայրահեղ լկտի պահվածք է դրսևորել։ Այս մասին ասված է մի շարք կազմակերպությունների տարածած հայտարարության մեջ, որի հեղինակները պահանջում են, որպեսզի Սեդրակյանը վայր դնի պատգամավորական մանդատը։
Հայտարարությունը տարածած կազմակերպություններն ընդգծում են, որ միջադեպի օրը, նկատելով խորհրդարանի միջանցքում հավաքված թղթակիցներին, Սեդրակյանը նրանց համար լսելի ձայնով ասել է. «էս ի՞նչ նախիր ա», այնուհետեւ՝ երբ ԶԼՄ-ների ներկայացուցիչները բացատրություն են պահանջել, պատգամավորը փորձել է անմեղ ձևանալ, իսկ հետո սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել լրագրողներից մեկի հասցեին։ Չբավարարվելով դրանով՝ Մհեր Սեդրակյանը փորձել է տանել նրան «առանձնազրույցի»։
«Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, արտահայտելով մեր վրդովմունքը Մհեր Սեդրակյանի նողկալի վարվելակերպի առնչությամբ, ինչպես նաև հաշվի առնելով, որ նման դեպքեր բազմիցս են տեղի ունեցել՝ նաև այլ պատգամավորների ու պաշտոնյաների մասնակցությամբ, պահանջում ենք.
– Հանրապետական կուսակցության ղեկավարությունից՝ քննարկել իրենց կուսակցի հարցն ու պատասխանատվության ենթարկել նրան՝ հորդորելով ինքնակամ վայր դնել պատգամավորական մանդատը,
– Ազգային ժողովի նախագահից և ՀՀԿ խմբակցությունից՝ հրապարակավ դատապարտել այս պատգամավորի վարքը, ներողություն խնդրել ԱԺ-ում հավատարմագրված բոլոր լրագրողներից, ում վիրավորանք է հասցվել, և երաշխիքներ տալ, որ նման դեպքեր այլևս չեն կրկնվի,
Եթե մեր այս պահանջները չիրականացվեն, մենք հիմք ենք ունենալու արձանագրելու, որ Հանրապետական կուսակցության և իշխանության տարբեր օղակների համար նորմ է Մհեր Սեդրակյանի և նրա նմանների վարքագիծը: Եվ քանի որ Հայաստանի իշխանություններն ի զորու չեն կամ չեն ցանկանում պաշտպանել լրագրողներին տարաբնույթ սպառնալիքներից, ճնշումներից ու ոտնձգություններից, մենք ստիպված ենք լինելու ապավինել միջազգային հանրությանը՝ կոչ անելով անհատական պատժամիջոցներ կիրառել՝ ինչպես դա արվում է այն անձանց նկատմամբ, ովքեր պարբերաբար ու ցուցադրաբար խախտում են օրենքները, դրա համար պատասխանատվության չենթարկվելով սեփական երկրում», ֊ նշում են հայտարարության հեղինակները։
Հայտարարության տակ ստորագրել են․
Խոսքի Ազատության պաշտպանության կոմիտե
Երևանի մամուլի ակումբ
Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
Լրագրողների «Ասպարեզ» ակումբ
Հանրային լրագրության ակումբ
Ինֆորմացիայի ազատության կենտրոն
Բազմակողմանի տեղեկաբտության ինստիտուտ֊Հայաստան
«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ
Գորիսի մամուլի ակումբ