Հոդված՝ Ռոբինզոնի մենությունը և մեր մենությունը
Հեղինակ՝ Վահրամ Մարտիրոսյան, գրող, սցենարիստ
Գրողական ամենահետաքրքիր արկածներից մեկը մարդու ներքին խնդիրը արտաքին դարձնելն է։
Ֆրանց Կաֆկայի «Կերպարանափոխություն» ստեղծագործության հերոսը վերածվում է միջատի, Աբսուրդի թատրոնի հիմնադիրներից Էժեն Իոնեսկոյի «Ռնգեղջյուրը» պիեսում նույնանուն կենդանու են վերածվում բոլոր մարդիկ։
Երևակայության թռիչքի իմաստով այս երկուսին գերազանցում է ավելի վաղ շրջանի մի գործ՝ Ջոնաթան Սֆիվթի «Գուլիվերի ճանապարհորդությունը»։ Գուլիվերը մեկ հսկա է, մեկ թզուկ, վեպի գրական տարածքը բնակեցնում են մարդանման յեհուները, բանականությամբ ու բացառիկ առաքինություններով օժտված ձիերը՝ հուիհընհընմները, իսկ թռչող կղզում ապրում են գիտնականներ, որոնք մարմնավորում են կեղծ-իմաստությունը։
Սֆիվթի գիրքը լույս է տեսել «Ռոբինզոն Կրուզո»-ից յոթ տարի անց՝ 1726-ին։ Այն յուրատեսակ արձագանք էր Դանիել Դեֆոյի վեպին։ Ընդունված է «Ռոբինզոն Կրուզո»-ն արկածային գրականություն համարել, բայց… սա առաջին իրապաշտական (ռեալիստական) վեպն է, և արտահայտում է ժամանակի` XVIII դարի սկզբի, արժեքային համակարգն ու բարոյախոսությունը, որոնք ծաղրում էր Սվիֆտը… (Կամ ծաղրում էր դրանց երեսպաշտական ընկալումը)։
Անկախ ժանրից, «Ռոբինզոն Կրուզո»-ն վեպ է առաջին հերթին մենության մասին։ Վիպական ժամանակի մեծ մասը հերոսն անցկացնում է մեն-մենակ. մարդու մեկ զգացում՝ Մենությունն է, որ Դանիել Դեֆոն դարձրել է արտաքին իրավիճակ։
Պատահել է այնպես, որ 20 տարեկանում մի բանաստեղծություն եմ գրել, որը Ռոբինզոնի մասին է, ավելի ճիշտ… մենախոսություն է ուղղված նրան.
Հաճելի՞ էր, Ռոբինզոն, վերհիշել քո կղզում տաք,
Մառախուղը թանձր, թաց… կարմիր ցոլքը բուխարու,
Վերադարձդ բաղձալի տվեց քեզ ծածկ ու հատակ,
Վերադարձդ սակայն քեզ ուրիշ ոչինչ չի տալու։
Քանզի կյանքի քաղաքում ամեն սիրտ է մի կղզի,
Որը կարծես ծանոթ է և բնավ ոչ անանուն,
Բայց ոչ մի նավ չի տանում ի մերձեցում, և հույզի
Ալիքները կատարյալ ժայռերը ետ են վանում։
Ինձ՝ ընդվզող, բայց և քեզ՝ Աստված հուսո Ռոբինզոն,
Նավաբեկում վերջնական, ահա ինչ է սպառնում,-
Խոնավ խցում մենության՝ պոռթկումների մեջ անզոր
Տենչանքները գգվանքի առնետ ու սարդ են դառնում։
Երանելի սպասման կղզիդ ելք էր, Ծիր կաթին,
Ես մի ուրիշ կղզում եմ` ամառ, ձմեռ ու գարուն,
Քաղաքակիրթ աշխարհը սպասում է Ուրբաթին,
Բայց կործանման շաբաթը ավելի շուտ է գալու։
Բանաստեղծությունը ULTIMA VERBA (վերջին խոսք – լատիներեն) շարքից է, նվիրված վաղամեռիկ բանաստեղծ ընկերոջս՝ Նորայր Աբրահամյանին։ Նա թե մենասեր էր, թե արտաքինով` մորուքով ու երկար մազերով էր նման Ռոբինզոնի մասին ընդհանուր պատկերացումներին։
Այս գործի պաթոսը հասկանալի է՝ հարկադիր մեկուսացումը հակադրված է հոգեկան մենությանը։ Բայց բանաստեղծությունը գրելուց մի քանի տասնամյակ անց ինձ ուրիշ խնդիր է հետաքրքրում. արդյոք Ռոբինզոն Կրուզոն մենա՞կ էր, արդյոք նրա մենության նրա զգացումը նո՞ւյնն էր, ինչ` իմը, հետարդիական ժամանակների մարդունը։
Իմ կարծիքով, ոչ։ Իմ կարծիքով, ժամանակակից մարդն է իսկական միայնակը։
Ենթադրական ինչուների շարքի պատասխանները սկսեմ ֆիզիկական մենությունից։ Ինչպիսի՞ն էր ՝ առանձնանալու հնարավորությունները Դանիել Դեֆոյի ժամանակ։
Աղքատ ընտանիքները, ծառաները, ճորտերը, ստրուկները քնել են, կերել-խմել հիմնականում մեկ սենյակում։ Բարձր դասը՝ ազնվականությունը, և բուրժուաներն, իհարկե, ապրել են ընդարձակ կացարաններում, ունեցել առանձին ննջարաններ, աշխատասենյակներ, բայց նրանց մենությունը եղել է հարաբերական… Ծառաների պատճառով։ Ծառաներն են «քնեցրել», արթնացրել նրանց, «կերակրել», ուղեկցել ամբողջ օրը։
Միակ տեղը, ուր ֆիզիկական մենությունն այս կամ այն չափով ապահովված է եղել, ՄԵՆաստաններ էին։ Բայց այստեղ էլ դա մենություն էր նույն՝ հոգևորականների դասին, և նույն՝ տղամարդկանց կամ կանանց սեռին պատկանող մարդկանց հետ։ Լիակատար ֆիզիկական մեկուսացումը երաշխավորված էր միայն բնակավայրերից հեռու քարանձավներում, ճգնավորների խցերում… և անմարդաբնակ կղզիներում։
Այսինքն, դա այնքան բացառիկ բան էր, որ մարդուն կարող էր թվալ նույնիսկ ցանկալի, ռոմանտիկ։ Ինչը և «Ռոբինզոնի» սիրվածության պատճառներից մեկն է։
Այսօր միլիոնավոր մարդիկ, հատկապես զարգացած երկրներում, հնարավորություն ունեն մեկուսանալ իրենց բնակարաններում և տարիներով որևէ մեկի երեսը չտեսնել։ Բավական է ասել, որ Գերմանիայում յուրաքանչյուր մարդու բաժին է հասնում միջինը 40 քմ տարածություն։
Հաջորդ խնդիրն այն է, թե որքանով էր միայնակ միջնադարյան մարդը հոգևոր առումով։ Նրա մասին չի կարելի ասել, որ միայնակ էր, եթե հավատացյալ էր։ Իսկ հավատացյալ էր ժամանակի աշխարհի մեծամասնությունը։ Մշտապես քրիստոնյայի, հատկապես մենակյացի հետ է Աստված։ Միանգամայն սպառիչ է բնորոշում այս իրավիճակը հունգարացի կաթոլիկ Յանոշ Պիլինսկու «Դժոխքի յոթերորդ պարունակը» բանաստեղծությունը.
Դժոխքի առաջին, երկրորդ,
երրորդ, չորրորդ պարունակը,
ապա` հինգը, վեցը և, ի վերջո,
ամենաստորինը:
Տանն եմ:
Թույլ տուր կողքի ընկնեմ
ու կծկվելով քուն մտնեմ վերջապես.
չէ որ այստեղ էլ ես ներկա:
Իր «Միայնության մասին» էսսեում Պիլինսկին ավելի հստակ է պատկերում հավատացյալ մարդու առնչությունը հանրային կեցության և Աստծու հետ.
«Մարդը միայնակ է. իր մեղքի մեջ՝ նույն կերպ, ինչպես՝ առաքինության կամ հասունության: Անզոր են հազար թելերը, որոնցով միահյուսված է տիեզերքին, անզոր են տունը, երեխան, կինը: Սակայն այս միայնությունն ինչ-որ «տեխնիկական անսարքություն» չէ: Մարդու մենությունը մի զրահապատ վայր է, որը կարող է լոկ Աստծո բարեգթությամբ լցվել: Թեթև մխիթարությունը չի օգնի: Հենց այս պատճառով միայնությունը մեր էության ամենաարժեքավոր մասն է»…
Ռոբինզոն Կրուզոյի միայնությունը ևս խիստ հարաբերական է։ Նա չի լսել իր հորը, որը կարող է Հայր Աստծո խորհրդանիշը համարվել, և ՄԵԿՈՒՍԱՑՎԵԼ է հանրությունից։ «Թող հայրս ինձ հոժարակամ բաց թողնի, թե չէ՝ ես ստիպված կլինեմ տանից հեռանալ առանց նրա թույլտվության»,- դիմում է նա մորը, բայց այդպես էլ արտոնություն չի ստանում։ Եվ, ինչպես բնագրում է ասվում, «without asking God's blessing or my father's» – «առանց խնդրելու Աստծո կամ հորս օրհնությունը», 1651 թվականի սեպտեմբերի 1-ին նավ է բարձրանում։
Ի դեպ, Աստծո անունը խնամքով բաց է թողնված սովետական տարիներին տպված գրքի հայերեն թարգմանությունում՝ կրկնելով ռուսերեն հրատարակությունը, ինչը էականորեն աղավաղում է «բնագիրը»(1):
Ռոբինզոնն անցնում է մի շարք փորձությունների միջով, հասնում պլանտատորի «պատվավոր» դիրքի, բայց չի դիմանում գայթակղությունը և նորից նավ է բարձրանում, իր հարևանների խնդրանքով, Աֆրիկայից նրանց համար էժան ստրուկներ բերելու նպատակով։ Նավը, ինչպես հայտնի է, խորտակվում է։
Բայց նախախնամության (Աստծո) կամոք, նավաբեկյալը բավական լավ «մեկնարկային պայմաններ» ունի «ռոբինզոնություն» անելու համար։ Նավը լրիվ չի կործանվել, այլ, ափին բավականին մոտ, խրվել է ավազի մեջ։ Ռոբինզոնը նավում հայտնաբերում է գոյատևման համար անհրաժեշտ բազում պարագաներ։ Ահա թե ինչեր է ափ տեղափոխում նա.
«ուտելիքը՝ բրինձ, պաքսիմատ, երեք գլուխ հոլանդական պանիր, երեք խոշոր կտոր այծի ապխտած միս, որ նավի վրա մեր հիմնական սնունդն էր»…
«մի քանի արկղ գինի և մոտ վեց գալոն բրնձի օղի, որ պատկանում էր մեր նավապետին»…
«ես գտա մեր ատաղձագործի արկղը, և դա իսկապես մի թանկարժեք գյուտ էր, որը ես այն ժամանակ չէի տա ոսկով լի մի ամբողջ նավի»…
«Նավախցում գտա երկու հիանալի որսորդական հրացան և երկու ատրճանակ, որոնք տեղավորեցի լաստի վրա վառոդամանի, մի պարկ կոտորակի և երկու հին, ժանգոտ սրերի հետ միասին…
«երկու-երեք պարկ մեխ (խոշոր ու մանր), մի պտուտակիչ, մի երկու դյուժին կացին, իսկ գլխավորը՝ այնպիսի օգտակար առարկա, ինչպիսին է սրոցը»…
«երեք հատ երկաթե նիգ, հրացանի գնդակով լի երկու տակառ և շատ վառոդ։ Հետո նավում գտա ամեն տեսակ հագուստների մի ամբողջ հակ, բացի այդ, վերցրի նաև պահեստի առագաստը, գամակը, մի քանի ներքնակ ու բարձ»…
«երեք ածելի, մի մեծ մկրատ և մի դյուժին դանակ-պատառաքաղ»…
«թանաք, գրիչ ու թուղթ, երեք թե չորս կողմնացույց, աստղաբաշխական որոշ սարքեր, դիտափողեր, աշխարհագրական քարտեզներ և նավի մատյանը»…
Այս ամբողջ հարստությունը միայն Ռոբինզոնի կացությունը դյուրացնելու համար չէ` գրողական տեսակետից ավելի շահեկան կլիներ, եթե նա ավելի շատ դժվարություններ հաղթահարեր։ Բայց Ռոբինզոնի նախնական պաշարների թվարկումը Դանիել Դեֆոյի ձոնն է քաղաքակրթությանը, որ ժամանակի մարդուն կարող էր ապահովել ամենածանր պայմաններում ապրելու հնարավորությամբ։
Բայց այդ պաշարները մի օր վերջանում են, և վեպի հաջորդ էջերը արդեն ձոն են Ռոբինզոնի ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ սխրանքին։ Լինելով ոչ ստորին դասակարգի ներկայացուցիչ (նրան ազգականները քառասուն ֆունտ ստեռլինգ են ուղարկում, երբ խնդրում է՝ հսկայական գումար այն ժամանակներում)` նա կարողանում է անմարդաբնակ կղզում տուն կառուցել, բերք ստանալ, կենդանիներ ընտելացնել` միայնակ անցնելով այն ուղին, որ անցել են իր նախնիների տասնյակ սերունդներ։ Սա տեխնոլոգիաների նկատմամբ բուրժուական հարգանքի և բնության հանդեպ մարդու հաղթանակի, գերիշխանության վկայություն է, ինչպես մեկնաբանել են մի շարք հեղինակներ։
Հաճախ զվարճալի հարցեր են տրվում. ի՞նչ կլինի, եթե Երկիր մոլորակից փրկվի միայն մի բան կամ մի հոգի։ Եթե փրկվեր միայն Ռոբինզոն Կրուզոն, նա կարող էր վերականգնել իր ժամանակի քաղաքակրթությունը։
Այսուհանդերձ, կարևորագույնը բանը, որ օգնում է Ռոբինզոնին դիմանալ շուրջ երեսուն տարի, Աստվածաշունչն է` միակ գիրքը, որ նա ունի և կարդում է։ Եվ, իհարկե, Ուրբաթը` մարդակեր վայրենիների ցեղից, որի կյանքը նա փրկում է։
Այսինքն, անմարդաբնակ կղզում Ռոբինզոնի կյանքը համալրված է ժամանակաշրջանի համար կարևորագույն երկու «բաղադրիչներով»` նա ունի Տեր (Աստված) ու ծառա, նա միայնակ չէ.
Նկարը՝ Կառլ Օֆտերդինգեր, աղբյուրը՝ wikimedia.org
XX դարում մարդիկ դադարեցին ծառաներ ունենալ (բացառությունները չհաշված)։ Առանձնատներին փոխարինեցին բնակարանները, որոնք հնարավոր դարձրին առանձնությունը, եթե մարդն այն նախընտրի։ Իսկ հանրային կյանքում մտավորականության զգալի շերտի համար քրիստոնեությունը վերածվեց ավանդույթի, եվրոպական շատ քաղաքներում տաճարները հիմնական այցելուները դարձան զբոսաշրջիկները։
«Միայնությունը մեր էության ամենաարժեքավոր մասն է»,- գրում է Պիլինսկին, որը XX դարի հեղինակ է… բայց հավատացյալ։ Մինչդեռ XIX դարում մի ֆրանսիացի բանաստեղծ արդեն գրել էր՝ «Հայր մեր, որ երկնքում ԷԻՐ», իսկ գերմանացի մի փիլիսոփա հռչակել, որ Աստված մեռած է. Ֆրիդրիխ Նիցշեն իր «Զվարթ գիտության» երրորդ գրքում փնտրում ու չի գտնում Աստծուն։ Գաբրիել Գարսիա Մարկեսի ամենահայտնի գործը կոչվում է «Հարյուր տարվա մենություն», գրականության պատմության «ամենաբազմամարդ» վեպերից մեկն է, քանի որ հերոսների մենությունը ներքին է։
Շատերը տեսել են XX դարի իտալական «Սինյոր Ռոբինզոն» կատակերգությունը։ Այստեղ Ուրբաթը կին է։ Տղամարդու և կնոջ հարաբերությունները XX դարի աշխարհում հորիզոնական են, և թուլամորթ հերոսի երազանքն արդեն այսպիսի Ուրբաթն է՝ «վայրենի», բնիկ, որը կսովորի իր լեզուն և կանի ամեն ինչ, որ բավարարի նրա պահանջները՝ ընդհուպ մինչև երևակայական հեռուստացույցով հաղորդումներ վարելը։ Հորիզոնական հարաբերության «սարսափների» մասին է գրում Էդուարդ Լիմոնովն իր «Ես եմ, Էդիչկան» վեպում.
«Ճիշտ չէ, որ ես իրեն վատ էի վերաբերում, ես իրեն լավ էի վերաբերում, բայց այդ առավոտ ես մտածեցի, որ ջահել, միամիտ, հուզիչ ու գեղեցիկ աղջիկ եմ ուզում, այլ ոչ թե՝ ձևավորված հրեշ» (մեջբերել եմ իմ «Սերը Մոսկվայում» վեպում)։
Ահա այսքան հուսահատ է հետարդյունաբերական, հետարդիական մարդը երազում իր Ուրբաթի մասին` նա միայնակ է։ Թեև միայնությունից փրկություն, կարծում եմ, այսօր էլ կա։ Դա «կենցաղային ծովում» (Մեսրոպ Մաշտոց) հորիզոնական, հավասար հարաբերությունների կղզիների անվախ որոնումն է, նյութական արժեքներից ճանաչողության, այդ թվում` գրականության ու արվեստի նոր արժեքների հայտնաբերման վայելքը, մտքի արկածների, ստեղծագործական արկածների միջոցով սեփական անձը ողջ պահելու ինքնաբավությունը։
1․ 2013-ին «Անտարես» հրատարակչությունը լույս է ընծայել վեպի նոր թարգմանությունը (ԴԱՆԻԵԼ ԴԵՖՈ. «ՌՈԲԻՆԶՈՆ ԿՐՈՒԶՈՅԻ ԿՅԱՆՔԸ ԵՎ ԶԱՐՄԱՆԱԼԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ», անգլերենից թարգմանեց՝ ՍԱՐԳԻՍ ԱԼԵՄՅԱՆԸ: Առաջաբանը՝ ԱՐԱՄ ՊԱՉՅԱՆԻ: Երևան, 560 էջ, որտեղ վերացված են գրաքննչական միջամտությունները։ Իմ հղումները «հին» թարգմանությունից են, որ կա բոլորի տներում։