Ընդդիմադիր «Հիմնադիր խորհրդարան» շարժման համակարգող, «Նոր Հայաստան» նախաձեռնության առաջնորդներից Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությամբ բոլոր հիմքերը կան պնդելու, որ գործ ունենք հերթական քաղաքական հետապնդման հետ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը։
«Ես դատապարտում եմ Հայաստանում շարունակվող քաղաքական հետապնդումները, որոնք իրականացվում են քրեական հոդվածների տանիքի տակ։ Կարծում եմ՝ Հայաստանի շահերից է բխում՝ օր առաջ ազատվել քաղբանտարկյալ ունենալու պիտակից», – ասել է պատգամավորը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ Սեֆիլյանից բացի, Հայաստանում կան նաև այլ քաղբանտարկյալներ։
Նշենք, որ միջազգային և տեղական մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ, քաղաքական գործիչներ և ուժեր Հայաստանում քաղբանտարկյալ են ճանաչել «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ, 2013-ից ազատազրկված Շանթ Հարությունյանին և նույն գործով ձերբակալված մյուս գործիչներին, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին։