ՀՀ ոստիկանության Պարեկապահակային ծառայության գնդի շուրջ ստեղծված վիճակի հանգուցալուծման պատասխանատվությունը կրում են գործող իշխանությունները: Այս մասին ասված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հայտարարության մեջ.
«1. Հայաստանի Հանրապետությունում գործող վարչախմբի կողմից օրենքի կամայական մեկնաբանումը, արդարության բացակայությունը, մարդու իրավունքների զանգվածային սահմանափակումները, աղմկահարույց հանցագործությունների, այդ թվում՝ Մարտի 1-ի և Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների չբացահայտումը, կոռուպցիան, հովանավորչությունը և բազմաթիվ այլ ապօրինություններ ՀՀ քաղաքացիներին ստիպում են ավելի ու ավելի հաճախ մտածել արդարություն հաստատման զինված միջոցների մասին:
2. Ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման պատասխանատվությունը կրում են ՀՀ գործող իշխանություններն ու իրավապահ մարմինները։ ՀՀ իրավապահ մարմիններին և «Սասնա ծռեր» խմբի անդամներին կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն, բացառել ուժային գործողությունները՝ հետագա զոհերից խուսափելու համար։
3. Դատապարտում ենք իշխանությունների կողմից Հայաստանի տարբեր մարզերում եւ Երեւանում քաղաքացիների զանգվածային ձերբակալությունների փաստերը, որոնց մասին վկայում են մամուլում տեղ գտած բազմաթիվ հրապարակումները։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այդ ձերբակակությունները որակում է որպես ՀՀ օրենսդրության և մարդու իրավունքների կոպիտ խախտում:
4. ՀՀ պատկան մարմիններից պահանջում ենք բացատրություն «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Ժիրայր Սեֆիլյանի և ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի տեսակցությունը արգելելու վերաբերյալ:
5. Անհրաժեշտ է անցկացնել հետաքննություն և պարզել համացանցային ռեսուրսների, այդ թվում՝ սոցիալական ցանցերի և էլեկտրոնային լրատվամիջոցների անջատումների մասին տեղեկություններն ու հանգամանքները, որոնք կարող են դիտվել որպես տեղեկատվության ազատ տարածման և ստանալու իրավունքի կոպիտ խախտում։ Դատապարտում ենք ՊՊԾ գնդի մերձակա տարածքում ԶԼՄ-ների ներկայացուցիչների գործունեության արհեստական սահմանափակումները։
6. Կուսակցությունը վերահաստատում է հավատարմությունը ներքաղաքական հարցերի ոչ բռնի լուծման ռազմավարությանը և շարունակում է համոզված մնալ, որ երկրում հաստատված վստահության խորը ճգնաժամը պետք է հաղթահարվի քաղաքական ճանապարհով:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ցավակցում է ՀՀ Ոստիկանության զոհված գնդապետ Արթուր Վանոյանի հարազատներին, մտերիմներին, ծառայակիցներին: ՔՊԿ-ն շուտափույթ ապաքինում է մաղթում նույն իրադարձությունների ժամանակ վիրավորումներ ստացած բոլոր անձանց», – ասված է հայտարարության մեջ:
Նշենք, որ երեկ «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարել էր, որ ստեղծված իրավիճակի համար պատասխանատու են ՀՀ իշխանությունները, որոնք «տարիներ շարունակ իրականացվող հանցավոր և ապաշնորհ իրենց քաղաքականության արդյունքում, թույլ չտալով լուծել երկրում ծառացած խնդիրները ընտրական գործընթացով և օրենքի շրջանակներում, անընդհատ գնացել են անօրինականության և բռնության ճանապարհով»:
Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր ՆԻկոլ Փաշինյանն այցելել էր ՊՊԾ գունդը գրոհով գրաված Սասնա ծռեռ խմբավորման անդամներին, որից հետո հետևյալ տեսանյութը հրապարակել.