Home / Տեսանյութեր / Բերման ենթարկված Դավիթ Սանասարյանին հիվանդանոց են տեղափոխել (թարմացվում է)

Բերման ենթարկված Դավիթ Սանասարյանին հիվանդանոց են տեղափոխել (թարմացվում է)

00:45 Երևանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանը, ով բերման էր ենթարկվել Ազատության հրապարակից, Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել է իրեն ծեծի ենթարկելու մասին.  

«Բժիշկները ինձ ու Անդրանիկին բերեցին հիվանդանոց, որ ստուգումներ անեն, քանի որ մեքենայի մեջ վայրի կարմիր բերետավոր բոզի տղերքը լանգետ են սարքել, ավելի մանրամասն կգրեմ հիվանդանոցից դուրս գալուց հետո: Շարունակեք կզել ու վաղը ձեր նկատմամբ կանեն նույնը հարգելի քաղաքացիներ: Դուրս էկեք փողոց»:

Քիչ անց Սանասարյանը ևս մեկ գրառում է արել իր հետ բերման ենթարկված Անդրանիկի մասին.

«Անդրանիկն է. մեզ ոստիկանություն միասին են տարել, ու ողջ ընթացքում Անդրանիկին մի վայրկյան չեն դադարել խփել: էս պահին դժվար է շարժվում»:

andranik

andranik1

00:42 Ոստիկանությունը հետևյալ հայտարարությունն է տարածել.

Այսօր Երևանի Ազատության հրապարակում հավաքված մի խումբ անձինք հայտարարել են, որ երթով շարժվելու են դեպի Խորենացի փողոցի այն հատվածը, որը շարունակում է արգելափակված մնալ հուլիսի 17-ի առավոտյան ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի վրա կատարված զինված հարձակման և այդտեղ պատանդներ պահելու հետևանքով: Միաժամանակ, հավաքի մասնակիցները փորձում են վերջնագրեր ներկայացնել ոստիկանությանը և իրավապահ այլ մարմիններին՝ նրանցից պահանջելով կատարել կոնկրետ գործողություններ կամ ձեռնպահ մնալ օրենքով իրենց վերապահված լիազորություններն իրականացելուց: ՀՀ ոստիկանությունը հայտարարում է, որ հուլիսի 17-ի առավոտից Խորենացի փողոցում իրավասու պետական մարմինների հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվում է հակաահաբեկչական օպերացիա: Քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով՝ Երևան քաղաքի այդ հատվածում քաղաքացիական բնակչության և տրանսպորտի ազատ տեղաշարժը սահմանափակված է և մնալու է այդպիսին, քանի դեռ ստեղծված իրադրությունով պայմանավորված՝ իրավասու մարմինների կողմից այլ որոշում չի կայացվել: Ոստիկանությունը հորդորում է հավաքի մասնակիցներին զերծ մնալ արկածախնդրությունից, երթեր չկազմակերպել դեպի հատուկ պահպանվող գոտի և իրավապահ մարմինների համար չստեղծել լրացուցիչ դժվարություններ: Միաժամանակ ոստիկանությունը զգուշացնում է, որ այս հորդորներին և նախազգուշացումներին չենթարկվելու, հակաահաբեկչական միջոցառումներ իրականացնող իրավապահ մարմինների գործունեությունը որևէ կերպ խոչընդոտելու դեպքերում իրավախախտների նկատմամբ կիրառվելու են օրենսդրությամբ նախատեսված համարժեք միջոցներ:

23:59 Խորենացի փողոցում իրավիճակն այս պահին հանդարտվում է:

23:55 Խորենացի 47 հասցեում գտնվող շենքի տանիքում ոստիկաններ են: Epress.am-ի լրագրողի հարցին՝ ինչու իրենք չեն կարող տանիք բարձրանալ, ոստիկանները միայն պատասխանել են, թե մուտքն արգելվում է: Խորենացի փողոցի այդ հատվածին այս պահին մոտեցել են Ազատության հրապարակում գտնվող քաղաքացիների մի մասը:

23:40 Դավթաշենի Ներքին Զորքերի զորամասից ազատ արձակված քաղաքացիները սոցցանցերում գրում են, որ Ազատության հրապարակից բերման ենթարկված երկու մարդու շտապ օգնության մեքենայով տարել են հիվանդանոց: Նրանցից մեկը՝ Երևանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանը, ուշագնաց է եղել, նա գլխին հարվածներ է ստացել կարմիր բերետավորների կողմից:

23:20 Խորենացի փողոցում՝ այն հատվածում, որը երեկվանից փակ է ոստիկանության կողմից, ոստիկանական ուժերի ակտիվ տեղաշարժ է նկատվում:

activepolice

23:00 ՊՊԾ գնդի տարածքում գտնվող Սասնա ծռեր խմբավորման անդամ Արեգ Կյուրեղյանը Armtimes.com-ի հետ զրույցում ասել է, որ այս պահին իրավիճակը լարված է, որովհետև «իշխանությունները դրսում նախապատրաստական աշխատանքներ են տանում»:

Կայքի հարցին, թե ի՞նչ նկատի ունի նախապատրաստական աշխատանքներ ասելով՝ Կյուրեղյանը պատասխանել է, թե «կողքը շինարարական աշխատանքներ են, զորքերի մոտենալ- հեռանալ»: 

«Դրսում գործողություններ են, չենք կարող ասել ինչ գործողություններ: Իշխանությունների կողմից»,- հավելել է Կյուրեղյանը: Նրա հետ ավելին զրուցել չի հաջողվել: 

A1plus.am-ը նույնպես նշում է, որ Կարո Եղնուկյանին զանգահարել է ՊՊԾ գնդում գտնվող Վարուժան Ավետիսյանը ու նշել է, որ տարածքի մոտ զինտեխնիկա է բերվում: Ազատության հրապարակում գտնվող Կարո Եղնուկյանը քիչ անց հայտարարել է, որ իրեն կրկին զանգել է Վարուժան Ավետիսյանը և տեղեկացրել, որ իր ահազանգից հետո նոր տեխնիկա շենքին չի մոտեցվում։

22:30 Երթի մասնակիցներն ընթացքում որոշել են նստացույց անել Մաշտոցի պողոտայում՝ պահանջելով ազատ արձակել բոլոր բերման ենթարկվածներ: Ոստիկանության ներկայացուցիչները հայտնել են, որ բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել: Քաղաքացիները որոշել են իրենք ճշտել ոստիկանության հայտարարության ճշմարտացիությունը, և, միայն մարդկանց ազատելու մասին տեղեկությունը ստանալով, դադարեցրել են նստացույցն ու շարունակել երթը` վերադառնալով Ազատության հրասպարակ:

20:55 Քաղաքացիները երթ են սկսել Երևանի փողոցներով: Նրանք վանկարկում են «Ազատ, անկախ Հայաստան»«Սերժիկ, սիկտիր», «Շանթ», «Ժիրայր»: Երթի մասնակիցները նաև կոչ են անում քաղաքացիներին միանալ իրենց:

20:20 Ոչ թալանին նախաձեռնությունը 19:00-ից  հանրային քննարկում է անցկացնում Ազատության հրապարակում՝ քննարկելով ՊՊԾ գնդի գրավումից հետո ստեղծված իրավիճակը: Կոչեր են հնչել երթով շարժվել դեպի Էրեբունի, որից հետո ոստիկանները պատ են կազմել՝ խանգարելով նրանց: Ոստիկանները ուժ են կիրառել, եղել են բերման ենթարկվածներ: ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի հետ սկսել է բանակցել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը: Պողոսյանը խոստացել է բոլոր բերման ենթարկվածներին բաց թողել, նաև ասել է, որ այս պահի դրությամբ գործողություններ ՊՊԾ գունդը գրավածների դեմ չեն նախատեսվում: Այժմ քաղաքացիները մնում են Ազատության հրապարակում, իսկ ոստիկանների թիվը հրապարակի մատույցներում կտրուկ ավելանում է:

20:00 Այսօր 14:45-ի սահմաններում Խորենացի 47 հասցեում գտնվող շենքի մոտից բերման ենթարկված Անտոն Իվչենկոյին Կենտրոնի ոստիկանության բաժնում հայտարարել են, որ բերման են ենթարկել ապօրինի զենք/զինամթերք ձեռքբերելու աջակցման կասկածանքով: Նույնը ասել են Իվչենկոյի հետ բերման ենթարկված Կարո Եղնուկյանին և Մաքսիմ Սարգսյանին:

Epress.am-ի հետ զրույցում Անտոն Իվչենկոն ոստիկանների ձևակերպումը անհեթեթ է որակել: Նա նշել է, որ ինքը բերման ենթարկվելուց առաջ պարզապես կանգնած է եղել լրագրողների կողքին Խորենացի 47 հասցեում գտնվող շենքի մոտ և լսել է, թե ինչ է ասում լրագրողների հետ զրույցում Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը: Ոստիկանների գործողություններն Իվչենկոյի համար անակնկալ են եղել: Վերջին ամիսների ընթացքում նա քայլում է հենակներով, քանի որ ապրիլին ընկել է և ազդրի ծանր վնասվածք ստացել: Բերման ենթարկելու պահին ոստիկանները Իվչենկոյի վիճակը հաշվի չեն առել՝ կոպտորեն տանելով դեպի ոստիկանական մեքենան, ինչը երևում է նաև տեսանյութում:

17:30  Հուլիսի 17-ի վաղ առավոտվանից Էրեբունի համայնքում գտնվող ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման անդամ,  «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանը պարզաբանել է, թե ինչու են իրենք բաց թողել պատանդ ոստիկաններից մեկին, ինչի մասին ավելի վաղ հայտնել էր ԱԱԾ-ն:

«Երիտասարդի նշանադրության արարողությունն էր մի քանի օրից նախատեսված, եւ իր կյանքի համար դա կարեւոր իրադարձություն էր: Մենք մարդասիրական մղումներից ելնելով` իրեն թույլ տվեցինք, որ գնա իր ընտանիքին, իր  ճակատագրին», – Armlur.am-ի հետ զրույցում ասել է Ավետիսյանը: 

Այժմ ՊՊԾ գնդի տարածքում 4 պատանդ է մնում:

16:00 Ազգային անվտանգության ծառայությունը 15:45-ին հայտարարություն է տարածել, որում նշում է, թե հուլիսի 18-ի ընթացքում ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքում գտնվող անձինք ապահովվել են սնունդով, ինչպես նաև անհրաժեշտ դեղորայքով:

«ՀՀ իրավապահ մարմինների կողմից իրականացված համալիր գործողությունների, այդ թվում՝ բանակցությունների արդյունքում բռնազավթված տարածքից դուրս է բերվել ևս մեկ պատանդ: Այդուհանդերձ, նման հուսադրող դրվագները դեռ չեն երաշխավորում ցանկալի վերջնարդյունքը ու չեն բացառում հնարավոր ողբերգական հետևանքները, որոնց համար պատասխանատվությունը կրելու են բացառապես այս հարձակման նախաձեռնողները», – մասնավորապես, ասված է հայտարարության մեջ

14:45 Քիչ առաջ Խորենացի Խորենացի 47 շենքի դիմաց, որտեղ արդեն 2-րդ օրն է ոստիկանները փակել են դեպի Էրեբունի համայնքի գրավված ՊՊԾ գունդ տանող ճանապարհը, ոստիկանները բռնությամբ բերման են ենթարկել 3 աղջիկների՝ Անուշիկ Հորությունյանին, Էլմոնե և Սիմոնե Եղնուկյաններին և մեկ երիտասարդի (անունը դեռևս հայտնի չէ)` պաստառ պատրաստելու համար։

Նրանք պաստառի վրա գրում էին ՝ «Էլ ելք չկա»։

elmoneghnukyan

Ոստիկանները չեն պարզաբանել՝ ինչու են բաժին տանում նրանց: Էլմոնե և Սիմոնե Եղնուկյանի հայրը՝ Կարո Եղնուկյանը, լրագրողների հետ զրույցում նշել է, որ ոստիկանները թիրախավորված են եկել և, առաջին հերթին, իր երկու աղջիկների վրա են հարձակվել. «Առանց խոսքի հարձակվեցին երկու աղջիկներիս վրա, կողքին մի քանի ընկերներ էլ կային, նրանց էլ ձեռի հետ տարան, որ չասենք՝ մենակ Եղնուկյանի աղջիկներին են տարել»:

Քիչ անց ոստիկանները տարածքից առանց բացատրությունների սկսել են նոր նմարդկանց բերման ենթարկել: Ոստիկանական մեքենա են մտցրել Կարո Եղնուկյանին, ինչպես նաև Անտոն Իվչենկոյին, ով ձեռնափայտերով կանգնած հետևում էր իրադարձություններին, և Մաքսիմ Սարգսյանին:

Նախնական տեղեկություններով՝ բերման ենթարկվածներին տարել են Էրեբունիի ոստիկանության բաժանմունք: 

11:45 Էրեբունի համայնքում գտնվող ՊՊԾ գունդը գրավածներից մեկը՝ Պավել Մանուկյանը, ԶԼՄ-ների հետ զրույցում ասել է, որ այս պահին իրավիճակը հանգիստ է, գնդի տարածքում գտնվում են 5 պատանդներ: Մանուկյանը նշել է, որ իրենց պահանջները նույնն են մնում և հանձնվելու մտադրություն չունեն:

07:45 Հուլիսի 17-ի վաղ առավոտվանից Էրեբունի համայնքում գտնվող ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման («Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության մաս է) անդամները շարունակում են իրենց դիրքերում մնալ՝ պահելով ոստիկան պատանդներին: Հարձակվողները պահանջում են ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդներից Ժիրայր Սեֆիլյանին, ով մոտ մեկ ամիս առաջ ձերբակալվել էր զենք-զինամթերք ապօրրինի տեղափոխելու կասկածանքով: Բացի դա, խմբավորման անդամները պահանջում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը:

Երեկ գունդը գրավածներին այցելել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ այցից հետո հետևյալ տեսանյութը ներկայացնելով.

Ոստիիկանությունը փակ է պահում դեպի ՊՊԾ գունդ տանող բոլոր ճանապարհները. գիշերվա ընթացքում այդ տարածքում ոստիկանական մեքենաների տեղաշարժ է նկատվել: Երեկ հարձակման ընթացքում փոխհրաձգություն է սկսվել, որի հետևանքով մահացել է ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը: Ոստիկան պատանդները 7-ն են եղել. «Սասնա ծռեր» խմբավորման անդամները պահել են իրենց մոտ բանակցությունների եկած ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսպիյանին: «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանի խոսքով՝ դա արվել է հարձակվողների համար անվտանգության երաշխիքներ ապահովելու նպատակով: 

Գիշերը Վարուժան Ավետիսյանը Armlur.am-ի հետ զրույցում նշել է, որ որպես բարի կամքի դրսևորում մեկ ոստիկան ազատ է արձակվել:

Երեկ գիշերը ոստիկանության բաժանմունքներից ազատ են արձակվել քաղաքացիները, որոնց օրվա ընթացքում ոստիկանության աշխատակիցները բերման էին ենթարկում հիմնականում Ազատության հրապարակից:

Երեկվա դեպքերի բոլոր մանրամասները՝ այստեղ:

zrahameqena