Եթե ՊՊԾ գունդը գրաված խումբը անհապաղ վայր դնի զենքը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստ է հանդիպել «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության առաջնորդներից Ժիրայր Սեֆիլյանին, ով այս պահին կալանավորված է: Այս մասին ասված է Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պատգամավոր Վիտալի Բալասանյանի (լուսանկարում) հայտարարության մեջ, որը տարածել է «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը: Բալասանյանը հուլիսի 17-ին ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամների և իշխանությունների միջև բանակցություններում միջնորդ էեղել, իսկ խմբի անդամների մի մասը նաև «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության ներկայացուցիչ են:
Վիտալի Բալասանյանի հայտարարությունը.
«Հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերն իմ միջնորդությամբ ՀՀ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանը այցելել էր զինված խմբի տղաներին, բավականին ժամանակ քննարկել են պատանդներին ազատ արձակելու հետ կապված հարցեր, այլ հարցեր ևս: Պարոն Կուտոյանը նաև առաջարկեց, որպեսզի տղաներից մեկը, որը վիրավոր է և որին տեղում աշխատող բժիշկները կարող են անկարող լինել փրկել, տեղափոխել հիվանդանոց անհրաժեշտ մասնագիտացված ստացիոնար բուժօգնություն տրամադրելու համար: Ցավոք այդ հարցը դրական պատասխան այդպես էլ չստացավ: Չնայած տղաների մերժմանը՝ մենք հաջորդ առավոտյան վիրաբույժ ուղարկեցինք գնդի տարածք, որին նույնպես թույլ չտրվեց անհրաժեշտ միջամտություն կատարել:
Ինչ վերաբերում է պատանդների ազատ արձակմանը, ապա այդ մասով ես գոհ եմ պրոցեսից: Զինված խմբի տղաներին, նախնական պայմանավորվածության համաձայն, տրամադրվել է մամուլի հետ շփումների ամենալայն հնարավորություն: Ցավոք զինված խմբի տղաները չհարգեցին պետության հիմնական պահանջը, այն է՝ լրատվամիջոցների առաջ հանդես գալ բացառապես առանց զենքի: Կազմակերպեցին զենքի ու ռազմականության բացահայտ ցուցադրություն, այնուհետև էլ ուղիղ եթերում սկսեցին օդ կրակել: Ես սա խստորեն դատապարտում եմ և անընդունելի եմ համարում:
Ինչևէ, հետևելով Նախագահ Սարգսյանի կոչին, պետական գերատեսչությունները, որոնց հետ ես շարունակում եմ բանակցել, պատրաստ են սպառել զինված խմբի խաղաղ հանձնվելուն ուղղված բոլոր միջոցները: Կոչ եմ անում նաև քանի դեռ ուշ չէ, քանի դեռ հնարավոր է դա անել, ուշքի գալ և կատարել Հայաստանի Սահմանադրության և օրենքների միանշանակ պահանջը: Դրա համար ձեզ պետական մարմինները էլի են պատրաստ մամուլի հետ շփում կազմակերպել, եթե դրա կարիքը կա՝ ինչ-որ բաներ բացատրելու համար բոլորին: Բայց այս անգամ պատրաստ են դա անել բացառապես առանց զենքի, և հանրության համար բաց, հետևաբար լրագրողների համար անվտանգ տարածքում: Դրանից հետո պետք է անհապաղ վայր դնեն զենքը:
Կոչ եմ անում նաև տղաներին, քանի դեռ ուշ չէ անհապաղ իշխանություններին հանձնել վիրավոր տղային, ով նաև, ըստ տեղեկությունների, Ոստիկանության գնդապետին սպանողն է: Նրան շտապ բուժօգնություն է պետք, տղանե՛ր, ևս մեկ զոհ ոչ մեկին հարկավոր չէ: Ես կարծում եմ, որ տղաները պետք է օգտվեն այս վերջին հնարավորությունից:
Իմ միջնորդությամբ իշխանության բարձրաստիճան ներկայացուցչի հետ միասին, որին ներկա էր նաև «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը, մենք «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում հանդիպել ենք Ժիրայր Սեֆիլյանի հետ և քննարկել ենք տարբեր հարցեր: Ժիրայր Սեֆիլյանը այդ պահի դրությամբ որևէ խոսք չի ասել, ավելին՝ պնդել է, որ այս պահի դրությամբ ինքը հրաժարվում է Նախագահի հրաժարականի պահանջից: Ժիրայր Սեֆիլյանը բարձրացրել է իրենց հուզող ազգային նշանակության հարցեր, որոնք մենք խոստացել ենք փոխանցել Հանրապետության Նախագահին: Մենք անմիջապես կատարել ենք մեր խոստումը, փոխանցել ենք հարցերը: Արդեն ունենք նաև Հանրապետության Նախագահի դիրքորոշումը. այն է՝ տղաների կողմից զենքն անհապաղ վայր դնելուց և հանձնվելուց հետո նա պատրաստակամություն է հայտնել հրավիրելու Ժիրայր Սեֆիլյանին և բացատրելու իրականությունը և հեռանկարները»: