Սահմանադրական դատարանն այսօր վճռել է, որ անձին կալանավորելու մասին միջնորդությունները դռնփակ քննելը չի հակասում արդար դատաքննության սահմանադրական իրավունքին։ ՍԴ֊ն գրավոր ընթացակարգով քննություն անցկացնելով՝ վճռել է մերժել փաստաբաններ Տիգրան Եգորյանի և Դավիթ Գյուրջյանի դիմումը։
Գյուրջյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ դիմումը բերվել էր անցյալ տարի ապրիլին Վարուժան Ավետիսյանի և Պավել Մանուկյանի կալանքի միջնորդությունները դռնփակ քննելու գործով։ Ավետիսյանն ու Մանուկյանը 2015-ին ձերբակալվել էին այն ժամանակ, երբ հանդիսանում էին «Հարյուրամյակն առանց ռեժիմի» շարժման ներկայացուցիչներ։
Վիճակրվող հոդվածը՝ Քրեական դատավարության 283-րդ հոդվածի առաջին մասը սահմանում է, որ դատական հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին միջնորդությունները քննվում են դռնփակ: Գյուջյանն ասել է, որ իրենց դիմումի համաձայն, այդ դրույթը հակասում է Սահմանադրության 63֊րդ հոդվածին՝ (Արդար դատաքննության իրավունքը): Փաստաբանը նշել է, որ դեռ չեն ստացել ՍԴ֊ի որոշումն ու հիմնավորումները, իսկ ստանալուն պես հնարավոր կլինի մանրամասն անդրադառնալ Դատարանի որոշմանը։