ՀՀ քննչական կոմիտեն քննություն է սկսել Վանաձորի բժշկական կենտրոնում ծննադաբերած 32-ամյա Հռիփսիմե Նազլուխանյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Նազլուխանյանը ծննդաբերել է հոկտեմբերի 17-ին, մահը վրա է հասել հոկտեմբերի 18-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում։ Կինը որպես առաջնածին բժշկական կենտրոն էր դիմել սեպտեմբերի 26-ին։
«Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Բացատրություններ են վերցվել բուժսպասարկումն իրականացնող անձնակազմի անդամներից, առգրավվել հիվանդության պատմությունը», ֊ նված է ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության մեջ:
News.am կայքի հետ զրույցում Նազլուխանյանի սկեսուրը՝ Քնարիկ Մնացականյանը, ասել է, որ հիվանդանոցում 21 օր պահելուց հետո բժիշկներն առաջարկել են հարազատներին՝ «եկեք դեղ դնենք, երեխեն ազատվի»:
«Ասինք՝ հո ապասնի բան չկա՞, ասին` չէ: Դեղ դրեցին երեխուս, ազատվեց երեխես՝ 18:30: Եկանք տուն` մաղարիչ անելու, մեր տանը լիքը ժողովուրդ: Մեկ էլ իմ հարսը զանգեց, թե՝ այ մամ, մեռնում եմ, հասեք, արնահոսում եմ»,- պատմել է Քնարիկ Մնացականյանը:
Նրա խոսքով՝ իրենք անմիջապես գնացել են ծննդատուն, որտեղից հետո քաղաքի տարբեր թաղամասերից իրենց բնակարաններից կենտրոն են հասցրել համապատասխան մասնագետներին:
Կայքը փոխանցում է, որ բժիշկները հարազատներին առաջարկել են կնոջ կյանքը փրկելու համար հեռացնել արգանդը: Նրանք համաձայնել են, սակայն կնոջ կյանքը փրկել չի հաջողվել:
«Գնաց, 10 րոպե չտևեց, եկավ ասեց` մահացավ»,- նշեց սկեսուրը:
News.am֊ի փոխանցմամբ՝ կնոջ հարազատները վճռական են տրամադրված. անելու են ամեն ինչ, որ մեղավորները պատժվեն: