2015-2016 թվականներին՝ ամառային և ձմեռային զորակոչի ընթացքում մեծ թվով զինծառայողներ զորակոչվել են առողջական խնդիրներով, միևնույն ժամանակ 65 քաղաքացի հոգևորական լինելու հիմքով՝ տարկետումով ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից։ Այս մասին դեկտեմբերի 2-ին «Մեդիա կենտրոն»-ում հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի գրասենյակի (ՀՔԱՎ)-ի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը։
Համաձայն բանախոսի, 2015-2016 թվականների երկու զորակոչերի ընթացքում կազմակերպություն են դիմել 57 զորակոչիկներ` նրանց բացարձակ մեծամասնությունն առողջական խնդիրների հետ կապված։ Զորակոչիկները, ըստ Սաքունցի, ստացել են ոչ պատշաճ բուժզննություն և ճանաչվել են պիտանի զինվորական ծառայության։
Ասուլիսի մեկ այլ բանախոս՝ կազմակերպության խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանի խոսքով՝ ՀՔԱՎ-ի իրավաբանական խորհրդատվությունից հետո, այնուամենայնիվ, 6 հոգի ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից։
«11 հոգի զինվորական ծառայությունից տարկետաման որոշում է ստացել, 7 հոգի ճանաչվել է զինվորական ծառայությանը պիտանի, սակայն մենք, հիմնվելով բժշկական փաստաթղթերի վրա, վստահ ենք, որ նրանք ունեն առողջական խնդիրներ։ Այդ մարդիկ, որոնք, այնուամենայնիվ, ճանաչվել են պիտանի, հրաժարվել են զինվորական ծառայությունից։ 17 հոգի, սակայն, ունենալով առողջական խնդիրներ, այնուամենայնիվ որոշել է ծառայել՝ հետագայում խուսափելու խնդիրներից, նաև վախից է կայացրել այդ որոշումը», -նշել է Սադիկյանը։
Սաքունցն անդրադարձել է նաև այն հանգամանքին, որ նորակոչի տարիքի մարդկանց բժշկական զննությունն անկախ չէ․ «Ակնհայտ է՝ կա ընտրողական մոտեցում բժշկական զննության տեսանկյունից՝ զորակոչիկների և մյուս քաղաքացիների նկատմամբ։ Քաղաքացիական բժիշկները կաշկանդված են իրենց բժշկական եզրակացություններով և խուսափում են այնպիսի օբյեկտիվ գնահատականներից, որ հիմք կտան քաղաքացուն վիճարկելու զորակոչի պիտանելիության հարցը»։
Իրավապաշտպանի խոսքով՝ զորակոչիկին պետք է բժշկական զննություն ենթարկի և ախտորոշում տա ոչ թե ռազմաբժշկայան հանձնաժողովը, այլ սովորական բժիշկը․ «Պետք է լինի քաղաքացիական հիվանադանոց։ Քանի որ հակառակ դեպքում, դա կաշկանդում է բժշկության օբյեկտիվությունը․․․Զորակոչը չպետք է կազմակերպի պաշտպանական գերատեսչությունը։ Քանի որ, ըստ կառուցվածքի, զինկոմիսարիատները գլխավոր շտաբի ենթակառույցներ են։ Գլխավոր շտաբը զինվորական ծառայության կազմակերպողն է։ Այսինքն, ինքը շահագրգռված է մարդկանց զորակոչելու և ինքն էլ միաժամանակ որոշում է պիտանի են, թե պիտանի չեն»։
Սաքունցի կարծիքով՝ զինվորական կոմիսարիատները պետք է առհասարակ լուծարվեն և լինեն գործակալություններ։
Բանախոսն անդրադարձել է նաև այն հանգամանքին, որ այս տարի Կառավարության կայքում չի նշվել, թե պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստացած անձիք ինչ հիմքով են այն ստացել։
«2015-2016 թվականներին ձմեռային զորակոչի ընթացքում պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է 62 քաղաքացի։ Սակայն ինչ հիմքով է նրանց տարկետում տրամադրվել, նշված չէ․․․ Բավական հետաքրքիր մի հանգամանք․ ամառային զորակոչի ընթացքում 65 հոգի, որոնց դեպքում նույնպես չի նշվում՝ ինչ հիմքով են ստացել տարկետում… Պարզվում է, որ նրանք ևս մեկ անգամ ստացել են տարկետում հոգևորական լինելու հիմքով։ Սա անհիմն է, դա հիմք չէ տարկետում ստանալու համար․․․ Այն պատկերի ֆոնին, երբ հիվանդ երեխաների զորակոչում են, սա բացարձակ հիմնավորում չունի»։