«Նուբարաշեն» ՔԿՀ-ի ստորին հարկում գտնվող խցերից մեկի պայմանները այնքան անմխիթար են եղել, որ այնտեղ այցելած դիտորդները դիմել են Արդարադատության նախարարությանը՝ առաջարկելով այնտեղ գտնվող անձանց պահման պայմանները բարելավելու ուղղությամբ՝ կա՛մ անհապաղ տեղափոխելով այդ անձանց այլ ՔԿՀ-ներ, կամ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում այլ խուց։ Նախարարությանը նաև առաջարկվել այլևս ընդհանրապես չբնակեցնել այդ խուցը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը։
Դիմումը նախարարություն ուղարկվել է դեկտեմբերի 16-ին, մինչ այժմ պատասխան չկա. մինչդեռ hրատապ հաշվետվության կապակցությամբ մեկնաբանությունները պետք է տրվեն երեք օրվա ընթացքում։
«Մասնավորապես, անզեն աչքով նկատելի էին բազմաթիվ խավարասերներ, որոնք մեծաքանակ խմբերով գտնվում էին և՛ առաստաղի, և՛ պատերի, և՛ սնունդ (հաց) պարունակող տուփերում: Բացի միջատներից, առկա էին նաև այլ խնդիրներ՝ խցի օդի խոնավությունը ակնհայտորեն բարձր էր, օդափոխություն չէր կատարվում, քանի որ պատուհանը բացելիս դրսից ջուր էր լցվում խուց`գետնից ցածր մակարդակի վրա լինելու պատճառով: Խցի պատերի վրա խոնավությունից գոյացել էր բորբոս։ Անկողնու պարագաները նույնպես խոնավ էին։ Պատուհանի դիրքի և խցի կիսանկուղային լինելու արդյուքնում բավարար չէր նաև խցի լուսավորությունը։ Բացի այդ, խցի անմիջապես հարևանությամբ արձանագրվել է կեղտաջրերի արտահոսք, որի արդյունքում ՔԿՀ ստորին հատվածում մշտապես առկա կեղտաջրերի հոտը դարձել էր չափազանց ուժեղ»,֊ ասված է հայտարարությունում։
Ըստ փորձագետների՝ նման պայմաններում ազատությունից զրկված անձանց պահելը, համակցության մեջ գնահատելով, հավասարազոր է անմարդկային վերաբերմունքի։