Հայաստանի համար հարևան Թուրքիան կարևոր տնտեսական գործընկեր է․ 2015 թվականի տվյալներով Հայաստանից արտահանումների առումով Թուրքիան 21֊րդն երկիրն է, իսկ ներկրումների առումով՝ 10֊րդը։ Եվ դա փակ սահմանի պայմաններում։
Փետրվարի 21-ին կայացած «Հայ֊թուրքական հարաբերությունները, պատերազմի և խաղաղության միջև» քննարկման ժամանակ տնտեսագետ, Երևանի նախկին քաղաքապետ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ Վահագն Խաչատրյանը ներկայացրել է իր գնահատականները՝ խոսելով այն մասին, թե ինչ կտա Հայաստանին սահմանի բացումը։
Ըստ նրա՝ Թուրքիայի պես զարգացած տնտեսություն ունեցող հարևան «շատերը կերազեին ունենա, իսկ մենք չենք օգտվում»։ Բայց սահմանի բացումը, ըստ Խաչատրյանի, բացի մեծ տնտեսական հնարավորություններ բացելուց, կարևոր է նաև քաղաքակրթական առումով․ «Ի վերջո, ինչ ենք թողնելու սերունդներին։ Էս Ցեղասպանության բեռով, էս ատելությամբ, իրար չսիրելով, զարգանալ չի լինելու»։
Բաց թողնված հնարավորություններ
Վահագն Խաչատրյանի խոսքով՝ 1993 թվականին սահմանը փակվելուց հետո Հայաստանը կորցրել է մի շարք տարածաշրջանային ենթակառուցվածքների մաս դառնալու և դրանք օգտագործելու հնարավորությունը։ Մասնավորապես, այժմ գորշում է Բաքու֊Թբիլիսի֊Կարս երկաթգիծը․ այդ ուղուց Հայաստանը դուրս է մնացել։
«Մենք ունեինք պատրաստի երկաթգիծ, որը օգտագործվել է սովետական տարիներին՝ մինչև 1993 թիվը, [դա] Հայաստանի Հանրապետությունն էլ է օգտագործել։ Դրա ամենամեծ առավելությունը Նախիջևանով դուրս գալն էր Իրան, Պարսից ծոց», ֊ ասել է Խաչատրյանը։
Հայաստանը դուրս է մնացել նաև Բաքու֊Ջեյհան նախագծից։
«Նավթամուղն և գազամուղը պետք է անցնեին Հայաստանով։ Ես ինձ հետ բերել եմ փաստաթղթեր, որ համոզվեք՝ էդ ամեն ինչը ձև չի եղել։ էդ հնարավորությոոնները ուղղակի մենք կորցրել ենք։ 1998 թվականին, երբ ասեցին, թե էս ամեն ինչը բլեֆ ա, նավթամուղ չի կառուցվի, գազամուղ չի կառուցվի, պարզվեց, որ կառուցվեց, լավ էլ աշխատում է, ու ընդլայնվում», ֊ ասել է տնտեսագետը։
Հայաստանը, Խաչատրյանի խոսքով, կորցրել է նաև թուրքական նավահանգիստներից օգտվելու հնարավորությունը, հետևաբար նաև ելքը դեպի Միջերկրական ծով։ Թուրքական նավահանգիտներն ավելի ժամանակակից են, քան վրացականները և տասն անգամ ավելի էժան սպասարկման ծախսեր են առաջարկում։
Ինչու չբոյկոտել թուրքական ապրանքները
Տնտեսագետն անդրադարձել է Հայաստանում արված մի շարք քաղաքական հայտարարություններին և ակցիաներին՝ ուղղված թուրքական արտադրանքը բոյկոտելուն։ Ըստ հաշվարկների՝ Թուրքիայի համար Հայաստանն այդքան էլ կարևոր ու մեծ շուկա չէ․ Հայաստանի տեսակարար կշիռը Թուրքիայի արտահանման մեջ կազմում է ընդամենը 0.09 տոկոս: Այսինքն՝ Թուրքիայի տնտեսությունն այդ հարվածը չի էլ զգա։
«Հետաքրքիր է՝ այդ բոյկոտի կոչ անողները, եթե գնային հիմա Բագրատաշեն և տեսնեին թուրքական ապրանքները հայկական պիտակներով ոնց են մտցնում Ռուսաստան, ինչ կասեի՞ն․ դա լավ է թե վատ», ֊ հարցրել է Խաչատրյանը։
Բոյկոտի փաստարկումներից մեկն այն էր, որ եթե չլինեն թուրքական ապրանքները, տեղական արտադրանքն ավելի լավ կսպառվի։ Տնտեսագետը նշում է՝ տնտեսությունը պետք է զարգացնել ոչ թե հովանավորչություն տալով այս կամ այն տնտեսվարողին, այլ ազատ մրցակցության պայմաններում։
«Կան լրացուցիչ լծակներ՝ սահմանին մաքսատուրք դնելով թուրքական ապրանքների գինը բարձրացնել։ Մեզ մոտ հակառական է լինում, մեր մեծահարուստները թուրքական ապրանքները բերում են առանց մաքսազերծելու», ֊ ասել է Խաչատրյանը։
Հայաստանի գյուղատնտեսությանը, ըստ տնտեսագետի, թուրքական լոլիկի ու վարունգի արգելելը չի փրկի։
«Գյուղատնտեսությունը շեշտելով որպես տնտեսության կարևորագույն ճյուղ, որտեղ աշխատում է 430.000 մարդ, որն ապահովում է ՀՆԱ֊ի 15-20 տոկոսը, մենք ոչինչ չենք անում, բացի գյուղացուն պատժելուց։ Ես նկատի ունեմ բարձր տոկոսադրույքով վարկեր, չապահովագրված գյուղատնտեսություն, այսպիսի կլիմիայական պայմաններ․․․», ֊ ասել է նա։