Ապրիլի 26-ին ձերբակալվել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի համակարգող Մարինե Պապյանը։ Այս մասին այսօր հայտնել է ՀՀ Քննչական կոմիտեն։
Պապյանին ձերբակալել են ԵՄ պատվիրակության կողմից հատկացվող դրամաշնորհի գումարներից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով:
Քննչական կոմիտեն նշում է, որ քրեական գործով առանձնապես խոշոր չափերի գումարների հափշտակության, հափշտակությանն օժանդակելու, ինչպես նաև մի խումբ անձանց կողմից փաստաթղթի կեղծիք կատարելու համար մինչև Պապյանը որպես մեղադրյալ է ներգրավվել 13 անձ՝ Տիգրան Սուքիասյանը, Գևորգ Ղազարյանը, Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը, Արմեն Բարեղամյանը, Անահիտ Ավագյանը, Սերգեյ Բալասանյանը, Դինա Մանուկյանը, Կարեն Ստեփանյանը, Թերեզա Դիլանյանը, Ալեքսանդր Պողոսյանը, Հրայր Գյոնջյանը, Գարիկ Չիլինգարյանը և Գեղամ Պետրոսյանը։ Վերջին երեքի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: