Հայերն ու վրացիներն ամենաշատն են ազգային ինքնությունը կապում իրենց կրոնի հետ: Այս և կրոնի՝ քաղաքական դերի մասին այլ բացահայտումներ է այսօր հրապարակել Pew Research Center ամերիկյան կազմակերպությունը, որը հետազոտություն է անցկացրել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում, որտեղ նախորդ դարում պետությունների կողմից քարոզվել է աթեիզմը։
Այսպես, ըստ սոցիոլոգիական հետազոտության, վրացիների 81 տոկոսը և հայաստանցիների 82 տոկոսը կարծում են, որ ուղղափառ (հայաստանցիների դեպքում՝ առաքելական) քրիստոնյա լինելը կարևոր է, համապատասխանաբար, վրացի և հայ համարվելու համար։
Հետազոտության հեղինակներն ուշադրությունը հրավիրում են այն փաստի վրա, որ կաթոլիկ քրիստոնյա մեծամասնություն ունեցող երկրներում մարդիկ կրոնի և էթնիկ պատկանելության կապն այդքան մեծ չեն համարում․ օրինակ, Հունգարիայում և Լիտվայում նման անքակտելի կապ տեսնում են հարցվածների, համապատասխանաբար, 43 և 56 տոկոսը։
«Շատ մարդկանց համար կրոնը և ազգությունը կապելը հասնում է նրան, որ այդ մարդիկ արդարացնում են նաև եկեղեցու և պետության կապը», ֊ նշում են զեկույցի հեղինակները։
Մասնավորապես, ոչ կաթոլիկ քրիստոնյա երկրներում հարցվածների ավելի քան մեկ երրորդ մասն ասել է, որ պետական քաղաքականությունը պետք է ուղղված լինի իրենց կրոնի տարածմանը, իսկ եկեղեցին պետք է պետությունից ֆինանսական աջակցություն ստանա։ Կաթոլիկ երկրներում քիչ մարդիկ են այս կարծիքին։