Home / Կրթություն / Հայերն ու վրացիները ազգային ինքնությունը կապում են կրոնի հետ․ հետազոտություն

Հայերն ու վրացիները ազգային ինքնությունը կապում են կրոնի հետ․ հետազոտություն

Հայերն ու վրացիներն ամենաշատն են ազգային ինքնությունը կապում իրենց կրոնի հետ: Այս և կրոնի՝ քաղաքական դերի մասին այլ բացահայտումներ է այսօր հրապարակել Pew Research Center ամերիկյան կազմակերպությունը, որը հետազոտություն է անցկացրել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում, որտեղ նախորդ դարում պետությունների կողմից քարոզվել է աթեիզմը։

Այսպես, ըստ սոցիոլոգիական հետազոտության, վրացիների 81 տոկոսը և հայաստանցիների 82 տոկոսը կարծում են, որ ուղղափառ (հայաստանցիների դեպքում՝ առաքելական) քրիստոնյա լինելը կարևոր է, համապատասխանաբար, վրացի և հայ համարվելու համար։

Հետազոտության հեղինակներն ուշադրությունը հրավիրում են այն փաստի վրա, որ կաթոլիկ քրիստոնյա մեծամասնություն ունեցող երկրներում մարդիկ կրոնի և էթնիկ պատկանելության կապն այդքան մեծ չեն համարում․ օրինակ, Հունգարիայում և Լիտվայում նման անքակտելի կապ տեսնում են հարցվածների, համապատասխանաբար, 43 և 56 տոկոսը։

«Շատ մարդկանց համար կրոնը և ազգությունը կապելը հասնում է նրան, որ այդ մարդիկ արդարացնում են նաև եկեղեցու և պետության կապը», ֊ նշում են զեկույցի հեղինակները։

Մասնավորապես, ոչ կաթոլիկ քրիստոնյա երկրներում հարցվածների ավելի քան մեկ երրորդ մասն ասել է, որ պետական քաղաքականությունը պետք է ուղղված լինի իրենց կրոնի տարածմանը, իսկ եկեղեցին պետք է պետությունից ֆինանսական աջակցություն ստանա։ Կաթոլիկ երկրներում քիչ մարդիկ են այս կարծիքին։