Իրավապահ մարմինները պատժում են «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Լամբարյանին՝ խոչնդոտելով նրա մորն այցելել իրեն։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Լամբարյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը։
Ըստ դատարանի որոշման՝ հունիսի մեկից հանվել է Լամբարյանի, ինչպես նաև «Սասնա ծռեր» խմբի մյուս անդամներ Աշոտ Պետրոսյանի և Արայիկ Խանդոյանի տեսակցությունների վրա դրված արգելքը, և մոտ մեկ տարի անց նրանց հարազատները վերջապես կարող են տեսակցել նրանց։ Լամբարյանի մորը, սակայն, ով Սպիտակ քաղաքից հասել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, թույլ չեն տվել տեսակցել որդուն՝ պահանջելով ցույց տալ Լամբարյանի ծննդականը համոզվելու համար, որ նրա մայրն է։
«2016 թվականի օգոստոսից, ինչ Լամբարյանը գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոցում», նրա մայրը ամեն շաբաթ այցելել է ու հիվանդանոցի բոլոր ծառայողները ճանաչել են նրան որպես Լամբարյանի մայր, որովհետև փոխանցված հանձնուքների քարտերի մեջ նշվել են Արմեն Լամբարյանի մայրիկի տվյալները։ Իսկ այսօր եկել է տեսակցության, ասել են՝ ծննդյան վկայական բեր, որ համոզվենք՝ դու Արմեն Լամբարյանի մայրն ես»,- նշել է Պապիկյանը։
Փաստաբանի խոսքով՝ նման քայլն անմարդկային խոշտանգում է Լամբարյանի և նրա հարազատների նկատմամբ։ Պապիկյանը նշել է, որ իրավապահների նման քայլից հետո կտրուկ վատացել է Լամբարյանի մոր ինքնազգացողությունը, և նրա համար ստիպված են եղել շտապօգնություն կանչել․ «Սա պատժի տեսակ է։ Լամբարյանին հետապնդում են և հենց այսպես են պատժում։ Սա ապօրինի և աղաղակող գործընթաց է, որով իրավապահները պատժում են Լամբարյանին և նրա ընտանիքին»։
Պապիկյանը նաև տեղեկացրել է, որ տվյալ խնդրի առնչությամբ ինքն արդեն դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին, սակայն այնտեղից տեղեկացրել են, որ այդ հարցում իրենք ոչնչով չեն կարող օգնել։
Հիշեցնենք, որ ամռանը «Սասնա ծռեր» խմբի կազմում ՊՊԾ գունդը գրաված Արմեն Լամբարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ Ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ կազմակերպված խմբի կողմից անձին պատանդ վերցնելը կամ պատանդ պահելը, որը կատարվել է պատանդին ազատելու պայմանով պետությանը, կազմակերպությանը կամ քաղաքացուն որևէ գործողություն կատարելուն կամ որևէ գործողություն կատարելուց ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ կազմակերպված խմբի կողմից շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը, 235-րդ հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ 1) Կազմակերպված խմբի կողմից 2) Կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը։