Home / Բանտ / Դատապարտյալներին թույլ չեն տալիս օգտվել թեժ գիծ զանգելու իրավունքից. Aravot.am

Դատապարտյալներին թույլ չեն տալիս օգտվել թեժ գիծ զանգելու իրավունքից. Aravot.am

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկնի վարչակազմն արգելում է դատապարտյալներին գրաֆիկից դուրս օգտվել զանգի իրավունքից և թեժ գծով ահազանգել իրավասու մարմիններին։

Այս մասին գրել է Aravot.am կայքը, որի փոխանցմամբ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալներից մեկը պայմանների ու առողջության հետ կապված ցանկացել է զանգահարել ՄԻՊ-ի թեժ գծին, սակայն նրան չեն թույլատրել զանգահարել՝ պատճառաբանելով, որ գրաֆիկով նրա զանգելու հերթը 15 օր հետո է լինելու։

«Լավ, ինչի՞ համար են թեժ գծերը, մեռնելուց հետո ինչի՞ս է պետք թեժ գիծը»,- կայքի հետ զրույցում նշել է խմբագրություն ահազանգած դատապարտյալը:

Դատապարտյալը նաև տեղեկացրել է, որ ամեն անգամ ՄԻՊ-ի գրասենյակի աշխատակիցներն ասում են, որ թեժ գծից օգտվելը գրաֆիկի հետ կապ չունի և դատապարտյալները կարող են ահազանգել յուրաքանչյուր պահի, սակայն աշխատակիցների հեռանալուն պես ՔԿՀ-ի աշխատակիցները վախեցնում են` ասելով. «Նայի, որ գոնե գրաֆիկի օրը կարողանաս զանգես»:

Ահազանգող դատապարտյալի խոսքով՝ երբ իրենք զանգելու հնարավորություն են ստանում, ՔԿՀ-ի աշխատակիցները կանգնում են իրենց կողքին և թույլ չեն տալիս «վտանգավոր տեղեր չզանգել»:

Կայքի հետ զրույցում, սակայն, Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից պնդել են, որ նման բան չի կարող լինել, և դատապարտյալներն առանց խնդրի օգտվում են թեժ գիծ զանգելու հնարավորությունից։