ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության նոր առաջարկը՝ Սևանա լճից թույլատրելիից մոտ 160 տոկոսով ավել ջուր բաց թողնելը, կնվազեցնի լճի մակարդակը 150 սմ֊ով։ Այս մասին այսօր ահազանգել է «Սևան» ազգային պարկի գլխավոր հատակագծի հեղինակ Գագիկ Սուխուդյանը «Նոյան տապան» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
Փորձագետը հույս չունի, որ վաղը, արտահերթ նիստում հարցը քննարկելով, Ազգային ժողովը կմերժի Կառավարության նախագիծը․ իշխանությունը Սևանին վերաբերվում է որպես կառավարելի ջրամբարի։ Ըստ Սուխուդյանի՝ Սևանի ջրի մակարդակը նոր էր բարձրացվել և ջրի որակը սկսել էր լավանալ։
«2 շաբաթ առաջ վարչապետը հայտարարեց, որ Սևանը կուտակել է 1 միլիարդ խորանարդ մետր ավել ջուր, և հանձնարարեց գերատեսչություններին ծախսել այդ ջուրը 3 տարվա ընթացքում։ 1 միլիարդ խորանարդ մետրն այլ ծախսելու ձև չունի, ուղղակի պետք է իջեցվի։ Եթե բաժանում ենք 3 տարում, անում է 330 միլիոն տարեկան, գումարենք 170 խմ֊ը, որն օրենքով թույլատրվում է [բաց թողնել], անում է մոտավոր 500 խորանարդ մետր, այն է՝ 50 սանտիմետր անկում՝ տարեկան։ Ինչո՞ւ չի աշխատում Արփա֊Սևան թունելը։ 48 կիլոմետրանոց թունել կառուցելը հեշտ բան չէր։ Այն պետք էր 250 միլիոն խորանարդ մետր ջուրը բերեր դեպի Սևան, սակայն, քանի որ չի գործում, այդ ջուրը գնում է Նախիջևան», ֊ ասել է Սուխուդյանը։
Ըստ նրա՝ Սևանին ջուր չի բերում նաև «Որոտան» ՀԷԿ֊երի կասկադը, որը սեփականաշնորվել է (ամերիկյան «Քոնթուր գլոբալ»֊ի կողմից֊խմբ․)։
«Որոտանը պետք է Սևանին տար 165 միլիոն խորանարդ մետր ջուր, դա անում է կասկադի հզորությոան ուղիղ 25 տոկոսը։ Ջուրը Որոտանի թունելով պետք է մտներ Կեչուտ (ջրամբար), Կեչուտից գնար Սևան։ Չեղավ էդ բանը, քանի որ ոչ մի սեփականատեր չի առել այդ կասկադը, որպեսզի նվիրատվություն անի Սևանին»,֊ ասել է նա։
Սևանի մակարդակի բարձր մնալը ձեռնտու չէ ափին սեփականություն ունեցողներին և հիդրոէլեկտրականությանբ զբաղվող բիզնեսներին։
«Սևանն ունի ափամերձ կառուցապատում, գրեթե ամբողջ 240 կիլոմետր պարագծով, ուղղակի Սևանը կառուցապատված է ամառանոցներով, ռեստորաններով, Սևանի բարձրանալը վտանգում է սեփականատերերին, քանի որ ներդրումներ են արվել։ Այլ հարց է, որ դա արվել է անօրինական կերպով։ Մյուս հարցը՝ օգուտ է ՀԷԿ֊երին։ 80 տոկոսով ավելանում է նրանց հզորությունը։ Ամուլսարը (ոսկու հանքավայր), Սոտքը (գործող ոսկու հանք), ՀԷԿ֊երը խեղդում են Սևանը»»,֊ ասել է «Սևան ազգային» պարկի գլխավոր հատակագծի հեղինակը։
Նշենք, որ Սևանից ջրի հոսքը ավելացնելու դեմ պայքար է սկսել «S.O.S. Սևան» նախաձեռնությունը։ Ինչպես հաղորդում է «Էկոլուր» բնապապանական ՀԿ֊ն, վաղը՝ հուլիսի 4-ին` ժամը 10:00-ին ՀՀ Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա կանցկացվի։ Ակցիա կկայանա նաև Սևանա լճի մոտ՝ ժամը 9:00-ին, Սևան-Հրազդան ջրառի մուտքի մոտ («Հարսնաքար» հյուրանոցային համալիրի հարևանությամբ): Դրան մասնակցելու են Գեղարքունիքի մարզի բնակիչները։