Home / Դատարան / Վրաստանի ոստիկանությունը ձևացնում է, թե գործ է անում ադրբեջանցի լրագրողի առևանգման շուրջ

Վրաստանի ոստիկանությունը ձևացնում է, թե գործ է անում ադրբեջանցի լրագրողի առևանգման շուրջ

Ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլիի Թբիլիսիում առևանգումից երկու ամիս անց՝ հուլիսի 20֊ին, Վրաստանի ներքին գործերի նախարարը մամուլի ասուլիս է հրավիրել պատմելու, թե ինչպես է ընթանում գործի հետաքննությունը։

Գեորգի Մգեբրիշվիլին հայտնել է, որ նախաքննության ընթացքում աշխատանքից ժամանակավորապես ազատվել են սահմանապահ ոստիկանության ղեկավար Դավիդ Նիկոլեիժվիլին ու Վրաստանի անվտանգության ծառայության հակահետախուզական վարչության պետ Օտար Կուպաշվիլին։ «Մենք վստահ ենք մեր աշխատակիցների անմեղության մեջ, բայց նախաքննությունն ունի իրավունք ուսումնասիրելու բոլոր վարկածները, քանի որ տեղի է ունեցել սահմանի հատում դեռևս չբացահայտված հանգամանքներում», – ասել է նախարարը։

«Էխո Կավկազա» կայքի փոխանցմամբ, բռնի կերպով Բաքու տեղափոխված լրագրողի փաստաբան Արչիլ Չոպիկաշվիլին վրաստանցի պաշտոնյաների վերոհիշյալ քայլն անվանել է «ուշացած»։

Միևնույն ժամանակ Մգերաշվիլին հայտնել է, որ տվյալ գործի շրջանակներում ուսումնասիրվել են հսկողության տեսախցիկների 46 տեսագրություններ․ «Տեսախցիկներից 10֊ը տեղադրված են Կոլխոզային հրապարակում ու դրան հարակից տարածքներում։ Դրանցից մեկը տեսագրել է, թե ինչպես է սպիտակ շապիկով մի տղամարդ, ենթադրաբար Աֆղան Մուխտարլին, նստում № 4 երթուղային միկրոավտոբուս։ Նախաքննությունը հարցաքննել է այս երթուղու բոլոր վարորդներին՝ ընդհանուր թվով 22 վկաների։ Նրանք հայտարարել են, որ որևէ կասկածելի բան չեն նկատել։ Բարատաշվիլի հրապարակում ու հարակից տարածքներում հարցաքննվել են տասնյակ անձիք՝ ավտոկայանատեղիների աշխատակիցներ, տաքսու վարորդներ, փողոցային առևտրականներ ու մասնավոր օբյեկտների անվտանգության ծառայության աշխատակիցներ, որոնք հայտարարել են, որ մայիսի 29֊ին ֆիզիկական բռնության կամ մեքենայով առևանգման դեպքերի ականատես չեն եղել»։

Ըստ նախարարի՝ նախաքննությունը հարցաքննել է ընդհանուր թվով 343 վկաների, սակայն նրանցից ոչ ոք որևէ էական վկայություն չի տվել։ Թբիլիսիի մարդու իրավունքների տան ներկայացուցիչ Նիկոլոզ Լեգաշվիլին կարծում է, որ հետաքննությունը պարզապես փորձում է արդյունավետ աշխատանքի տպավորություն ստեղծել․ «Հարցաքննվել է ավելի քան 200 մարդ․ մարդիկ, որոնք ոչինչ չգիտեմ։ Եթե փորձում ես իրողությունը բացահայտել, ապա պետք է հարցաքննես անձանց, որոնք ինչ-որ բանից տեղյակ են, փորձես գնալ [հանցագործության] հետքերով։ Նրանք պարզապես փորձում են ձևացնել, թե աշխատանք են կատարում։ Ինչպե՞ս է հնարավոր, որ այդ օրը չի աշխատել որևէ տեսախցիկ, որը կտեսագրեր տեղի ունեցածը, այդ թվում՝ մաքսակետում։ Ինչպե՞ս եք դա պատկերացնում, առավել ևս, որ այնտեղ բազմաթիվ տեսախցիկներ կան տեղադրված։ Սա փորձ է՝ անելու ամեն հնարավորը, որպեսզի գործը չբացահայտվի»։

Այսօր հայտնի է դարձել, որ Աֆղան Մուխտարլիի առևանգման գործը կշարունակի քննել Վրաստանի Գլխավոր դատախազությունը․ ներքին գործերի նախարարությունն արդեն գործի բոլոր նյութերը փոխանցել է տվյալ կառույցին։

Ադրբեջանցի լրագրողի վրաստանցի գործընկերներն այս քայլին թերահավատորեն են վերաբերվում։ Վրաստանի շրջանային հեռարձակողների միության ղեկավար Նատիյա Կուպրաշվիլին, մասնավորապես, համոզված է, որ գործի քննությանը պետք է միանա երկրի գերագույն օրենսդիր մարմինը։ «Ցավոք սրտի, սա այնպիսի գործ է, որից «պատվով» դուրս գալ չի հաջողվի։ Բոլոր վարկածները ցույց են տալիս, որ մեր երկրում ինչ-որ բան սխալ է գործում։ Դա կամ մաքսային ծառայությունն է, կամ անվտանգության ոլորտը, կամ ոստիկանությունը։ Հենց դա է պատճառը, որ մենք խորհրդարանին խնդրում ենք գործը վերցնել իր վերահսկողության տակ, որպեսզի մարդու իրավունքների կոմիտեն լսի հետաքննության զեկույցը»։