ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, ընթացիկ տարվա առաջին կիսամյակի ընթացքում Հայաստանի տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ընդհանուր ներդրումների զուտ հոսքերի ծավալը (օտարերկրյա ներդրումների գծով ստացումների և մարումների տարբերությունը) կազմել է -24.8 մլրդ դրամ, ինչը մոտ 65%-ով պակաս է 2016թ. գրանցված ցուցանիշից և գրեթե 130%-ով զիջում է 2015թ.-ի համադրելի ցուցանիշին: Այս մասին գրում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ֊ն։
Օտարերկրյա ուղղակի ներդրումները ևս նվազել են 2016 թվականի համեմատ 7%-ով, իսկ 2015թ. գրանցված արդյունքի համեմատ՝ 44%֊ով:
«2017թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքի առյուծի բաժինը՝ 31.6 մլրդ դրամ, ուղղվել է հանքարդյունաբերության ոլորտ: Զուգահեռաբար, խոշոր ներդրումներ են կատարվել նաև անշարժ գույքի միջոցով գործառնությունների (3.8 մլրդ դրամ) և հիմնային մետաղների արտադրության ոլորտներում (3.7 մլրդ դրամ): Դրան հակառակ՝ նախորդ տարվա համեմատությամբ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ներդրումային հոսքերի կտրուկ անկում է գրանցվել հեռահաղորդակցության (-17.9 միլիարդ դրամ) և խմիչքների արտադրության (-9.5 միլիարդ դրամ) ոլորտներում։ Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում օտարերկրյա ներդրումների խոշորագույն աղբյուր է հանդիսացել Ջերսի կղզին, որտեղից կապիտալ ռեսուրսների ներհոսքը կազմել է մոտ 31.6 մլրդ դրամ: Ջերսի կղզին աշխարհի ամենահայտնի օֆշորային գոտիներից մեկն է, և ուշագրավն այն է, որ այս միջոցներն ամբողջությամբ ուղղվել են դեպի միայն մեկ՝ հանքագործական արդյունաբերության հարակից գործունեության ոլորտ: Ընդ որում, ներդրումների զուտ ներհոսքի ծավալներով Ջերսիին հաջորդող երկու երկրները՝ Լյուքսեմբուրգը (2.4 մլրդ դրամ) և Կիպրոսը (1.8 մլրդ դրամ), ևս հանդիսանում են խոշոր օֆշորային գոտիներ»,֊ գրում են հրապարակման հեղինակները։
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» նաև ընդգծում է, որ թեև Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, այդ կառույցի երկրների հետ ներդրումային հարաբերությունները չեն կայանում։ Հակառակը, եթե մինչև Հայաստանի ԵԱՏՄ անդամ դառնալը Ռուսաստանից ներդրումները 36 մլրդ. դրամ էին (2014 թվականին), ապա 2015թ. առաջին կիսամյակում այդ ցուցանիշը տասնապատիկ անկում է ապրել՝ մինչև 3 մլրդ. դրամ։ 2017 թվականին ուղղակի ներդրումների զուտ ներհոսքի ծավալը կրճատվել է լրացուցիչ 6.6 մլրդ դրամով՝ վերջնական արդյունքում հասնելով -12.3 մլրդ դրամի մակարդակին: