Հայաստանում մի շարք համայնքներ, որոնց շրջակայքում հանքեր կան, էկոլոգիական խնդիրներ ունեն․ այդ համայնքների մանկապարտեզների ու դպրոցների հողի և ջրի ուսումնասիրությունը մտահոգության տեղիք է տալիս՝ նրանցում առկա ծանր մետաղների առկայության պատճառով։
Ծանր մետաղների պարունակության ցուցանիշները մի քանի անգամ գերազանցում են տարբեր երկրների կողմից ընդունված չափանիշները։ Այս մասին ասված է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի հետազոտության մեջ, որի արդյունքները ներկայացվել են դեկտեմբերի 6-ին։
Ուսումնասիրությունն իրականացվել է 2016 թվականի ընթացքում 10 համայնքներում․ Արարատի մարզի Արարատ քաղաքում, Լոռու մարզի Ալավերդի, Ախթալա քաղաքներում և Արմանիս գյուղում, Սյունիքի մարզի Ագարակ, Կապան, Քաջարան քաղաքներում, Արծվանիկ, Աճանան, Սյունիք գյուղերում։
Համաձայն հետազոտության, բոլոր այդ համայնքների դեպքում հողում արսենի, պղնձի պարունակությունը մտահոգության տեղիք է տալիս։ Օրինակ, արսենի պարունակությունը 1.1-9.0 անգամ գերազանցել է Նիդերլանդների, Գերմանիայի, Ֆրանսիայի, Շվեդիայի, Կանադայի և ԱՄՆ կողմից ընդունված չափանիշները: Պղնձի պարունակությունը՝ 1.1-47.4 անգամ գերազանցել է Բելգիայի, Նիդերլանդների, Ֆրանսիայի, Շվեդիայի, Նորվեգիայի, Կանադայի և ԱՄՆ կողմից ընդունված չափանիշները
Մի շարք բնակավայրերում, օրինակ, Ալավերդի քաղաքում, հողում կադմիումի պարունակությունը մտահոգություն է առաջացրել՝ գերազանցելով միջազգային նորմերը։ Նշվածնեռրից մի քանի բնակավայրերում կապարի, սնդիկի պարունակությունը նույնպես մեծ է եղել։
«26 մետաղների համար ամբողջական հետազոտությունների տվյալները թույլ են տալիս եզրակացնել, որ համայնքների հողում քրոմի, կոբալտի, նիկելի, ցինկի, մանգանի և ծարիրի պարունակությունները նույնպես մտահոգիչ են», -նշված է հետազոտության մեջ:
Ուսումնասիրվել են նաև 10 համայնքների դպրոցների ու մանկապարտեզների ծորակներից վերցված ջրի նմուշները։
«Ինչ վերաբերվում է խմելու ջրին, 12 մետաղների բարձր պարունակություններ չեն հայտնաբերվել: Կարճևան գետի՝ Ագարակին մոտ ընկած հատվածում ջուրը գնահատվել է «անբավարար» կամ «վատ» որակի՝ պայմանավորված երկաթի, նիկելի, պղնձի, քրոմի և մանգանի բարձր կենտրոնացումով:
Արծվանիկ գետի գետաբերանի ջուրը գնահատվել է «վատ» որակի՝ պայմանավորված մանգանի, և «անբավարար» որակի՝ պայմանավորված երկաթի և նիկելի բարձր կենտրոնացումով: Կավարտ գետի ջուրը գնահատվել է «վատ» որակի՝ պայմանավորված երկաթի, նիկելի, պղնձի և մանգանի բարձր կենտրոնացումով: Ողջի գետի վերին և ստորին հոսանքների ջուրը «Միջին» և «Անբավարար» աղտոտվածության է», -ներկայացված է ուսումնասիրության մեջ։
Հանդիպման ժամանակ՝ ուսումնասիրության արդյունքները ներկայացնելուց հետո, Առողջապահության նախարարության ներկայացուցիչը, ով չի նշել իր անունը, կարծիք է հայտնել, որ «ստանդարտների վերանայման խնդիր կա»։
«Ինչ վերաբերվում է հողի որակի ստանդարտներին, այո՛, հողը վերանայելու կարիք կա, ուղղակի մի փոքր խնդիր կա․ Հայաստանը, լինելով ԵՏՄ երկիր… մեր նորմերը համապատասխանում են ոուսական նորմերին, կարելի է ասել նույնն է՝ թարգմանած։ Եվ դրանք վերանայելը խնդիրներ կարող են առաջացնել, որովհետև մենք ունենք ԵՏՄ երկրներում համարյա նույն չափորոշիչը», – նշել է նա։
Հանդիպման մասնակից, ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի ներկայացուցիչ Ալեն Ամիրխանյանը հակադարձել է՝ նշելով, որ Հայաստանը Ռուսաստանի գաղութը չէ և «մենք պետք է որոշենք, թե ինչ ստանդարտներ պետք է կիրառել»։
«Ինձ թվում է՝ ԵՏՄ-ն տնտեսական միություն է, և չպիտի դա ազդի մեր ժողովրդի առողջության և ընդհանրապես մեր երկրի կառավարման հարցին, բացի տնտեսականից։ Մենք Ռուսաստանի գաղութը չենք։ Մենք պետք է որոշենք մեր առողջապահական և բնապահպանական նորմերը»,- նշել է Ամիրխանյանը։
Epress.am-ի հետ զրույցում վերջինս նշել է, որ իրենց հետազոտության արդյունքներն արդեն ներկայացվել են Առողջապահության նախարարությանը։
«Քննարկում ենք, դեռ վերջնական արդյունքի չենք հասել, բայց որոշ հետաքրքրություն կա համատեղ աշխատելու»,- ասել է Ամիրխանյանը։