ՀՀ Կառավարության 2015 թվականի որոշման համաձայն՝ մինչև հղիության արհեստական ընդհատում անելը, կնոջը տալիս են 3 օր սպասելաժամանակ։ Ոլորտի փորձագետների կարծիքով՝ դա մի շարք խնդիրներ է ստեղծում հատկապես գյուղաբնակ կանանց համար, որի պատճառով էլ նրանք հաճախ դիմում են տնային աբորտների։ Այս մասին «Մեդիա կենտրոն»-ում կազմակերպված քննարկման ժամանակ ասել է «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչ Անուշ Պողոսյանը։
Չնայած մինչև 12 շաբաթական շրջանում հղիության ընդհատման մասին օրենքի առկայությանը, այնուամենայնիվ, ըստ բանախոսի, այն հայաստանյան շատ կանանց համար մնում է անհասանելի։
«Անցած ամառ քայլարշավ էինք անցկացրել Գեղարքունիքում։ Մի կին պատմում էր, որ քանի որ իրենց գյուղում հղիության արհեստական ընդհատումներ չէին իրականացնում, ինքը գնացել է կողքի քաղաք։ Այնտեղ նրան ասել են՝ գնա և երեք օրից հետո վերադարձիր։ Բայց քանի որ առատ ձյուն էր եկել և ճանապարհները փակ են եղել, նա միայն 2 շաբաթ անց էր գնացել։ Սակայն նրան ասել էին, որ արդեն ժամկետն անցել է, և չեն կարող հղիության արհեստական ընդհատում անել»։ Պողոսյանի խոսքով՝ կինը դիմել է տնային աբորտի, որը կարող է շատ անդառնալի հետևանքներ ունենալ։
Գյուղաբնակ կանանց համար խնդիր է ստեղծում նաև այն հանգամանքը, որ գյուղերում կա՛մ չկան դեղատներ, որտեղից կարելի է հակաբեղմնավորիչ միջոցներ գնել, կա՛մ եղած դեղատներում դրանք բացակայում են։
Հղիության ընդատումից առաջ տրվող 3-օրյա ժամկետը, գուցե, այնքան էլ նպատակահարմար չէ, կարծում է հանդիպման բանախոսներից «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Վիոլետա Զոփունյանը․ «Նպատակահարմար կլիներ, եթե հենց այդ պահին բժիշկը կնոջից տեղեկանար, թե նա արդյոք կարիք ունի՞ եռօրյա ժամկետ վերջնական որոշում կայացնելու համար, թե ոչ։ Եթե հղիության արհեստական ընդհատումը դիտարկում ենք որպես կնոջ իրավունք, այն պետք է իրականացվի առանց որևէ լրացուցիչ նախապայմանի։ Իրավունքը իրացնելու խոչընդոտներ, դժվարություններ չպետք է ստեղծվեն»։
Նշենք, որ 2011 թվականից սկսած սեպտեմբերի 28-ը հղիության արհեստական ապահով ընդհատման և հասանելիության միջազգային օրն է։ Հղիության արհեստական ընդհատումն արգելվում է մի շարք աֆրիկյան երկրներում, որի պատճառով միլիոնավոր կանայք դիմում են հղիության տնային պայմաններում ընդհատմանը, և շատ հաճախ դա նրանց կյանք է արժենում։ Վերջին շրջանում մի շարք եվրոպական երկրներում և ԱՄՆ-ի մի շարք նահանգներում փորձում են առաջ տանել հղիության արհեստական ընդհատման մասին արգելող օրենք, որի դեմ մեծ շարժում է սկսել։