Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նոյեմբերի 2-ին մեղավոր է ճանաչել և 9 տարվա ազատազրկման դատապարտել Արթուր Մելիքսեթյանին՝ իր կնոջը՝ Նարինե Դանիելյանին դիտավորությամբ սպանելու համար։ Ըստ մեղադրականի՝ 2016 թվականի սեպտեմբերի 19-ին Մելիքսեթյանը Արմավիրի մարզի Զարթոնք գյուղից Ակնալիճ գյուղի ուղղությամբ ընթանալիս խանդի հողի վրա` կնոջը կասկածելով ամուսնական անհավատարմության մեջ, նախ ավտոմեքենայի մեջ, ապա ավտոմեքենային հարակից դաշտամիջյան հատվածում նրան ծեծի է ենթարկել։ Կնոջ մահը վրա է հասել նրանից հետո, երբ Մելիքսեթյանը պարանոցը սեղմելով շնչահեղձ է արել նրան:
Մեղադրականի հետ համաձայն չեն թե ամբաստանյալը, թե սպանված կնոջ հարազատներն ու փաստաբանը։ Վերջիններս գտնում են, որ հանցանքը մեղմ է գնահատվել։
«Դա մեղմ էր և պետք է վերավորակվեր 104-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առաձնակի դաժանությամբ սպանություն», ֊ Epress.am֊ին ասել է փաստաբան Սեդա Սաֆարյանը։
Ինքը՝ ամնաստանյալը, իր վերջին խոսքում ասել է, որ իրեն մեղավոր է ճանաչում միայն ծեծի մեջ, բայց ինքը չի ունեցել կնոջը սպանելու դիտավորություն։
«Ես պատրաստ եմ պատիժ կրել միայն իմ կատարած հանցագործության համար։ Ես իրեն ծեծի ենթարկեցի, որից հետո նա ընկնելով կանալը՝ խեղդվեց։ Դա դժբախտ պատահար էր իմ ընտանիքի համար»,֊ ասել է Արթուր Մելիքսեթյանը։
Ըստ դատավճռի՝ ապացույցների ուսումնասիրության մեջ նշված է, որ Արթուր Մելիքսեթյանն ասել էր, թե դեպքի օրն իրենք եղել են շատ զբաղված՝ գնացել են «Յունիբանկ»՝ վարկը մարելու, այունհետև բանջարեղեն են տարել վաճառելու։
Ըստ Մելիքսեթյանի՝ կինը հեռախոսով խոսելուց հետո ասել է, որ իրեն զանգել էր «սիրածը» և հայհոյել է ամուսնուն։
«Արթուր Մելիքսեթյանի նման պատճառաբանությունները միայն նպատակ են հետապնդում խուսափելու քրեական պատասխանատվությունից»,֊ ասված է դատավճռում։
Նարինե Դանիելյանը և Արթուր Մելիքսեթյանը ամուսնացած են եղել 25 տարի, ունեն երեք երեխա։ Ամուսնալիս կինը անչափահաս էր։ Համատեղ կյանքի ընթացքում Դանիելյանին ամուսինը մշտապես ծեծել է։
Դեպքի մանրամասները՝ այստեղ