Աջ ղեկով ավտոմեքենաներ ներկրելու դեմ ՀՀ կառավարության օրինագիծը դժգոհության ալիք է բարձրացրել․ Երևանում նախագծի դեմ բողոքի ավտոերթ է անցկացվելու։ Երթի կազմակերպիչներն առաջարկում են միանալ երթին բոլոր նրանց, ովքեր ունեն կամ ցանկանում են ներկրել աջ ղեկով մեքենա։ Երթը մեկնարկելու է Հարավ֊արևմտյան թաղամասում՝ Անդրանիկի արձանի մոտից, դեկտեմբերի 22-ին ժամը 15.00֊ին։ Այս մասին տեղեկատվությունը զետեղված է Ֆեյսբուք սոցիալական ցանցի «Ավտոերթ ընդդեմ աջ ղեկի արգելքի» միջոցառման էջում։
Երթին առաջարկվում է գալ պաստառներով և կոչերով, օրինակ․ «Աջ, թե ձախ, իմ իրավունքն ու իմ ընտրությունը», «մեր Աջը ձեր Ձախին վնաս չէ», «Մեր աջ ղեկը ձեր ձախ գործերին մի խառնեք», «Աջը քաշած…», «Մի բզբզեք»։
Մասնակիցներից մեկն առաջարկում է Թաթայի «Աջ, թե ձախ» երգը հռչակել շարժման օրհներգ։
Հիշեցնենք, որ Կառավարությունը պաշտոնապես հայտարարել է նոր օրինագծի մասին, համաձայն որի աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումը Հայաստան արգելվելու է 2018 թվականի ապրիլի 1-ից։
Այս որոշումը հիմնավորվում է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության անդամությամբ և երթևեկության անվտանգության կանոններով։ Օրինագիծը դրվել է հանրային քննարկման e-draft.am կայքում, որտեղ դրա դեմ է քվեարկել քննարկման մասնակիցների 93 տոկոսը։ Մեկնաբանություններում օրինագծի դեմ արտահայտվողները համաձայն չեն, որ աջ ղեկով երթևեկելը վտանգավոր է, իսկ օրենքը համարում են Սահմանադրությամբ ամրագրված Սեփականության իրավուքնի խախտում։