Աջ ղեկով մեքենաների վարորդներն այսօր բողոքի ավտոերթ են կազմակերպել՝ ընդդեմ աջ ղեկով մեքենաների ներկրումն արգելող Կառավարության օրինագծի։ Ավտոերթի մասնակիցները հավաքվել են Հարավ֊արևմտյան թաղամասում և երթով շարժել են դեպի Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն։
Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները զգուշացրել են, որ մեքենաները շատ են և, եթե ստիպված լինեն կանգառել ոչ նախատեսված վայրում, տուգանվելու են։ Ավտոերթի մասնակիցները հայտարարել են, որ պատրաստ են 5000 դրամ տուգանվել կարծիքը հայտնելու համար, թեև երթի ընթացքում սխալ կայանելը պետք է չտուգանվեր։
Երթի կազմակերպիչներից Արթուր Խաչատուրյանը Epress.am֊ին ասել է, որ թեև բոլորը խոսում են 2018 թվականի ապրիլի 1-ից ներկման արգելքի մասին, սակայն օրինագիծը նաև մինչ այդ ձեռք բերված մեքենաների մասին սահմանափակումներ է պարունակում․ մասնավորապես, արդեն շահագործվող աջակողմյա ղեկով մեքենաներն այլևս չի կարելի վերավաճառել, վերագրանցել, այսինքն՝ «դրանց տերերը պարտավորվում են մեքենաները պահել ցմահ»։
Նրա խոսքով՝ թեև, ըստ ոստիկանության, Հայաստանում կա 32000 աջ ղեկով մեքենա, իրական թիվը հասնում է մոտ 100.000֊ի։
«Ռուսաստանում, օրինակ, նման օրենք ընդունեցին, սակայն փոխհատուցեցին աջ ղեկով մեքենաներ ունեցողներին»,֊ ասել է երթի մեկ այլ մասնակից։
Երթի մասնակիցներից Անուշավան Խաչատրյանն ասել է, որ իրենց մեքենաններն ավելի անվտանգ են՝ վարորդը կայանում է և դուրս է գալիս միշտ մեքենայից դեպի մայթ, ոչ թե ճանապարհի երթևեկելի կողմ։ Ըստ նրա՝ մարդիկ նախընտրում են աջ ղեկով մեքենա գնել նախ և առաջ մատչելիության համար։
«Ես մեծ հաճույքով կգնեի ձախ ղեկով «Տոյոտա» մեքենա, և կներկրեի, բայց «Տոյոտայի» մաքսատուրքը շատ բարձր է, քանի որ «Տոյոտայի» ներկայացուցչությունը պատկանում է Քոչարյանին (Ռոբերտ Քոչարյան՝ ՀՀ 2-րդ նախագահ)։ Ասում է՝ գայիյի մեքենաները, պատգամավորների մեքենանենրը պետք է «Տոյոտա» լինեն», ֊ ասել է մեր զրուցակիցը։
Նրա խոսքով՝ եթե օրենքն անվտանգությամբ է հիմնավորվում, ապա ուժեղ շարժիչով մեքենա քշելն ավելի անվտանգ է, սակայն շարժիչի հզորությունից բարձրանում է նաև մաքսատուրքը։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը երթի մասնակիցներին հրավիրել է հանդիպման և օրինագիծը արդարեցրել է՝ ասելով, որ Հայաստանում աջակողմյա երթևկություն է, ուստի պետք է քշել ձախ ղեկով մեքենաներ։ Բողոքող վարորդներն հակադարձել են, թե աջակողմյա երթևեկությունը չի ենթադրում պարտադիր ձախ ղեկով մեքենաներ։
Նախարարն նաև չի ընդունել, որ խախտվում է ընտրություն կատարելու սահմանադրական իրավունքը։
«Կոպիտ օրինակ բերեմ․ կարող ա մեկն էլ ուզում է մարիխուանա վաճառի»,֊ասել է նախարարը։