Բանակում տիրող իրավիճակը շտկելու փոխարեն Պաշտպանության նախարարը զբաղվում է հանգանակություն կազմակերպելով։ Նախկին զինծառայող Ալբերտ Դալլաքյանի բուժման համար Վիգեն Սարգսյանի դրամահավաքին անդրադառնալով՝ «Մեդիա կենտրոն»-ում ասուլիսի ժամանակ ասել է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։
«Եթե բարձրաստիճան զինվորականը զենքի հետ անզգուշությամբ է վարվում, դա խոսում է բանակի որակական խնդիրների մասին», -ասել է Հովհաննիսյանը: Դալլաքայնի վրա, ըստ պաշտոնական վարկածի, անզգուշությամբ կրակել է իր վերադասը` Ավագ Նահապետյանը: Գործի քննությունը դեռ շարունակվում է։
Հանդիպման բանախոսներից Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի խոսքով՝ Սարգսյանի դրամահավաքն ազդարարում է պետության վերացման մասին․ «Այսինքն, նախարար աշխատելու համար հանգանակությունն է դառնում գործիք, նախարարը հրաժարվում է իր պարտականությունները կատարել․․․ Ինչքա՜ն տարօրինակ կլիներ, եթե Գյուղատնտեսության նախարարն իր անձնական էջում գրի․ հարգելի՛ ընկերներ, կարկուտն այսինչ տեղում ոչնչացրել է բերքը, դիմում եմ ձեզ, օգնե՛ք բնակիչներին։ Առողջապահության նախարարն ասի․ այսինչ գյուղում դեղամիջոց է պետք, եկե՛ք գումար հավաքնեք, առնենք և այլն»։
Պետության պարտավորությունն է, նշել է բանախոսը, ապահովել զինվորի անվտանգությունը և հարկ եղած դեպքում առողջական խնդիրները լուծել։
Սաքունցն ասել է, որ Պաշտպանության նախարարն օրենքով սահմանված գործիքներ ունի․ քաղաքականության մշակում, օրենսդրական դաշտի փոփոխություններ, ֆինանսական կարգավորումներ։ Դրանք գործածելով՝ կարող է լուծել զինծառայողների առողջական խնդիրները։
«Սրա փոխարեն ՊՆ նախարարը հանգանակության միջոցով է հարցը լուծում, դա նշանակում է, որ ինքը կա՛մ ընդունում է, որ պետական լծակներն անարդյունավետ են, կա՛մ ինքը հրաժարվում է այդ գործիքները կիրառել այդ խնդիրը լուծելու համար։ Եթե անարդյունավետ են, հետևաբար խնդիրը վերստին իրենն է։ Ինչ անել, որ այդ գործիքները լինեն արդյունավետ։ Օրինակ՝ եթե ասում է սուղ են պետական բյուջեի միջոցները, ապա խնդիր կա ուրեմն պետական բյուջեի հավաքագրման հետ կապված»։
Նման դրամահավաք, ըստ իրավապաշտպանի, կարող է անել յուրաքանչյուրը, բայց ոչ նախարարը։
Սաքունցը հարց է բարձրացրել՝ «Մարտիկ» հիմնադրամի միջոցները չե՞ն օգտագործվում Դալլաքյանի բուժման համար։ Նա նաև հիշեցրել է, որ հիմնադրամը ստեղծել էր այն ժամանակ Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը և նրա տեղակալ Արթուր Աղաբեկյանն ապօրինի ճանապարհով, քանի որ օրենքը արգելում էր նրանց ստեղծել հիմնադրամ։
Կից նյութ՝ Ղարաբաղում վիրավորվածները՝ ի պաշտպանություն նախարարի։