Կաշառք վերցնելու մեջ մեղադրվող դատավոր Իշխան Բարսեղյանի առողջական վիճակը վատացել է կալանավայրում գտնվելու ընթացքում։ Այս մասին Epress.am֊ի հետ զրույցում ասել է նրա փաստաբան Վարդուհի Էլբակյանը։
«Իրենց համար ավելի լավ է մարդը կալանավայրում մահանա, քան կալանքը փոխարինեն այլ խափանման միջոցով»,֊ նշել է Էլբակյանը։
Փաստաբանն ասել է, որ Բարսեղյանի առողջական վիճակը շատ է վատացել հատկապես անցած դատական նիստին՝ հունվարի 25֊ին։ Ինքը միջնորդել է նիստը հետաձգել, սակայն դատավոր Վաչե Մարգարյանը մերժել է միջնորդությունը՝ ասելով, որ Բարսեղյանի առողջական վիճակը «բավարար է» նիստին մասնակցելու համար։
Էլբակյանի խոսքով՝ դատականի նիստի ժամանակ Բարսեղյանի արյան ճնշումն հասել է 220֊ի, հրավիրվել է շտապօգնություն։
«Շտապօգնության բժիշկն ասաց, որ կարող են միայն ներարկում անել և 30 միավորով իջեցնել ճնշումը։ Բժիշկն ինքն իրեն հակասեց՝ ասելով, որ իմ պաշտպանյալի վիճակը բավարար է նիստին մասնակցելու համար։ Հատկապես որ բժիշկները զգուշացրել են, որ ճնշման բարձրացումների դեպքում վտանգ կա, որ երկրորդ անգամ ուղեղի կաթված կտանի։ Այս ամենը նշանակություն չունի դատավորի ու շտապօգնության բժշկի համար», ֊ պատմել է Էլբակյանը։
Ընդամենը մի քանի օր առաջ՝ հունվարի 19-ին, բանտի աշխատակիցները Բարսեղյանին տեղափոխել էին «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ հետազոտության։ Մի շարք հիվանդություններ են ախտորոշվել՝ վահանաձև գեղձում բազմաթիվ կիստաներ, աթերոսկլերոզ։ Հայտնաբերվել է նաև, որ Բարսեղյանը ուղեղի կաթված է տարել;
«Այսպիսի վերաբերմունքն ամբաստանյալի առողջության հանդեպ միայն Բարսեղյանի դեպքում չէ, այլ համատարած։ Ես ունեմ մեկ այլ պաշտպանյալ, ում շաքարը հասել է 24֊ի, դատավորը մերժում է կալանքը վերացնել, ասում է՝ բանտերում հիվանդ մարդիկ չկա՞ն»,֊ ասել է Էլբակյանը։