Ադրբեջանցի հայտնի լրագրող, նախկին քաղբանտարկյալ Խադիջա Իսմայիլին հեռացել է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունից։
Ֆեյսբուքյան իր էջում լրագրողը պարզաբանել է, որ զգացել է, թե վերջին շրջանում իր և գործընկեր լրագրողների համար դժվար էր դարձել համոզել ռադիոկայանի ղեկավարությանը լսել իրենց։
«Ես հիշում եմ, որ «Ազատություն» ռադիոկայանի ղեկավարների հետ թեժ բանավեճեր էի ունենում Ադրբեջանում՝ «Ազադլիք» («Ազատության» ադրբեջանական ծառայություն֊խմբ․) ռադիոկայանի դերի վերաբերյալ։ Նրանք հազվադեպ էին պայքարում ճշմարտությունն ասելու իրավունքի համար, եթե տեղի լրագրողները չէին պնդում։ Մենք պնդում էինք, նրանք համաձայնում էին։ Մենք ստեղծեցինք «Ազադլիք 1» առցանց լրատվամիջոցը, դասընթացներ կազմակերպեցինք լրագրողների և տեխնիկական անձնակազմի համար, որ ոչ միայն ձայնային հեռարձակում անենք, այլև մուլտիմեդիա։ Մենք անձնական և կորպորատիվ կորուստներ ունեցանք, բայց մենք չդավաճանեցինք լրագրությանը և վստահելիությանը։ Մենք ինքներս մեր պաշտպանությամբ զբաղվեցինք, քանի որ բյուրոկրատիան թույլ չէր տալիս ղեկավարությանը արագ որոշումներ կայացնել։ Եվ մենք ճիշտ էինք անում։ «Ազադլիքը» լավագույն բանն էր, որ Ամերիկան արել է ադրբեջանցի ժողովրդի համար, և լավագույն բանն է»,֊ գրել է Իսմայիլին։
Հայտնի լրագրողն իր աջակցությունն է հայտնել «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությանը, որի անձնակազմը դեմ է մասնավոր «Ռուստավի 2» հեռուստաընկերության հետ համագործակցելուն։
Ինչպես հաղորդում է Eurasianet.org ,«Ազատություն» ռադիոկայանի ղեկավարությունն է առաջարկել, որպեսզի վրացական ծառայությունը հեռարձակվի «Ռուստավի 2» հեռուստաալիքով։ Վրացական ծառայության լրագրողները դեմ են համագործակցել մի հեռուստաընկերության հետ, որը թեև երկրում բարձր է գնահատվում որպես իշխանություններին քննադատող մեդիա, այնուամենայնիվ, այն կապված է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի թիմի հետ։
«Ուժեղ եղեք, իմ սիրելի վրացի գործընկերներ, մի զիջեք լրագրությունը։ Ի տարբերություն Պրահայի (այնտեղ է Ազատության ռադիոկայանի կենտրոնական գրասենյակը) մենեջերների, ձեզ համար այն ավելին է քան գործ և աշխատավարձ, դա ճշմարտությունն ասելու իրավունք է»,֊ այդ առնչությամբ գրել է Խադիջա Իսմայիլին։