Սպանության փորձի մեջ մեղադրվող երկրորդ կարգի հաշմանդամ 88-ամյա Սահակ Խաչատրյանին Ոստիկանություն են տարել գիշերով՝ չթողնելով նրան անգամ հագնվել։
«Ոստիկանությունում պահել են ողջ գիշեր, բուշլատ են քցել վրան, որ չմրսի»,֊ Epress.am֊ի հետ զրույցում ասել է Խաչատրյանի հարսը՝ Գայանեն։
Նրա խոսքով՝ իր տարեց սկեսրայրի դեմ անհիմն գործ են սարքել համագյուղացիները՝ Տավուշի մարզի Ծաղկավան գյուղից երեք հոգի, այդ թվում՝ գյուղապետը։ Գայանեն նշել է, որ Խաչատրյանից փորձել են վրեժ լուծել այն բանի համար, որ նա խնդրել է իր տան առաջ մեքենաներ չկանգնացնել և լույսերը չգցել իր պատուհաններին։
«Նա խնդրել է՝ ֆառերը մի միացրեք, կինս մահամերձ պառկած է։ Կինը մահացավ, մենք գնացինք գյուղ 2016 թվականի մայիսի 7-ին՝ գերեզմանի քարը քցելու, մտածեցին՝ էդ արարողություններից հետո գյուղ հաճախ չենք գնա Երևանից, պապիկը կմնա մենակ։ Ցատկել են պարսպից, մեկը ձեռքերը բռնել է, մյուսը հարվածել, ու տոպրակ մտցրել պապիկի բերանը։ Նա լացելով ասում է՝ համ ինձ թակեն, համ ինձ դատեն»,֊պատմել է Գայանեն։
Ըստ մեղադրանքի՝ Սահակ Խաչատյանը այդ օրն ավելի վաղ գյուղապետի՝ Արթուր Ղազարյանի՝ «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայի վարորդի դռան բռնակի վրա դրսից լցրել է ցինկի ֆոսֆիդ՝ մկնդեղ։ Դատախազությունը ոչ շարժառիթ է հայտնաբերել, ոչ մատնահետքեր և հիմնվել է երկու գյուղացիների՝ Արտակ Խալաթյանի և Անդրանիկ Մկրտումյանի ցուցմունքների վրա։
Վկա Անդրանիկ Մկրտումյանը ցուցմունք տվեց այն մասին, որ ինքն է մկնդեղով պարկը հանել Սահակ Խաչատրյանի դարպասի հետևից, այնուհետև այն նորից նետել բակ: Ոստիկանները հանել են այն բակից և տարել իրենց հետ:
Գայանեն պատմում է, որ թեև և՛ առաջին ատյանի, և՛ Վերաքննիչ դատարանը Սահակ Խաչատրյանին անմեղ է ճանաչել, սակայն նա բարոյական վնաս է կրել ողջ պատմության հետ կապված։
«Դատախազն ասում էր՝ դե թող չորս տարի տան կալանքով նստի, ինչ է լինելու դրանից։ Բայց ինչի՞ չարած բանի համար, ինչի՞ համարվի դատված, ինչի՞ իր պատիվը ընկնի գյուղում։ 88 տարի ապրել է, հարգված մարդ է, ինչո՞ւ դատապարտվի։ Հիմա շատ է նեղվում նրանից, որ գյուղի երեխաները իր տան դիմացի պուլպուլակից ջուր չեն խմում, ասում են՝ կարող է թունավորած լինի պապը։ Այդ զրպարտություններն արդարացման դատավճռով կվերանա՞ն… Հուսով եմ»,֊ ասել է Գայանեն։