Նախորդ շաբաթ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից ռուսաստանյան ընկերությունների և օլիգարխների դեմ հայտարարված նոր պատժամիջոցները ծայրահեղ ծանր վիճակ են ստեղծել վերջիններիս համար։ Երեկ՝ ապրիլի 9-ին, ռուսաստանյան տասնյակ ընկերությունների արժեթղթեր արժեզրկվել են, մի շարք օլիգարխներ հարյուր միլիոնավոր դոլար են կորցրել։ Ապրիլի 9 Ռուսաստանում արդեն իսկ «սև երկուշաբթի» են անվանում։
Ամենից շատը տուժել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր օլիգարխ Օլեգ Դերիպասկան և նրա «Ռուսալ» ընկերությունը։ Մեկ օրվա ընթացքում նա կորցրել է իր կարողության մեկ երրորդը․ Forbes հանդեսի գնահատականներով՝ Դերիպասկան մինչև երկուշաբթի ուներ 6.7 միլիարդ, մինչդեռ պատժամիջոցներից հետո՝ 4 միլիարդ։ «Ռուսալին» Հայաստանում պատկանում է «Արմենալ» ընկերությունը, որը Հարավային Կովկասում ալյումինե փայլաթիթեղի միակ արտադրողն է։
1.3 միլիարդ կորցրել է «Նորիլսկի նիկել» ընկերության սեփականատեր Վլադիմիր Պոտանինը։ Ընդհանուր առմամբ, Forbes-ի տվյալներով Պուտինի մերձավոր օլիգարխները մեկ օրվա ընթացքում կորցրել են մոտ 12 միլիարդ դոլար։
Ռուսաստանի խոշորագույն բանկերից մեկի՝ «Սբերբանկի» արժեթղթերը նվազել են 15 տոկոսով։
1 եվրոն երեկվա դրությամբ 70 ռուբլուց դարձել է 74, 1 դոլարն անցել է 60 ռուբլու սահմանագիծը։
Ռուսաստանի արտգործնախարարությունը խոստանում է համարժեք պատասխան տալ ամերիկյան պատժամիջոցներին, սակայն, վերլուծաբանների կարծիքով, ՌԴ֊ն տնտեսական պատժամիջոցներ կիրառելու մեծ ներուժ չունի։