Ապրիլի 22-ին կեսօրից հետո Երևանի Ավան վարչական շրջանում՝ Աճառյան փողոցի վրա, մի խումբ դիմակավորված անձինք նախ փակել են Երևանի կենտրոն տանող ճանապարհը, իսկ դիմադրություն ցույց տված անձանց մեքենաները մահակներով, քարերով և այլ առարկաներով վնասել են: Այդ անձանց ինքնությունը հանրությանը մինչ օրս հայտնի չէ, գրում է sut.am կայքը․
«Այսպես, տվյալ անձանց խումբը նախապատրաստվել և հրահանգավորվել է Ավան վարչական շրջանում գտնվող «Խութ» բարեգործական հիմնադրամի տարածքում: Հիմանդրամը ստեղծվել է 2005 թվականին Երևանի ներկայիս քաղաքապետ, ՀՀԿ-ի Երևանի տարածքային կազամկերպության ղեկավար Տարոն Մարգարյանի կողմից: Միայն 2017 թվականին հիմնադրամին Երևանի քաղաքապետարանը շուրջ 30 միլիոն դրամ է նվիրատվության կարգով տվել: Հավաքագրվել են Ավան վարչական շրջանի աշխատակազմի տղամարդ աշխատակիցները, վերջին ընտրությունների համար ՀՀԿ-ի համար ջանք ու եռանդ չխնայածներն ու այլոք: Հանցավոր խումբը կազմվել է Ավանի վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցներից, համատիրությունների նախագահներից, երիտհանրապետականներից և այլ անձանցից: Խումբը ապրիլի 22-ին օրվա առաջին կեսում տեղակայվել է Բաբաջանյան փողոցում՝ «Z+» ավտոմեքենաների նորոգման պարկին հարող տարածքում: Իսկ նշված պարկից դեպի փողոց դուրս բերող մուտքից ևս այլ անձինք են միացել:
Երբ «Իմ քայլը» նախաձեռնության երթը Նոր Նորք վարչական շրջանից Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հասնում է նրանց, խմբի անդամները բակային տարածքներով անցնելով՝ տեղակայվում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի տան մոտ, իսկ արդեն օրվա երկրորդ կեսին անցնում են գործի: Մինչ այդ, սակայն, հասցրել են վնասել երթի վերջին շարքերի ետևից եկող մեքենաները: Խմբի պարագլուխներից են եղել Ավանի «Նարեկ» համատիրության նախագահ Առնակ Մանուչարյանը, «Միլենա» տաքսի ծառայության սեփականատերից Արմեն Երեմյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մտերիմ ընկեր, Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Սամվել Ղումաշյան:
Նշված անձինք երևում են տեսանյութում․
Մեզ հաջողվել է պարզել հանցավոր խմբի որոշ անդամների տվյալներն ու պաշտոնները: Արթուր Գասպարյանը Ավան վարչական շրջանի աշխատակազմի աշխատակից է, գլխավոր մասնագետ: Վերջինս երթի մասնակիցների մեջ է մի պահ հայտնվել, ապա գնացել է Տարոն Մարգարյանի առանձնատան մոտ և վերջում բժշկական դիմակով արդեն ճանապարը փակած խմբի շարքերում էր:
Ողջ գործընթացի ժամանակ Արթուր Գասպարյանի հետ է կապույտ գույնի սպորտային համազգեստով մի երիտասարդ, ում ինքնությունը մեզ առայժմ չհաջողվեց պարզել, սակայն տարբեր վայրերում նրա գործողությունների դիտարկմամբ մենք ունենք նրա դիմանկարը:
Հանցավոր խմբի անդամների հավաքագրման գործընթացին մասնակից է եղել ՀՀԿ-ի ավանի երիտասարդական կազմակերպության ղեկավար Սերգո Հայրապետյանը:
Լուսանկարներից մեկում Տարոն Մարգարյանի տան մոտ Արթուր Գասպարյանը կանգնած է Ավան վարչական շրջանի աշխատակազմի եկամուտների հավքագրման բաժնի գլխավոր մասնագետ Սուրեն Սաֆարյանի հետ, ով նույն խմբի անդամ է եղել:
Ավան վարչական շրջանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման բաժնի ևս մեկ աշխատակից է եղել նույն խմբում Արման անունով, ով նաև ընտրությունների ժամանակ ղեկավարել է ՀՀԿ-ի շտաբերից մեկը: Որքան էլ տարօրինակ է, բայց փաստ, որ խմբի լուսանկարներից մեկում մենք գտել ենք նաև Ավանի պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ Արմեն Վարդումյանին: Խմբի համատեղ լուսանկարներներից մեկում է պատկերված սպորտային և զինվորական հագուստով երիտասարդի անուն ազգանունն է Գեղամ Անտոնյան:
Տարոն Մարգարյանի և հանցավոր խմբի կապը ավելի է արմատավորվում, երբ մենք ֆիքսում ենք, որ Աճառյան փողոցը փակած դիմակավորված անձանց տվյալ վայր են տեղափոխել թիվ 5 միկրոավտբուսներով, որոնց չվացուցակը հանված է, սակայն մեքենայի վրայից չի մաքրվել ներկով դաջված «5» թիվը: Երթուղային այդ գիծը սպասարկում է «Ռոբերտ և Տարոն» ՍՊԸ-ն, որը հիմնադրել է Տարոն Մարգարյանը: Երթուղայինները հորիզոնական կագնեցվել էին ճանապարհի վրա այնպես, որ մեքենաների անցուդարձը անհնարին էր դարձել:
Հույս ունենք, որ մեր հրապարակումը կօգնի իրավապահներին, որպեսզի հնարավորինս շուտ բացահայտվի այս ծանր հանցագործությունը»: