Home / Ազգային ժողով / «Մենք զզվում ենք ձեզանից»․ անհնազանդության քրոնիկոն (թարմացվող)

«Մենք զզվում ենք ձեզանից»․ անհնազանդության քրոնիկոն (թարմացվող)

19։20 ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, որն ԱԺ Հանրապետական խմբակցությունը մայիսի 8-ին կայանալիք ընտրություններին իր թեկնածուին չի առաջադրի, կընտրի պատգամավորների 1/3֊ի կողմից առաջադրած թեկնածուին։

19:00 Գագիկ Ծառուկյանը հայտնել է, որ մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրություններին «Ծառուկյան» խմբակցությունը կրկին պաշտպանելու է ժողովրդի թեկնածու Նիկոլ Փաշինյանին։ Ծառուկյանն այդ մասին ասել է լրագրողների հետ զրույցում Փաշինյանի հետ կայացած հանդիպումից հետո։

18։20 Մոտ մեկ տասնյակ քաղաքացիներ ՀՀԿ֊ական պատգամավոր Հակոբ Հակոբյանի տան մոտ այսօր կարտոֆիլ և մակարոն են տարել։ Նրանք հիշեցրել են, որ անցյալ տարի, խոսելով գնաճից, ՀՀԿ֊ական պատգամավորը հայտարարել էր, որ դա աղքատների վրա չի ազդի, քանի որ նրանք կարտոֆիլ են ուտում, ոչ թե միս, իսկ կարտոֆիլը չի թանկացել։ Մի տոպրակ կարտոֆիլի և մի տոպրակ մակարոնի վրա նրանք գրություն են թողել՝ «զխտկվիր, համբալ»։ Ցուցարարներն ասել են, որ այդքանը կբավարարի, որպեսզի պատգամավորը հեղափոխությունից հետո «մի քանի օր ձգի»։

Ակցիայի մասնակիցներից մեկը Epress.am֊ի հետ զրույցում ասել է, որ երբ խանութում իմացել են՝ ինչ նպատակով են գնում կարտոֆիլը, անվճար են տվել։ Նշենք, որ Հակոբ Հակոբյանի տանից ցուցարարներից մոտ ոչ ոք դուրս չի եկել։

18:10 Արմավիրում ցույցի մասնակիցներն առավոտվանից շրջափակել են մարզպետարանի շենքը և պահանջում են, որ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը կամ հրաժարական տա, կամ միանա իրենց։ Մարդիկ պարում և երգում են շենքի մոտ։ Ղահրամանյանն իջել է մարդկանց մոտ, ասել է, որ ինքը ժողովրդի հետ է, բայց ՀՀԿ֊ական տոմսը վայր չի դնելու։ Մարդկանց դա չի բավարարել։ Շենքը շարունակվում է շրջափակված մնալ։

18:08 ՀՀ մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Ամիրյանը հրաժարական է տվել: Հրաժարականի լուրը հաստատել է մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը:

18։05 Վաղ առավոտից Ավանի բնակիչները փակում են փողոցները: Այդ ընթացքում անհնազանդների պատնեշը փորձեց ճեղքել տարիներ շարունակ թաղում ոչ ֆորմալ իշխանություն ունեցող մեծահարուստ պաշտոնյա Ռուբեն Հայրապետյանը և իր թիկնազորը: Արդյունքում, Հայրապետյանի ու ցուցարարների միջև վիճաբանություն է սկսվել: Նրա մեքենան առնվազն երկու անգամ փորձել է Բաբաջանյան փողոցի փակված հատվածով անցնել, սակայն ցուցարարները թույլ չեն տվել: Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի մեքենայի ընթացքը թույլ չտալու առաջին դեպքին «Հետք»-ի լրագրողը ներկա էր: Այդ ժամանակ որևէ միջադեպ տեղի չունեցավ, մեքենան շրջվեց ու հեռացավ: Երկրորդը դեպքը եղել է դրանից որոշ ժամանակ անց, երբ Հայրապետյանը հարվածել է դպրոցական երեխայի, ինչը լրագրողի տեսախցիկը ֆիքսել չհասցրեց: Hetq.am-ի փոխանցմամբ, ականատեսների վկայությամբ՝ երեխաները փակած են եղել ճանապարհը, երբ Հայրապետյանը եկել է դեպքի վայր, մեքենայից իջել, հարվածել նախ նրանց հեծանիվներին, ապա երեխաներին:

17:53 ՀՀԿ֊ական պատգամավոր, ՀՀԿ երիտթևի ղեկավար Կարեն Ավագյանի տուն են գնացել մի քանի տասնյակ ցուցարարներ, որոնք վանկարկել են «ՀՀԿ֊ի փուչիկը փայթել ա»։ Այսպիսով, նրանք ակնարկել են 2012 թվականին տեղի ունեցած դեպքը, երբ ՀՀԿ֊ի նախընտրական հավաքի ժամանակ Հանրապետության հրապարակում փուչիկներ էին պայթել, քանի որ դրանք լցված էին ոչ թե անվտանգ հելիումով, այլ պայթուցիկ գազով։ Տասնյակ երեխաներ տուժել էին պայթյունից։ Հավաքի կազմակերպման գործընթացն այն ժամանակ ստանձնել էր հենց Կարեն Ավագյանը։

17:50 Մեղրի քաղաքում ևս ապամոնտաժեցին Հանրապետական կուսակցության ցուցանակը.

https://www.facebook.com/levon.hayrapetyan.77/videos/1692911127453006/

Հասնելով պատգամավոր Խոսրով Հարությունյանի տան մոտ՝ մարդիկ սկսեցին վանկարկել «Խոսրով դավաճան»: Ինչպես բոլոր մնացած պատգամավորների դեպքում, հարևանները ծափահարում էին և ցույց տալիս տան և պատշգամբների տեղերը։

https://www.facebook.com/ashot.khachatryan.9/videos/1724622887607588/?hc_location=ufi

17։20 Մի խումբ քաղաքացիներ «Մենք զզվում ենք ձեզանից» գրառմամբ պաստառով բողոքի ակցիա են անցկացրել Ազգային ժողովի մոտ։ Նշենք, որ երեկ Ազգային ժողովում «Ելք» խմբակցության պատգամավոր, ազատամարտիկ Սասուն Միքայելյանն իր ելույթում՝ պաշտպանելով Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի թեկնածությունն ասել էր ՀՀԿ֊ական պատգամավորներին․ «Երիտասարդները մարտնչում են, որովհետև զզվում են ձեզանից, զզվում են, որովհետև մարդկանց ճակատագրեր եք խեղել․․.»:

Ոստիկանները փորձել են համոզել, որ ցուցարարները պաստառը չկախեն ԱԺ շենքի դիմացի ճաղերից։ Ցուցարարները պահանջել են հիմնավորել այդ պահանջը, ոստիկանները թողել են պաստառը կախել։ Ցուցարարները վանկարկում էին «ՀՀԿ֊ն մեռած կուսակցություն է», «Օլիգարխիան մեռած է», «Մենք զզվում ենք ձեզանից»։

17։00 Արտաշատի դասադուլավորները պատռեցին Հայաստանի Հակապետական Կուսակցության Արտաշատի շտաբի պաստառները։

https://www.facebook.com/ArmLiberty/videos/1674522549269175/

16։42 Մարդիկ խաղաղ ակցիաներ են անում նաև Հանրապետական կուսակցության մի շարք պատգամավորների տների դիմաց: Այս տեսանյութը պատմում է նախկին նախարար Արմեն Աշոտյանին ուղղված մաղթանքների մասին.

Մի խումբ երիտասարդներ փակելով Արարատ բանկի մուտքը՝ բացատրում են, որ այլևս չեն հանդուրժի համակարգը, որը ստիպում է մարդկանց 21 տարեկանները լրանալուն պես հայտնվել վարկային կախվածության մեջ:

15:10 Մի խումբ երիտասարդներ արգելափակել են Հյուսիսային պողոտայում գտնվող «Արարատբանկի» մուտքը։ Բանկը պատկանում է Սերժ Սարգսյանի մերձավորներից մեկին՝ Բարսեղ Բեգլարյանին (Ֆլեշի Բարսեղ)։

14։55 Եղեգնաձորի բնակիչներն ահազանգում են, որ «Գազպրոմի Արմենիա» ընկերության աշխատակիցներին շանտաժ են արել՝ ասելով, որ կհեռացնեն նրանց, ովքեր ցույցերի կմասնակցեն։ Մեր զրուցակիցն ասել է, որ ցույցին մասնակցածներին ընկերության ղեկավարները ցուցակագրում են։Նշենք, որ մինչև 2012 թվականը «Գազպրոմ Արմենիայի» ղեկավարն է եղել ՀՀԿ փոխնախագահ Կարեն Կարապետյանը, իսկ հետագայում նրա մերձավոր անձինք։

Ֆեյսբուքից.

14։48 Դավթաշենցիներն արգելափակում են փողոցները և տոնում են․

14։45 ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր֊Պետրոսյանի հայտարարությունը՝ կապված այն պատգամավորների հետ, որոնք երեկ չեն քվեարկել, համաձայն խմբակցության պահանջի․

«Թեև Հայաստանում տիրող ալեկոծության համատեքստում ասածս կարող է մանրուք թվալ, սակայն չեմ կարող ուշադրություն չհրավիրել հետևյալ հանգամանքի վրա։  ՀՀ Սահմանադրության 94-րդ հոդվածում ամրագրված է. «Պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով»։

Հետևաբար մանդատից հրաժարվելու՝ պատգամավորներ Գրիգոր Ավալյանին, Ֆելիքս Ցոլակյանին և Աղվան Վարդանյանին ներկայացվող պահանջը հակասահմանադրական է։

Ինչպես միջազգային հանրությունն է այս օրերին անընդհատ պնդում, իշխանության ձևավորման գործընթացում ամենակարևորը սահմանադրության և օրենքի տառին դրա համապատասխանության փաստն է։

Սակայն առանց միջազգային հանրության հուշելու էլ ինքնըստինքյան ակնհայտ է, որ դա բխում է, թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության, և թե՛ Հայաստանի շահերից։ Այլ կերպ ձևավորված իշխանության օրինակարգությունը (լեգիտիմությունը) չի ճանաչվի ո՛չ ժողովրդի, ո՛չ էլ միջազգային հանրության կողմից։ Իսկ մենք տասնամյակներ շարունակ ականատեսն ենք այն բանի, թե այս իրողությունն ինչպիսի սպառնալիքներ է ստեղծում երկրի կայունության ու ներազգային համերաշխության ապահովման հարցում»։

14։43 ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանն այսօր չի կարողացել փողոցի երթևեկելի մասով մեքենան վարել և մայթերով է շարժվել։

Մեզ հետ զրույցում տեսանյութի հեղինակը նշել է, որ Միհրան Պողոսյանին պատկանող մեքենան անգամ աստիճաններով է երթևեկել։ Մեր զրուցակիցը տեսել է նրան, սակայն չի հասցրել նկարել։

https://www.facebook.com/arekyaz/videos/pcb.10155838685311725/10155838661661725/?type=3&theater

 

14։40 Երեկ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը լքել էր ԱԺ դահլիճը՝ ի պաշտպանություն երեխաների իրավունքների, այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը նորմալ էր համարել անչափահասների մասնակցությունը խաղաղ ակցիաներին։

Այսօր ֆեյսբուքյան օգտատերերից մեկը հետևյալ տեքստն է տարածել

«Պարոն Բաբլոյանը, հավանաբար, չի տիրապետում այն իրողությանը, որ իր կլինիկայում մինչ այժմ բուժում են ստանում 15 երեխաներ, որոնք այրվածքներ են ստացել 2012թ. Սերժ Սարգսյանի կողմից կազմակերպված պարտադրաբար ցույցի բերված լինելու ժամանակ:

2012 թվականի խորհրդարանի ընտրությունից առաջ՝ մայիսի 4-ին, Հանրապետության հրապարակում ՀՀԿ նախընտրական արշավի եզրափակիչ հանրահավաքի ժամանակ, Սերժ Սարգսյանի ելույթից րոպեներ առաջ փուչիկների ուժգին պայթյուն տեղի ունեցավ, որը բարեբախտաբար չավարտվեց մահվան ելքով: Բայց այրվածքներ, այդ թվում՝ ծանր այրվածքներ, ստացավ մի քանի տասնյակ երիտասարդ: Պարզվեց, որ հանրահավաքի առիթով հրապարակ բերված մեծ քանակի փուչիկները լիցքավորված են եղել ոչ թե հելիումով, այլ պայթուցիկ գազով՝ որը մի քանի անգամ էժան է: Իսկ քանի որ ՀՀԿ փուչիկները շատ-շատ էին, տարբերությունը բնականաբար շատ փող էր կազմել»:

14:24  ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին դուր չի եկել, որ այսօր առավոտվանից քաղաքացիները շրջափակում են ԱԺ ՀՀԿ֊ական պատգամավորների տները․ «Հորդորում եմ դադարեցնել Ազգային ժողովի պատգամավորների բնակարանների ապօրինի շրջափակումը, ձեռնպահ մնալ Ազգային ժողովի պատգամավորների անձնական կյանքի միջամտություններից: Նմանատիպ գործողությունները չեն կարող հանգեցնել որևէ դրական տեղաշարժի, չեն կարող տևական ժամանակ հանդուրժվել պետական մարմինների և մեր քաղաքացիների կողմից»:

14։18 Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատն այսօր չի աշխատում, այնտեղ գործադուլ է, մեզ հայտնել է Ագարակի բնակիչներից մեկը։

14։15 Գյումրիի մի շարք կենտրոնական փողոցներ այս պահին փակված են։ Քաղաքի տարբեր դպրոցներ և համալսարաններ դասադուլ են հայտարարել, աշակերտներն ու ուսանողները երթերով շարժվում են դեպի քաղաքի կենտրոնական հրապարակ։ Ավելի վաղ ցուցարաները մտել էին Քաղաքապետարանի շենք՝ քաղաքապետ Սամվել Բալասանյանից պահանջելով հեռանալ ՀՀԿ֊ից։ Վերջինս ցուցարարներից խնդրել էր 5 րոպե որոշում կայացնելու համար, սակայն այդպես էլ չէր հրապարակել։ Գյումրիում քաղաքացիները փակել են նաև երկաթուղին և պարզ չէ՝ արդյոք այսօր երեկոյան Գյումրիով կկարողանա անցնել Երևան֊Թբիլիսի գնացքը։

14։00 Ըստ տարածվող լուրերի՝ ՀՀԿ֊ական բարձրաստիճան պաշտոնյաները և օլիգարխները սկսել են քաղաքով երթևեկել շտապօգնության մեքենաներով, քանի որ փողոցը փակած ցուցարարները դրանց ճանապարհը բացում են։

13։57 Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանն իր աշխատակիցների հետ միացել է փողոց դուրս եկած ցուցարարներին, Epress.am֊ի հետ զրույցում ասել է Մարտունու բնակիչներից մեկը։ Առայժմ մեզ չի հաջողվել կապ հաստատել քաղաքապետի հետ։

Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 15 անդամներ միացել են «Իմ քայլը» շարժմանը։

13:55 Մի քանի տասնյակ փաստաբաններ «Արման, հեռացիր» պաստառով բողոքի ցույց են արել Վճռաբեկ դատարանի շենքի մոտ՝ պահանջելով Վճռաբեկի նախագահ Արման Մկրտումյանի հրաժարականը։

Գայանե Մկրտչյան, լրագրող․ «Էջմիածնում փակ են խանութները, դեղատները, Հայփոստը, կրպակները, դպրոցները, բանկերը սկսել են գործարք չանել»։

13։28 Երեկ Ազգային ժողովում ՀՀԿ֊ական Սեյրան Սարոյանը հարց էր բարձարցրել, թե ինչու վարչապետ պիտի դառնա «իմեննոյ Նիկոլը»։ Այսօր Ֆեյսբուքում նկար է տարածվել, որում ցուցարարն անդրադառնում է Սարոյանի հարցին։

13:20 Արթիկում ՀՀԿ գրասենյակի մուտքի առջև պսակ և դագաղ են դրել։

Լուսանկարը՝ Ֆեյսբուքից․

13։13 Աբովյանում փակ են բոլոր կենտրոնական ճանապարհները, ինչպես նաև դեպի Երևան տանող բոլոր ճանապարհները: Քաղաքում մասայական դասադուլ և գործադուլ է: Դասադուլը, գործադուլն ու փողոցների արգելափակումը տևելու են ենթադրաբար մինչև ժամը 16։00-ն, որից հետո աբովյանցիները կմիանան Երևանում կայանալիք հանրահավաքին։

12:55 «Վանաձորը սեր ա էսօ՜ր․  Պոլիկլինիկաների, գրադարանների, խանութների աշխատակազմերը միացել են։ Դպրոցականները հպարտ փողոց են փակում։ Մի քանի հարյուր հոգանոց երթ մարզպետարանի դիմաց, գործադուլ․ Նիկո՛լ, վարչապետ, ու «ամոթ» են գոռում։ Փողոցում իրար ջուր ու սնունդ են բաժանում։ Ի դեպ՝ ոստիկաններն էլ օգնում են փողոց փակելուն տեղ-տեղ։ Անհնազանդությունն ապակենտրոն ա, ամեն մեկն իր անկյունը գտել ա, ինքնակազմակերպ ա սաղ։ Չհաշված որոշ բանիկներ․ քաղաքը սիրուն քայլ ա անո՜ւմ,  անո՜ւմ ա,  անո՜ւմ․  էսօր սիրահարվում եմ նորից Վանաձորին։ Ի դեպ, եթե հոգնել ես երեւանյան լարվածությունից, բայց ուզում ես շարունակել պայքարը, արի մեր մոտ (երեկոյան ճանապարհները բաց կլինեն հավանաբար), էստեղ ավելի հանգիստ ա, իմ բունիկում քեզ տեղ կա, ընկե՜ր»։ – Տեքստը և լուսանկարները՝ Էլվիրա Մելիքսեթյանի ֆեյսբուքյան էջից։

Վանաձոր

12։45 Հեղափոխությունը ցանկացած դեպքում հաղթելու է։ Ֆեյսբուքի իր էջում նման գրառում է արել ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը՝ խոսելով նաև ՀՀԿ պատգամավորներին իրենց իսկ վերադասների կողմից վախեցնելու մասին․ «Նախ անձամբ և իրենց ընտանիքների անդամների միջոցով զանգել, սպառնացել են իրանց պատգամավորներին, ստիպել այդ պատգամավորներին պետական դավաճանության հետ ուղղակիորեն աղերսվող ելույթներ ունենալ՝ Ադրբեջանին անուղղակիորեն հրավիրելով ռազմական գործողությունների, խաթարելով ռազմավարական գործընկերոջ հետ ՀՀ հարաբերությունները, այլ պետությանը հրավիրելով խառնվել ՀՀ ներքին գործերին։ Այս սպառնալիքներն իհարկե չեն ազատում այդ 55 հոգուն անձնական պատասխանատվությունից։ Այժմ Սերժ, Ռոբերտ, իրար խառնված գնում են այլ երկրների մայրաքաղաքներ, չգիտենք՝ ինչեր են խնդրում ու առաջարկում, վարչապետի նոր թեկնածուների անուններ են փորձում շրջանառել՝ Արմեն Սարգսյան, Արմեն Գևորգյան, տո եսշատգիտեմով, և այլն և այլն»։

12։40 Քաղաքացիները արգելափակել են մի շարք նախարարությունների շենքեր։ Արդարադատության նախարարության բոլոր մուտքերը արգելափակվել են փաստաբանների և իրավաբանների կողմից։

12։25 Մի խումբ քաղաքացիներ գնացել են ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանի Կորյուն 7 հասցեում գտնվող բնակարանի մոտ։ Նրանք վարկարկել են՝ «Շուշա՛ն, միացիր» և «Շուշան, հեռացիր»․ «Շուշա՛ն, դժվա՞ր ա արթնանալը, ժողովուրդդ եկել ա։ Երազ իմ երկիր էիր երգում, ուր ես, դուրս արի»։

Մուտք մտնելով՝ քաղաքացիները թղթեր են փակցրել․ «Շուշան, դավաճան»։

https://www.facebook.com/ZzoneBlack/videos/vb.800018693525588/809958412531616/?type=2&theater

12:15 Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի բնակիչները շրջափակել են ՀՀԿ֊ական պատգամավոր Հակոբ Հակոբյանին պատկանող հիդրոէլեկտրակայան տանող ճանապարհները և նրանից պահանջել են ընտրել Նիկոլ Փաշինյանին։

«Ասում են՝ իրենց թեկնածուն պարտավոր է ընտրել Նիկոլին, ով ժողովրդի հետ չի, ուրեմն ընդհանրապես բան չունի անելու Հայաստանում։ Մենք հոգնել ենք ստերից», -ասել է Վարդենիկից մեր զրուցակիցը։

Ֆեյսբուքից․

11:50 «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում ուսանողներին կոչ է անում հանդիպել և զրուցել ՀՀԿ-ական այն պատգամավորների հետ, ովքեր նաև դասախոսում են տարբեր ուսումնական հաստատություններում։

«Մայիսի 1-ին Նիկոլ Փաշինյանին դեմ քվեարկած ՀՀԿ-ական պատգամավորներից 10-ը դասախոսում են տարբեր համալսարաններում: Կոչ ենք անում առաջիկա օրերին նախաձեռնել հանդիպում նրանց հետ և իրազեկել երկրում տիրող իրավիճակի մասին՝ հորդորելով համագործակցել ժողովրդական շարժման հետ: ՀՀԿ-ն Հայաստանում իշխանություն այլևս չունի, սակայն ՀՀԿ-ական պատգամավորները առանձին-առանձին դեռ հնարավորություն ունեն փրկելու իրենց արժանապատվությունը:

Բուհերում դասավանդող պատգամավորներն են.

1. Մարգարիտ Եսայան – Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան, Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան
2. Շիրակ Թորոսյան – ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոն
3. Գևորգ Կոստանյան – ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ
4. Միհրան Հակոբյան – ԵՊՀ միջազգային հարաբերությունների և արևելագիտության ֆակուլտետ
5. Խոսրով Հարությունյան – ՀՀ պետական կառավարման ակադեմիա
6. Արփինե Հովհաննիսյան – Իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոն
7. Ռուստամ Մախմուդյան – ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
8. Ռուզաննա Մուրադյան – Երևանի պետական համալսարան, Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան
9. Կորյուն Նահապետյան – Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի միջազգային և եվրոպական իրավունքի ամբիոն, Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավունքի ամբիոն
10. Էդուարդ Շարմազանով – ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոն

11:45 Նիկոլ Փաշինյանը կոչ է արել ժամը 14.00 վերսկսել «Զվարթնոց» օդանավակայանի աշխատանքը։

11։35 Երևանի 38 հիմնական դպրոցի մի խումբ ուսուցիչներ բաց նամակով դիմել են ՀՀԿ խմբակցության նախագահին, մասնավորապես, նշելով․ «Տարիներ առաջ անկախ մեր կամքից հայտնվել ենք ՀՀԿ֊ի շարքերում և այսօր մեր կամքով դուրս ենք գալիս այդ կուսակցության շարքերից։ Իշխող կուսակցության նկատմամբ մեր հիասթափությունը հասավ գագաթնակետին ս/թ մայիսի 1֊ին ԱԺ֊ի նիստում ՀՀԿ֊ականների՝ վարչապետի թեկնածու Ն․ Փաշինյանին առաջադրած նենգամիտ, հարցադրումներից և ելույթներից։ Մեզ համար նվաստացուցիչ է մնալ այս կուսակցության շարքերում, որի համար ստորագրում ենք»։

11։30 Մի խումբ երիտասարդներ մոտ 10 րոպե կանգնել են Մելիք―Ադամյան փողոցի վրա գտնվող ՀՀԿ֊ի գրասենյակի մոտ, որը շրջապատված է ոստիկաններով, և վանկարկել են՝ «ՀՀԿ, հեռացիր»։

Ստեփան Դանիելյան․ «Էս ընթացքում տնտեսական վնասները պետք է հաշվել ու հաշիվը Սերժ Սարգսյանին ու 55 պատգամավորներին ներկայացնել: Պետք է փոխհատուցեն»:

11։15 Ամբողջ երկիրը պարալիզացված է։ Փակ են բոլոր կարևոր ճանապարհները, փողոց են դուրս եկել հարյուրավոր բնակավայրերի բնակիչներ։ Մարդիկ համատարած դասադուլներ և գործադուլներ են հայտարարել։ Ճանապարհների վրա սեղաններ են գցում, սուրճ եփում, հաց ուտում, շնորհավորում միմյանց՝ պնդելով, որ Հայաստանի քաղաքացիները հաղթել են։

10։51 Դիլիջանում գործող Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ուսուցիչները գործադուլ են հայտարարել: Մեր զրուցակցի տեղեկություններով՝ նրանց կազմում չկան զինվորականներ։

10:36 Նիկոլ Փաշինյանը Արշակունյաց պողոտայում է։ Նա կոչ է արել 17։00-ից սկսած  բացել բոլոր ճանապարհները, որպեսզի մարդիկ կարողանան գնալ 19։00 կայանալիք հանրահավաքին։

10։18 Ազգային ժողովի նիստն առավոտյան չի կայացել՝ քվորում չլինելու պատճառով։ Գրանցվել է ընդամենը 27 պատգամավոր։ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտնել է, որ 4 ժամ կսպասեն մինչև քվորումն ապահովվի և հնարավոր լինի նիստն անցկացնել։

«Ծառուկյան դաշինք» խմբակցության ներկայացուցիչ Վահե Էնֆիաջյանը հայտարարել է, որ, քանի որ երկրում աննախադեպ վիճակ է, իրենց խմբակցությունը քաղաքական բոյկոտ է հայտարարում և գալիք քառօրյայի աշխատանքների չի մասնակցելու։

Ավելի վաղ, Արա Բաբլոյանը հայտարարություն էր տարածել, որում ասվում է․

«Ազգային ժողովի պատգամավոր Գրիգոր Ավալյանն (ՀՀԿ խմբակցություն֊խմբ․) այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի համաձայն՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»։

10։15 Երևանի մետրոպոլիտենից մեզ հայտնեցին, որ իրենք գործադուլ չեն իրականացնում և առավոտյան 07։00-ին սկսել են աշխատել բնականոն ռեժիմով, սակայն քաղաքացիների ակցիաների պատճառով (փակել են տարբեր կայարանների մուտքերը), մետրոյի կայարաններում գտնվող մարդկանց ստիպված են եղել տարհանել։

10։05 Փակ է Երևան֊Սպիտակ մայրուղին։ Երևան ուղևորվող մեր զրուցակիցը հայտնել է, որ այս անգամ փակել են նաև շրջանցիկ ճանապարհները, և մեքենաները հնարավորություն չունեն մայրաքաղաք գալ։

09։55 Այս պահին չի աշխատում Երևանի մետրոպոլիտենը։ Epress.am-ի թղթակիցը զրուցել է «Մարշալ Բաղրամյան» կայարանի աշխատակիցների հետ։ Նրանք ասել են, որ գնացքները չեն հասնում իրենց կայարան։ Հարցին, թե արդյոք մետրոյի աշխատակիցները գործադուլ են անում, նրանք պատասխանել են՝ «ոչ, ուղղակի գնացք չի հասնում»։ 

09։45 «Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցների մեծ մասը գործադուլ են անում։ Մի քանի տասնյակ աշխատակիցներ միացել են դեպի օդանավակայան տանող ճանապարհը փակողներին։ Այժմ օդանավակայանում է միայն թռիչքներն ընդունող անձնակազմը։ Վերջին վայրէջքը «Զվարթնոցում» իրականացվել է 09։33֊ին։

09։40 Երևանում տասնյակ ուսումնական հաստատություններ դասադուլ են անում։ Չնայած դրան, որոշ դպրոցների տնօրեններ փորձում են խանգարել դասադուլին։ Մասնավորապես, Երևանի 125 հիմնական դպրոցի դարպասները կողպեքով փակել են, աշակերտներին չեն թողնում դուրս գալ։

09։35 Կիևյան կամուրջի վրա ոստիկաններին խնդրում են միանալ, պահանջում են ՀՀԿ խմբակցության հեռանալը։

09:23 Կալիֆորնիայի Գլենդեյլ քաղաքի հայ համայնքը ԱՄՆ կառավարությանն ուղղված խնդրագիր է կազմել և ստորագրահավաք նախաձեռնել, որով խնդրում է արգելել ԱԺ Հանրապետական խմբակցության 55 պատգամավորների մուտքը երկիր։

09։00 Փակ են Երևանի խոշոր կամուրջները։ Կիևյանի վրա հավաքված մարդիկ վանկարկում են՝ «ՀՀԿ հեռացիր»։

08։45 Վայոց Ձորի մարզում գտնվող Ամուլսարի հանքի վրա աշխատող բոլոր շինկազմակերպությունների աշխատողները գործադուլ են հայտարերել և որոշել են գնալ Երևան: Նրանց մի մասը փակել է Հայաստան֊Իրան միջպետական ճանապարհը։ Այս պահին փակ է նաև Աշտարակից դեպի Երևան տանող ճանապարհը։

08։30 Հետևելով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կոչին՝ այսօր Հայաստանի ողջ տարածքում լայնածավալ խաղաղ անհնազանդության գործողություններ են սսկվել։ Առավոտվա 8-ից փակ են տասնյակ ճանապարհներ բազամթիվ բնակավայրերում։

Մասնավորապես, Երևանի հարավում փակ է Արշակունյաց և Գարեգին Նժդեհի պողոտաները։ Epress.am֊ի թղթակիցը հայտնում է, որ մարդիկ վանկարկում են «Ժողովուրդ, միացեք», «Սերժիկ, սրիկա», «Ով գնում ա գործի, հանրապետականի կռիս ա»։

Բազմաթիվ ուսումնական հաստատություններում դասադուլներ են, տասնյակ հիմնարկներ գործադուլ են անում։

Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովում ՀՀԿ֊ն դեմ քվեարկեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին, որից հետո Հանրապետության հրապարակ գնացած պատգամավորը կոչ արեց նոր թափով սկսել անհնազանդության գործողությունները։