Հեղինակ՝ Վարդան Ազատյան
Տպագրվել է՝ arteria.am
…գորգազարդ զբոսայգին մոտավորապես նույնն է, ինչ գորգի վրա գորգի պատկեր նկարելը հավաստիանալու, որ գորգ ունես:
Գորգն իր գործնական նշանակությունից և առավել լայն խորհրդանշական իմաստներից զատ ունի մարդկային կենսավայրի կառուցման հիմնարար մի գործառույթ: Տան ջերմության ապահովման և տվյալ մշակույթի հավատալիքների արտացոլման հետ մեկտեղ այն ձեռակերտ տարածության ներսում վերարտադրում է բնական միջավայր: Մարգագետիններն ու պարտեզները գորգի միջոցով խորհրդանշականորեն տեղափոխվում են ներս և գորգի վրա նստելը կամ քայլելը վերարտադրում է պարտեզում կամ ծաղկանոցում լինելու փորձառությունը: Գորգը, ըստ էության, արվեստաշեն բնական տարածություն է արհեստագործված կեցավայրի ներսում:
Երևանը 1976 թվականին, աղբյուրը՝ այստեղ
Մարդու՝ իր իսկ ստեղծած տարածքում բնական միջավայրի մեջ զգալու այս փորձառության ապահովումը նորովի շարունակվում է արդի քաղաքների զբոսայգիների ու խոտածածկ տարածությունների մեջ: Այս իմաստով զբոսայգին քաղաքում կատարում է այն գործառույթը, ինչ գորգը՝ ավանդական տան կամ արքունիքի ներսում: Զբոսայգին, ուրեմն, գորգ է քաղաքում՝ այն տարբերությամբ, որ բնական միջավայրի փոխակերպման մարդու ուժն այստեղ այնքան է աճել, որ նա գործնականում փոխում է այդ միջավայրը վերածելով նրա, ինչ փիլիսոփաները կոչում են «երկրորդ բնություն»: Լինել քաղաքային զբոսայգում նշանակում է լինել ոչ թե խորհրդանշականորեն վերարտադրված բնական միջավայրի վրա (ինչպես գորգի պարագայում), այլ վերստեղծված բնական միջավայրի մեջ: Կարելի է ասել, ուրեմն, որ քաղաքային զբոսայգին ահագնացած, միսուարյուն առած բացօթյա գորգ է՝ գորգի վերոհիշյալ գործառույթի զարգացած, արդիական հանգրվան: Քաղաքային զբոսայգին քաղաքացու գորգն է:
Գորգածածկ օջախի ավանդական նիստուկացի կրողից անցումը, բանաստեղծի խոսքով, «մեծաբերան» փողոցներով քաղաքի քաղաքացու չի եղել հարթ ու խաղաղ: Ալեքսանդր Թամանյանը Երևանի հատակագիծն ըստ արդի եվրոպական կենտրոնակազմ քաղաք-պարտեզների նախագծելիս ըստ էության պատերազմ էր հայտարարում հին, իր խոսքով՝ քաղաքի ձև չունեցող Երեւանին, որը ռուսական տիրապետության տակ անցնելուց հետո իսկ էապես շարունակում էր մնալ պարսկական մի քաղաքավան:[1] Այս քաղաքավանն այդուհանդերձ ուներ իր հաստատված կենցաղը, որի անբաժան մասն էին էշն ու ուխտը, չայխանանան, նարդին ու գորգը: Հին քաղաքավանը քանդվեց, քաղաքի ձեւը հիմնավորապես փոխվեց՝ արդիականացվեց, իսկ կենցաղը մնաց անփոփոխ: Խորհրդային իշխանությունների գլխավոր հասարակական խնդիրը 1920-ականներին մարդկանց կենցաղի վերափոխումն էր՝ արդիականացումը (օրինակ՝ աշխատանքի ավանդական բաժանման հետեւանքով առաջացած կանանց տնաշխատ կարգավիճակի հաղթահարումն արտելների միջոցով):[2] Եթե քսանականներին սա արվում էր ժամանակատար ու մեղմ տնտեսական եղանակներով, ապա ստալինյան առաջին հնգամյակների «էպիքական լուսաբացին» կենցաղի արդիականացումը սկսեց ի կատար ածվել բռնի վարչահրամայական մեթոդներով: Գործադիր քաղաքականությունը դարձավ ամենազոր կորցնելով հասարակական և տնտեսական կյանքին իր ենթակայությունը: Կենցաղի արդիականացման գործընթացը ձախողվեց, բայց չդադարեց:
Ալեքսանդր Թամանյան, Երևանի հատակագիծ, 1932 թ․ տարբերակ, աղբյուրը՝ այստեղ
Եվրոպական արդի չափանիշներին ոչնչով չզիջող, լավ նախագծված քաղաքային տարածությունները փթթում էին Խորհրդային Հայաստանում, բայց դրանք զարգանում էին առավելապես անփոփոխ մնացած ավանդական կենցաղավարության պայմաններում: Պարսկական քաղաքավանի նիստուկացն ու մշակույթը թեև անխուսափելիորեն սերտաճում էին խորհրդային արդիականացման հետ (սկսած խորհրդահայ ֆոլկլորի տարաբնույթ դրսևորումներից մինչև «մաղարիչի» բազմապիսի եղանակներ), բայց ի վերջո մնում էին խորհրդային պաշտոնական քաղաքականության լուսավորական հրամայականների ծանրության տակ կքված: Քաղաքային զբոսայգիները անխուսափելիորեն կատարում էին արդիականացված գորգի իրենց գործառույթները, քաղաքային բնակչությունն էլ վայելում էր դրանք, բայց նույն այդ զբոսայգիները իրենց ռացիոնալ նախագծվածությամբ ևհանդիսավոր գեղագիտությամբ հստակորեն կանոնակարգում էին քաղաքացու վարքը զբոսայգում եւ հաճախ մատնում քաղաքացի լինելու՝ ավելի շուտ ծրագիրն ու բարոյական հրամայականը, քան ներքին ազատությունը: Նկատի ունենալով խորհրդային շինարարության սրընթաց տեմպերի և քաղաքաղավարացման համար պահանջվող երկար ժամանակի միջեւ անհամաչափությունը՝ այս զբոսայգիներն ավելի շուտ ինքյան արվեստի գործեր էին, զբոսայգիների իրական մոդելներ:
Խորհրդային Միությունը փլուզվեց: Ստալինյան վարչահրամայական ապարատի ժառանգները վերցնելով իշխանությունը նորանկախ Հայաստանի ուշխորհրդահայ ազգային-ազատական սերնդի ղեկավարությունից, միաժամանակ հառնեցրին խորհրդային արդիականացմամբ ճնշված կենղացավարությունն ու մշակույթը (ի դեպ ստալինյան հեղաշրջումն ինքը բնորոշվել է որպես լենինյան «արևմտական» բոլշևիզմի «ասիական» վերաճ): Լևոն Տեր-Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանի ռեժիմը բնորոշում էր որպես «թաթար-մոնղոլական տիպի խանական համակարգ»,[3] իսկ Հենրիկ Հովհաննիսյանը վերջերս «սուլթան» անվանեց Սերժ Սագսյանին:[4] Արևելյան այս վերաբերությունները «արևելքը» ներկայացնում են Լուսավորականության քննադատական լուսակում շարունակելով խորհրդահայ արդիական մտավորականության՝ Աբովյանի և Արծրունու ազգային լուսավորության «հակա-ասիական» հայեցակետերը: Երեւանի փոխքաղաքապետը Մյասնիկյանի արձանի ետևի զբոսայգու բարեկարգման՝ իրականում հիմնահատակ վերափոխման դեմ բողոքող քաղաքացիներին հանդիպելիս հավաստիացնում էր, որ արդյունքում քաղաքը ունենալու է մի հրաշալի զբոսայգի, որն անպայմանորեն սիրելի է դառնալու երևանցիների համար:[5] Կասկածից վեր է, որ նա անկեղծորեն հավատում էր իր խոսքերին: Երևանցիներից շատ-շատերի համար եւս խորթ չէ գորգազարդ զբոսայգու գաղափարը՝ հատկապես համալրված գունեղ շատրվաններով, ընձեռված որպես տոնի առիթով նվիրատվություն՝ մի յուրօրինակ «մաղարիչ»: Այս նախագիծը մեկն է պարսկական քաղաքավան Երեւանի մշակույթի հետխորհրդահայ հառնեցումներից: Այն խորհրդային հակասալից արդիականացման հետեւանք է ու միաժամանակ նախաարդիական կենցաղի անհրաժեշտ վրեժը խորհրդային լուսավորական նախագծից: Փոխքաղաքապետն իսկապես ի վիճակի չէ հասկանալ, որ քաղաքային զբոսայգին արդեն իսկ զարգացած բացօթյա գորգ է, իսկ գորգազարդ զբոսայգին մոտավորապես նույնն է, ինչ գորգի վրա գորգի պատկեր նկարելը հավաստիանալու, որ գորգ ունես:
Մյասնիկյանի արձանի ետնամասի զբոսայգու նախկին տեսքը, աղբյուրը՝ այստեղ
Այդուհանդերձ, գորգի պատկերի քաղաքային զբոսայգում հայտնվելու փաստի բացատրությունը չպետք է սահմանափակվի այս կամ այն պաշտոնյայի կոռումպացված վարքուբարքի կամ գիտակցության վկայակոչմամբ, առավել ևս անճաշակության մեջ պարզ քննադատությամբ: Հայաստանում դեռևս քրիստոնեությունից սկսած արդիականացման նախագծի հարձակումներն ու ավանդական կենցաղի փոխհատուցումները ապահովում են այն լարումը, որը հայաստանյան մշակութային կյանքի կայացման թերեւս գլխավոր պայմանն է:[6] Մշակութային քաղաքականությունները Հայաստանում պետք է ելնեն այս լարման իրականությունից, միտված լինեն նույն այդ լարման ծավալման համար արդյունավետ պայմանների ապահովմանը: Լարման բևեռների ներկայացուցիչները որքան էլ միմյանց հակառակ, ներքուստ փոխկապակցված են և արդիականացման անխուսափելի, բայց եւ ցավագին փորձառության կրողներն են կամա, թե ակամա: Երբ այս բեւեռներն իրարից բաժանված չեն կապիտալի և ուզուրպացված քաղաքական իշխանության պատնեշով (ինչպես ցուցարարների եւ փոխքաղաքապետի դեպքում), հանուն հասարակական արդարության համաժողովրդական հեղափոխական զարթոնքների ժամանակ նրանք, որպես կանոն, կարճատեւ համերաշխում են՝ ճանապարհ հարթելով միեւնույն լարման նոր դասավորությունների համար:[7]
——————-
[1] Ալեքսանդր Թամանյան, «Զեկուցում Յերեւանի հատակագծման մասին» (1924), ըստ՝ Վարդան Ազատյան (խմբ․), Հանրային ոլորտի և հասարակայնության միջև (Երեւան: Ուտոպիանա եւ Հովհաննիսյան ինստիտուտ, 2014), էջ 113: Առցանց հրատարակությունը տե՛ս http://www.arteria.am/hy/1429464913 – այց՝ 20․05․18:
[2] Տե՛ս Ֆլորա Վարդանյան, «Նոյեմբերի 29-ը յեվ Հայաստանի աշխատավորուհին» (1924), ըստ՝ Ազատյան, Հանրային ոլորտի եւ հասարակայնության միջեւ, էջ 148-149:
[3] Լևոն Տեր-Պետրոսյան, Վերադարձ (Երևան: ՀՀ Առաջին Նախագահի Արխիվ, 2009), էջ 117:
[4] Տե՛ս Ֆեյսբուքում Anna Givargizyan օգտատերի հրապարակած հարցազրույցը․ https://www.facebook.com/annagivargizian/videos/1600835033368906/ – այց՝ 20․05․18:
[5] Տեսանյութը տե՛ս https://www.youtube.com/watch?time_continue=2758&v=2YDSQWH-Jq8 – այց՝ 20․05․18:
[6] Այս կապակցությամբ Լեոն գրում էր․ «Քրիստոնեյական թվականության յերրորդ դարի վերջին քառորդում հայությունը վերեւից, արքունիքից սկսված մի հեղափոխությամբ, վոր հենված եր պետության զինվորական ուժերի վրա, խլվեց իր հազարամյա կուլտուրական կռվանից [Իրանի կուլտուրական աշխարհից] եւ քշվեց դեպի ծայրահեղ հակադիր մի քաղաքակրթություն, դեպի քրիտոնեյություն, վոր ասել ե դեպի յեվրոպականություն»: Լեո, «Կոմմունիզմը հայոց պատմության մեջ», Նորք, թիվ 1, 1922, էջ 130-150: Առցանց հրատարակությունը տե՛ս http://arteria.am/hy/1411628562 – այց՝ 20․05․18:
[7] Այս լարման պատմական փոխակերպումների` հատկապես Սեֆյան Պարսկաստանի արդիականացման և Ռուսաստանի՝ արդիական քաղաքական ասպարեզ իջնելու տեսակետից տե՛ս Աշոտ Հովհաննիսյան, Իսրայել Օրին և հայ ազատագրական գաղափարը/Israel Ory und die armenische Befreiungsidee (1913) (Երևան: Հովհաննիսյան ինստիտուտ, 2016):
Տեսարան Մյասնիկյանի արձանի ետնամասում կառուցվելիք գորգազարդ զբոսայգուց