հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Համայնքներ / Դիտորդները որոշ խախտումներ են արձանագրում ընտրատեղամասերում

Դիտորդները որոշ խախտումներ են արձանագրում ընտրատեղամասերում

Ժամը 11:00-ի դրությամբ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում գրանցվել է 91 խախտում և 6 միջադեպ, ըստ «Ականատես» նախաձեռնության (այն ներառում է՝ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն», Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպություններ և «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնություն)։ Հիմնականում խախտումները վերաբերում են տեղամասի անմատչելիությանը, վիճակահանության կարգին, քվեարկության սենյակի կահավորմանը, կողմնակի անձանց ներկայությանը:

Կենտրոն 9/36 տեղամաս։ Հանձնաժողովի անդամների գործառույթների հերթափոխը չի իրականացվում սահմանված կարգով. ժամը 11:00-ի դրությամբ քվեաթերթիկներ և քվեարկության ծրարներ հատկացնող հանձնաժողովի անդամները չեն կատարել գործառույթների փոփոխություն:

Աջափնյակ 6/8։ Մի քաղաքացի մեքենայով (մակնիշը՝ Տոյոտա կոռոլա) տեղամաս է բերել մի քանի ընտրողների, այնուհետև մուտք է գործել տեղամասային կենտրոն և հանձնաժողովի անդամ Գայանե Խուրշուդյանին հարցրել՝ արդյո՞ք ամեն ինչ կարգին է, և ապա հեռացել է տեղամասից: Դիտորդը պահանջել է գրանցել խախտումը տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում, սակայն հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Մնացականյանը հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ կգրանցի խախտումը, եթե տվյալ անձը կրկին մուտք գործի տեղամաս: Երկրորդ անգամ տվյալ անձը դարձյալ մի քանի ընտրողների է բերել տեղամաս, սակայն, տեղամասային կենտրոն մուտք չի գործել: Դիտորդը կրկին խնդրել է գրանցել խախտումը գրանցամատյանում, սակայն առաջարկը կրկին մերժվել է հանձնաժողովի նախագահի կողմից․ նա պատճառաբանել է, որ հնարավոր է անձը իր ընտանիքի անդամներին է ուղեկցում տեղամաս և կգրանցեն խախտումը այն դեպքում, եթե վերջինիս կրկին անգամ նկատեն տեղամասի տարածքում:

Շենգավիթ 8/39։ Դիտորդը 9։48-ին հայտնել է, որ 08:00-ին տեղամասից մոտ 70 մ հեռավորության վրա կայանված է առանց պետհամարանիշների ավտոմեքենա, որի կողքը կան տղամարդիկ: Նկատել են դեպքեր, երբ ընտրողները դուրս են եկել տեղամասից և մոտեցել են այդ ավտոմեքենային:

Դավթաշեն 5/10։ Դիտորդը տեղեկացրել է, որ քվեախցիկի հետևում առկա է դուռ, որի վրա կա բանալի: Դիտորդը խնդրել է տեղափոխել քվեախցիկը և վերջինիս խնդրանքին ի պատասխան սկզբում հանձնաժողովի նախագահը հրաժարվել է տեղափոխել քվեախցիկը, այնուհետև, երբ դիտորդը պահանջել է արձանագրել գրանցամատյանում խախտման վերաբերյալ իր գնահատականը, վերջինս համաձայնվել է և քվեախցիկը տեղափոխվել է:
Ավելի ուշ, Տարածքային ընտրական հանձնաժողովից այցելել են տեղամաս և պահանջել նույն տեղում դնել քվեախցիկը, իսկ ետնամասում գտնվող դռան վրա փակցվել է թուղթ՝ դիտորդի ստորագրությամբ:

Բացի դա, խախտումներ է արձանագրել «Անկախ դիտորդ» նախաձեռնությունը։ Դրա ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը ժամանել է թիվ 4/20 ընտրատեղամաս, որտեղից նախաձեռնության դիտորդն ահազանգել էր խախտումների մասին։

Իոաննիասյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմել է, որ հանձնաժողովի նախագահը «Լուսավոր Հայաստան» կուսակցության կրծքանշանն էր կրում, ինչը տեղամասում քարոզչություն է հանդիսանում, իսկ դա արգելված է։

Նա նաև հայտնեց, որ հանձնաժողովի նախագահը խոչընդոտում է իրենց դիտորդի գործունեությունը։

Իոաննիսյանը՝ դիմելով հանձնաժողովի նախագահին, հարցրել է, արդյոք նա «Լուսավոր Հայաստանի» կրծքանշան էր կրում և արդյոք տեղյակ է, որ դա վարչական իրավախախտում է․ «Դուք որպես հանձնաժողովի անդամ ընդհանրապես իրավունք չունեք քարոզչությամբ զբաղվել, ընտրական տեղամասում առավել ևս։ Դա վարչական խախտում է, որը մենք երևի դատարան կտանենք»։ Կինն ասաց, որ արդեն հանել է կրծքանշանը։

Հանձնաժողովի նախագահը հերքեց դիտորդի գործունեությանը խոչընդոտելու մասին տեղեկությունը․ «Բացարձակ չենք խոչընդոտել։ Ես խնդրել եմ ուղղակի, եթե հոսքը շատանում ա, մեկը մյուսին չխանգարեն աշխատանքների ժամանակ ընդամենը»։ Իոաննիսյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ դիտորդի գործունեությանը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է։