Home / ԼԳԲՏ+ / Քաղաքապետարանի վրայից հանել են հանդուրժողականության պաստառների հեռացման պատասխանատվությունը

Քաղաքապետարանի վրայից հանել են հանդուրժողականության պաստառների հեռացման պատասխանատվությունը

Սեպտեմբերի 27-ին Երևանի վարչական դատարանի դատավոր Ռաֆայել Խանդանյանը կարճել է Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ-ն (Փինք Արմենիա) ընդդեմ քաղաքապետարանի գործը, որով կազմակերպությունը պահանջել էր ճանաչել իր իրավունքների ոտնահարումը և վերականգնել գովազդային պաստառները։ Կազմակերպությունը պատրաստվում է դիմել Վերաքննիչ դատարան։

«Նուշիկյան Ասոցիացիայի» և Փինք Արմենիա֊ի միջև կնքված պայմանագրի համաձայն, «Դու ուզո՞ւմ ես, որ բոլորը երջանիկ լինեն, ուրեմն մաղթիր մեզ երջանկություն», «ԼԳԲՏ անձինք անտեսանելի չեն։ Դուք հանդիպում եք նրանց ամեն օր» և «Տրանս անձինք մեր հասարակության մասն են» գրությամբ պաստառները նախորդ տարվա մայիսի 25֊ից հունիսի 25֊ը պետք է տեղադրված լինեին Երևանում, սակայն փակցվելուց երկու օր հետո Քաղաքապետարանի պահանջով ապամոնտաժվել էին՝ պատաճառաբանությամբ, որ պաստառները տեղադրած գովազդային գործակալությունը՝ Նուշիկյան ասոցիացիան, քաղաքապետարանից թույլտվություն չէր ստացել դրանք տեղադրելու համար և դրանք ապօրինի են։

Կազմակերպությունը դիմել էր Մշակույթի նախարարություն, որտեղից պատասխանել էին, որ հրաժարվել է այդ երեք գովազդները սոցիալական ճանաչել։ Նշել էին նաև, որ «ներկայացված գովազդային նախագծերը որևէ հանրային կարևորության խնդրի չեն անդրադառնում» և «գովազդային պաստառները ոչ միայն քարոզում են հանրության այդ խավի գոյության մասին, այլև բացահայտ գովազդում են ոչ ավանդական սեռական կողմնորոշում քարոզող մի շարք կազմակերպությունների»։

«Փինք Արմենիան» դիմել էր ՀՀ Վարչական դատարան, որովհետև կազմակերպության ներկայացուցիչների կարծիքով՝ պաստառները հեռացվել են, ոչ թե թույլտվություն չունենալու պատճառով, այլ  որ դրանք վերաբերել են ԼԳԲՏ անձանց նկատմամբ հանդուրժողականությանը։ Քննությունից 8 ամիս անց գործը կարճվել է։