Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնության անդամները, բացելով նախկին ուսանողական խորհրդի չհրկիզվող պահարանը, Հանրապետական կուսակցության անդամատոմսեր են գտել։
Ինչպես հայտնում է Restart Times ֆեյսբուքյան էջը, ԵՊԼՀ նախկին ուսանողական խորհուրդը, ամենայն հավանականությամբ, կուսակցական գործունեություն է ծավալել` խախտելով ապակուսակցականության սկզբունքը։
«Սույն դեպքի առթիվ քննադատական մեկնաբանություններից զերծ ենք մնում, քանի որ բոլորիս է հայտնի` ինչով են զբաղվել նախկինում ուսանողական նմանատիպ կառույցները։
Ուսանողական կառույցների տոտալ առողջացումը շարունակվում է։ Հավելենք` առաջիկայում տեղի են ունենալու ԵՊԼՀ ուսանողական խորհրդի նոր ընտրություններ ԿԳՆ֊ի կողմից հաստատված նոր կանոնադրությամբ», – նշվում է գրառման մեջ։
Նախաձեռնությունից Միքայել Նազարյանն իր էջում տեղեկացրել է չհրկիզվող պահարանում 56 ՀՀԿ կուսակցական տոմս հայտնաբերելու մասին։
«Ստիպված էինք ՈւԽ չհրկիզվող պահարանը «болгарка»-ով բացել, քանի որ վերջինիս անձնակազմը հրաժարվում էր մեզ տրամադրել բանալիները։
Նշեմ, որ չհրկիզվող պահարանի բացելը ինքնանպատակ չէր։ Սպասվում էր, որ այնտեղ պետք է լինեն ՈՒԽ հաշվեկշռին դրված ֆոտոխցիկն ու «notebook»-երը»։