Home / Կրթություն / ԵՊՀ ուսխորհուրդը խախտումներով է գործում․ Պայքարը շարունակվում է

ԵՊՀ ուսխորհուրդը խախտումներով է գործում․ Պայքարը շարունակվում է

Տեսանյութում «Ռեստարտ» ուսանողական- քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ Դավիթ Պետրոսյանը պատասխանում է «Կոմունա» սոցիալ-մշակութային պլատֆորմի անդամ Զառա Հարությունյանի հարցերին։ Զրույցը տեսաձայնագրվել է նոյեմբերի 2-ին։

Ստորև ներկայացվող Դավիթ Պետրոսյանի նամակը նոյեմբերի 8-ին հանձնվեց Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանին, ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանին և ԵՊՀ Ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանին:

Սույն նամակը իր մեջ պարունակում է տեղեկություններ այն մասին, որ ԵՊՀ ՈՒԽ կանոնադրության և գործունեության մեջ առկա են խախտումներ:

Ըստ ԵՊՀ ՈՒԽ կանոնադրության՝ ԵՊՀ ՈՒԽ-ի բարձրագույն կառավարող մարմինը ՈՒԽ համագումարն է, որը ըստ նույն կանոնադրության՝ գումարվում է առնվազն 3 տարին 1 անգամ։
Կանոնադրության 4-րդ կետի 4.7 ենթակետը ներկայացնում է համագումարի գործառույթները, որոնք ներկայացված են ստորև:

ԵՊՀ ՈՒԽ Համագումարը՝
1- Ընդունում է ՈՒԽ կանոնադրությունը, փոփոխություններ և լրացումներ կատարում նրանում։
2- Լսում և հաստատում է ՈԻԽ նախագահության տարեկան հաշվետվությունը։
3- Քննարկում և սահմանում է ՈՒԽ տարեկան գործունեության կարևորագույն ուղղությունները և առաջիկա տարվա ծրագրային առաջնայնությունները։
4- Որոշում է կայացնում ՈՒԽ վերակազմավորման վերաբերյալ։
5- Հաստատում է նախագահության կազմը։
6- Ընտրում է ՈՒԽ վերստուգիչ հանձնաժողովի անդամներին։

Ուսումնասիրելով ԵՊՀ ՈՒԽ կանոնադրության 3-րդ և 4-րդ բաժինները կարող ենք արձնագրել, որ Կանոնադրությունում կա մեկ բացահայտ և մի քանի թաքնված հակասություններ: Ըստ Կանոնադրության 4-րդ կետի 4.6 ենթակետի ԵՊՀ ՈՒԽ Համագումարը գումարվում է առնվազն 3 տարին մեկ անգամ: Ըստ նույն կետի 4.2 ենթակետի Համագումարի պատվիրակների ուղղակի ընտրությունը տեղի է ունենում երկու տարին 1 անգամ։ Ըստ ԵՊՀ ՈՒԽ կանոնադրության 3-րդ բաժնի 3.4-ի գ կետի ԵՊՀ ՈՒԽ պատվիրակների ընտրություններից հետո հրավիրվում և կազմակերպվում է ԵՊՀ ՈՒԽ նոր գումարման անդրանիկ Համագումարը: Այսինքն ՈՒԽ համագումար առնվազն պետք է գումարվի ոչ թե 3 տարին մեկ անգամ այլ նվազագույնը՝ 2:

Բացի դրանից Կանոնադրության 4-րդ բաժնի 4.6 կետում նշված է, որ Համագումարը հաստատում է Նախագահության տարեկան հաշվետվությունը, քննարկում և սահմանում է
ՈՒԽ տարեկան գործունեության կարևորագույն ուղղությունները և առաջիկա տարվա ծրագրային առաջնայնությունները: Այսինքն ՈՒԽ Համագումարը ամեն տարի ունի կատարելու կոնկրետ գորածառույթներ և հետևաբար անհասկանալի է դառնում, թե ինչպես Համագումարը պետք է գումարվի առնվազն 3 տարին մեկ անգամ:

Անդրադառնալով խախտումներին՝ փաստում եմ, որ ԵՊՀ ՈՒԽ վերջին համագումարը տեղի է ունեցել 2014թ․ դեկտեմբերին։ Այսինքն՝ նշված 3 տարվա ժամկետից անցել է առնվազն 8 ամիս, ինչ տեղի չի ունեցել ԵՊՀ ՈՒԽ բարձրագույն կառավարող մարմնի՝ համագումարի նիստը։ Հետևաբար համագումարը չի կատարել իր լիազորությունները և պարտականությունները ։ Ներկայիս ԵՊՀ ՈՒԽ նախագահությունը հաստատված չէ համագումարի կողմից, որը ընտրել է ներկայիս ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանին /18․01․2018թ․ ընտրման ամսաթիվ/։

Նկատելով նշված խախտումները՝ հարցում եմ կատարել ԵՊՀ Հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժին՝ խնդրելով ինձ տրամադրել ԵՊՀ ՈՒԽ պատվիրակների ընդհանուր քանակը և վերջին համագումարի նիստի ամսաթիվը և արձանագրությունները։ Այնուհետև Երևանի պետական համալսարանի ներկայացուցիչ Կարեն Հեքիմյանի կողմից ստացել եմ նամակ, որտեղ նշված է՝ հարցումը բազմածավալ է և պահանջվում է ևս 25 օր հարցմանը պատասխանելու համար։ 25 օր անց ստացել եմ նամակ, համաձայն որի՝ ինձ առաջարկել են դիմել ԵՊՀ ուսանողական խորհուրդ, որի գրասենյակը գտնվում է ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի 6-րդ հարկում։

Մինչ համագումարի մասին տեղեկատվություն ստանալու նպատակով ուղարկված հարցումը, ես կատարել եմ բազմաթիվ հարցումներ՝ գրավոր կերպով ուղարկելով ԵՊՀ լրատվության բաժին, որը գտնվում է ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի 6-րդ հարկում։ Մասնավորապես հարցում եմ կատարել ԵՊՀ ՈՒԽ-ի ֆինանսական հաշվետվության և գործունեության վերաբերյալ, որոնց համար միշտ ստացել եմ պատասխաններ, հետևաբար հարց է առաջանում, թե ինչու պատասխան չեմ ստացել համագումարի վերաբերյալ։ Հատկանշական է, որ ԵՊՀ լրատվության բաժինը 5 աշխատանքային օրվա ընթացքում ինձ չի հայտնել, որ ես պետք է հարցումը ուղարկեմ ԵՊՀ ՈՒԽ-ի գրասենյակ, այլ խնդրել է հավելյալ 25 օր, որից հետո՝ մերժել։ Այստեղ նկատվում է ակնհայտ միտում, որտեղ կոլեկտիվ ջանքերով կոծկվել են տվյալները։ Ուստի Ձեր ուշադրությունն եմ հրավիրում նաև այս խնդրին:

Ըստ ԵՊՀ Ուսանողական խորհրդի կանոնադրութան Ուսանողական խորհրդի Վերստուգիչ հանձնաժողովը իրականացնում է Ուսանողական խորհրդի գործունեության կանոնակարգային համապատասխանության և ֆինանսական միջոցների ու գույքի օգտագործման նպատակով վերահսկողություն։ Վերստուգիչ հանձնաժողվը ընտրվում է ՈՒԽ համագուրի կողմից և հաշվետու է միայն վերջինիս։ Պարզելու համար, թե ովքեր են այժմ հանդիսանում ԵՊՀ Ուսանողական խորհրդի Վերստուգիչ հանձնաժողովի անդամները, հարցում ուղարկեցի ԵՊՀ Հասարակայանության հետ կապերի և լրատվության բաժին և ստացա 3 հոգու տվյալներ։ Անդամներից մեկը մեզ հետ զրույցումում հաստատեց, որ Վերստուգիչ հանձնաժողովի անդամ դարձել է 2014թ․ տեղի ունեցած համագումարի ժամանակ։ Այսինքն ներկայիս կազմի լիազորությունները արդեն մոտ 8 ամիս է, ինչ դադարեցվել են։

Հաջորդ հավանական խախտումը և/կամ բացթողումը ԵՊՀ ՈՒԽ կանոնադրության հաստատված չլինելու փաստն է։ Ուստի, խնդրում եմ ինձ տեղեկացնել՝ արդյոք հաստատված է ԵՊՀ ՈՒԽ կանոնադրությունը ԿԳՆ-ի կողմից։ Նախկին պրակտիկան ցույց է տալիս, որ համալսարանների կարգավիճակային փոփոխություններից հետո/հիմնադրամից պոակ կամ հակառակը/ հիմնականում մոռացության են մատնվում ուսանողական կառույցների կանոնադրությունները։

Այսպիսով, խնդրում ենք ուսումնասիրել ԵՊՀ ՈՒԽ-ի ընդհանուր գործունեության իրավաչափ լինելը:

Կանխավ շնորհակալություն։

Ավելացնեմ, որ սա այն նույն նամակն է, որ 2018թ. օգոստոսին ուղարկվել է ԿԳՆ և նամակում նշված ժամկետները պետք է հաշվել 2018թ. օգոստոսից:

Հարգանքով՝
Դավիթ Պետրոսյան