Home / Բանակ / Ռուսաստանյան վարձկանները դիմել են միջազգային դատարան

Ռուսաստանյան վարձկանները դիմել են միջազգային դատարան

Ռուսական մասնավոր ռազմական ընկերությունների մարտիկները դիմել են Միջազգային քրեական դատարան՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել այդ բիզնեսի հիմնադիրներին, կազմակերպիչներին և բոլոր նրանց, ովքեր օգնում են մասնավոր ռազմական կազմակերպություններին:

Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությանը հայտնել է Համառուսաստանյան սպայական ժողովի կոմիտեի նախագահ Եվգենի Շաբաևը:

ЧВК “Вагнер”Միջազգային քրեական դատարանի դատախազ Ֆատու Բենսուդային հասցեագրված ուղերձը ստորագրել են 18 համառուսաստանյան և շրջանային հասարակական կազմակերպությունների 357 պատվիրակներ Ռուսաստանի 52 շրջաններից: Ուղերձի տեքստը քննարկվել է համառուսաստանյան սպայական ժողովում, որն անցել է “ЧВК. Гибель армии – #НасТутНет” նշանաբանի ներքո («Մասնավոր ռազմական ընկերություն: Բանակի մահը: #Մենք այստեղ չենք»: Այս բառախաղի ակնարկը հասցեագրվում է պաշտոնական Կրեմլի մշտական հավաստիացումներին, թե ռուս զինվորներ Ուկրաինայում կամ որևէ ուրիշ թեժ գոտում չկան՝ “их там нет”:

Մինչդեռ, ըստ Համառուսաստանյան սպայական ժողովի և վետերանների միությունների, մասնավոր ռազմական ընկերությունների հարյուրավոր մարտիկներ են սպանվում: Զոհեր կան ոչ միայն Դոնբասում, այլև` Սիրիայում, Լիբիայում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, Հյուսիսային և Հարավային Սուդանում, Եմենում և Գաբոնում:

«Մենք՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներս, հիմնվելով Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի 15-րդ հոդվածի վրա, խնդրում ենք proprio motu սկզբունքով, այն է՝ սեփական նախաձեռնությամբ, գործ հարուցել մեր ներկայացրած փաստերով», – ասվում է ռուսաստանցիների դիմումում:

Վետերանների միությունների փոխանցմամբ՝ անցած երեք տարիների ընթացքում նամակներ են ստացվել հազարավոր քաղաքացիներից, ովքեր ծառայել են մասնավոր ռազմական ընկերություններում կամ աշխատել են անվտանգության և պահակային ծառայություններ մատուցող մասնավոր հիմնարկներում:

ՌԴ Դաշնային խորհուրդը հերքում է մասնավոր ռազմական ընկերությունների գոյության փաստը: Մինչդեռ այդ կազմավորումների անմիջական անդամները պնդում են, որ դրանք կան, և հայտնում են կոնֆլիկտներում զոհված կամ վիրավորված մարդկանց մասին:

Ռուսաստանցիներն արտասահմանում ռազմական գործողություններին մասնակցում են իբրև կամավորներ, պետությունը չի ճանաչում նրանց գոյությունը: Այդ մարդիկ չունեն իրավական կարգավիճակ, ուստի զրկված են պաշտպանութունից և վետերաններին հասանելիք արտոնություններից կամ սոցիալական օգնությունից:

Ընդ որում, շատերը ստիպված միանում են «Պատրիոտ» և «Վագներ» անուններով հայտնի մասնավոր ռազմական ընկերություններին: Նրանք, որպես կանոն, պատկերացում չունեն ստորագրվող պայմանագրերի մասին և արտասահմանում՝ «թեժ կետերում» շահագործվում են որպես իրավազուրկ վարձկաններ:

Միջազգային քրեական դատարանին ուղերձ փոխանցած պատվիրակներն ասել են «Ազատությանը», որ եթե գործ հարուցվի, մեծ թվով խաբված մարտիկներ ցուցմունքներ կտան: