Սիսիանի բնակիչ Հասմիկ Սարգսյանին ոստիկանության բաժանմունքում խոշտանգել և ստիպել են գրել, որ 4000 դրամի փոխարեն 10 հազար է գողացել։ Կինը պնդում է, որ ոստիկանները դա արել են, քանի որ դեպքից առաջ ինքը չի ցանկացել համագործակցել ոստիկանության հետ՝ դառնալ «ոստիկանության համար խոսք տանող-բերող»։ 4000 դրամի գողությունը քրեական պատասխանատվություն չի ենթադրում, իսկ արդեն 10 հազար դրամի դեպքում անձը ենթարկվում է քրեական պատասխանատվության։ Բացի դրանից, կարծում է կնոջ պաշտպան Արա Ղարագյոզյանը, ոստիկանների համար «լավ է», որ իրենք շատ հանցագործություններ են բացահայտում։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Դավիթ Բալայանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Հասմիկ Սարգսյանի՝ Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից բողոքի կարճման դեմ հայցով առաջին լիարժեք նիստը։
«Գրի՛, թե չէ քանոնը բերանդ կմտցնեմ»
Ծայրահեղ աղքատության մեջ ապրող 4 երեխաների միայնակ մայրը՝ Հասմիկ Սարգսյանը, 2017 թվականի հուլիսի 4-ին երեխաներին կերակերլու համար մտել է հարևանուհու տուն և պայուսակից վերցրել է 4000 դրամ։ Դրանով Հասմիկը բանջարեղեն և մթերք է գնել։ Կնոջ խոսքով՝ դա տեսել են նաև այդ օրն իր տուն այցելած ոստիկանները, որոնք նրան տարել են ոստիկանություն՝ Մանաս Ստեփանյանի մոտ։
Հասմիկի խոսքով՝ ինքը պատմել է դեպքի մանրամասները և ասել, որ 4000 դրամ է գողացել։ Սակայն Ստեփանյանը զայրացել և ասել է՝ կծեծի, եթե չգրի, որ 10 հազար է գողացել։ Դրանից վախենալով՝ Հասմիկը գրել է այնպես, ինչպես ոստիկաններն են թելադրել։ Արդեն հետաքննիչ Հակոբյանի մոտ, կինն ինքն է հայտնել, որ 10 հազար է գողացել։
Հաջորդ օրը Հասմիկին տարել են օպերլիազոր Պետիկ Ալեքսանյանի մոտ։ Այնտեղ, այլևս չդիմանալով, Հասմիկը հայտնել է, որ ինքն իրականում 4000 է գողացել։ Հասմիկը պատմում է, որ Ալեքսանյանը քանոնը պահել է իր ուղղությամբ և ասել, որ եթե պնդումը շարունակի, քանոնը կմտցնի բերանը։
«Գրի՛ 10 հազար, մեկ ա՝ չես դատվելու, հորս գերեզմանը վկա», – Հասմիկի խոսքով՝ ասել է Ալեքսանյանը։
Այնտեղ է եղել նաև Հասմիկի անչափահաս դուստրը՝ 9-ամյա Տաթևիկը։ Երեխան սկսել է լացել․ «Էդ ժամանակ ասացին՝ մի՛ լացի, մամային չենք ծեծում, կատակ ենք անում»։
Դրանից հետո Հասմիկը ստիպված հաստատել է, որ 10 հազար է գողացել։
Հիմնվել են միայն չինովնիկների ցուցմունքների վրա
Սիսիանի ոստիկանների և քննիչների գործողությունների դեմ Հասմիկ Սարգսյանը բողոքել է Հատուկ քննչական ծառայությունում։ Գործը «կիսատ-պռատ» քննելուց հետո որոշվել է այն կարճել։ Հետագայում Հասմիկը դատախազությունում վիճարկել է քննիչի որոշումը, սակայն այնտեղից էլ հաստատել են, որ գործը իրոք պետք է կրճվեր, քանի որ քննիչը կատարել է բազմակողմանի քննություն։ Դատարանում այսօր Հասմիկը վիճարկում է քրեական հետապնդումը չիրականացնելու և գործը կարճելու մասին քննիչ Զավեն Թադևոսյանի կողմից կայացրած որոշումը։ Նշենք, որ Թադևոսյանը դատական նիստին չէր ներկայացել, քանի որ, ըստ դատավորի, ազատվել է աշխատանքից։
Քննիչն անգործություն է թույլ տվել և լիարժեք քննություն չկատարած՝ գործը կարճել է, պնդում է Ղարագյոզյանը․ «Շատ փնթի գործ է արված»։
Մասնավորապես, քննիչը չի ճշտել, թե աշխատասենյակում, որտեղ, Հասմիկի պնդմամբ, իրեն խոշտանգել են, եղե՞լ են տեսանկարահանող սարքեր, թե ոչ։ Գործը կարճելու հիմքում դրվել է ոստիկանների և հետաքննիչների ցուցմունքները, իսկ ձեռք բերված ապացույցներին տրվել է միակողմանի գնահատական՝ քողարկելով ոստիկանության աշխատակիցների գործողությունները․ «Սակայն այդ անձանց ցուցմունքները չէր կարող արժանահավատ համարվել, քանի որ, նմանատիպ ցուցմունք տալով, ոստիկանության աշխատակիցները և քննիչները փորձել են խուսափել քրեական պատասխանատվությունից»։
Քննիչը չի կատարել դատահոգեբանական քննություն՝ հասկանալու համար կնոջ վիճակը․ «Հոգեբանի և հոգեբույժի միջոցով հնարավոր էր պարզել՝ անձը հոգեբանական ճնշման ենթարկվե՞լ է, թե ոչ»։
Չի հարցաքննվել նաև Հասմիկի՝ դեպքին վկա դուստրը։
«Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանն առերես հարցաքննություններից մեկի ժամանակ ներկա է եղել և դատարանում այսօր պատմել է, որ, այն, ինչ ասել է Հասմիկ Սարգսյանը, ուղղակի ընդունվել է միայն որպես ի գիտություն․ չի ստուգվել Սարգսյանի այն պնդումը, թե Մարիետա Հովհաննիսյանը, որի տնից կատարվել է գողությունը, որոշակի անձնական կապ ունի քննիչ Նարեկ Ստեփանյանի հետ։ Պողոսյանը հիշում է, որ երբ առերես հարցաքննության ժամանակ Հասմիկը Մարիետային հարցրել է, թե ինչքա՞ն է գողացել, նա նշել է՝ 4000 դրամ, բայց երբ քննիչը սկսել է գրառել Հովհաննիսյանի ցուցմունքը, նա խոսքը փոխել է և ասել է, որ 10 հազար է գողացել։ Բացի դրանից՝ Հասմիկ Սարգսյանին տարել են ոստիկանության բաժին մինչև Մարիետայի կողմից հաղորդում տալը։
Պողոսյանը ուշադրություն է հրավիրել նաև այն փաստի վրա, որ Հասմիկը մեղադրվում է 10 հազար դրամի գողության համար, բայց գործի նյութերում նշված է նաև կողպեքի արժեքը․ «Հիմա հետաքրքիր բան է ստացվում․ 10 հազար դրամ գումարած կողպեքի արժե՞քը, թե 4000 հազար դրամ գումարած կողպետք արժեքը։ Այս հարցին առերես հարցաքննության ժամանակ քննիչը չկարողացավ պատասխանել»։ Սրանք մանր դետալներ են, նշել է Պողոսյանը, սակայն շատ կարևոր են գործի քննության համար, և այդ բոլորին քննիչը պետք է ուշադրություն դարձներ։
Արի մեզ խաբար տուր՝ Սիսիանում ով ինչ է գողանում
Ինչո՞ւ էր ոստիկանությունը շահագրգռված եղել, որ Սարգսյանը հայտնվի բանտում։ Ի թիվս այլ վարկածների՝ Հասմիկը կապում է դա նրա հետ, որ դեռևս դեպքից առաջ ոստիկանույթունն իրեն առաջարկել է համագործակցել, սակայն ինքը հրաժարվել է։
«Սիսիան ինչ գողություն լիներ, ինձ կանչում էին ոստիկանություն, ասում՝ էս ինչ տեղը գողություն է եղել, դուրս արի, խոսի ժողովրդի հետ, տես՝ ով է արել, արի խաբար տուր, մենք էլ կասենք Արդարադատության նախարարին, որ մեզ հետ համագործակցում ես, քեզ կալանքից կազատենք։ Ասում էին՝ կարա վատ լինի, եթե չհամագործակցես»։
«Մի հատ էլ դատարաններից բողոքու՞մ եք»
Նախագահող դատավոր Դավիթ Բալայանը դատական նիստի էր եկել առանց գործի նյութերին ծանոթ լինելու։ Օրենքը չի պարտադրում, արդարացավ դատավորը։ Նիստի ընթացքում, թերթելով Հասմիկի գործը, Բալայանը իմիջայլոց հարցել է Հասմիկին՝ քանի՞ անգամ ես գողություն արել։ Հասմիկը նշել է, որ 3 անգամ, նախորդ անգամները նրա նկատմամբ կալանք չի կիրառվել պայմանականորեն։
«Մի հատ էլ դատարաններից բողոքու՞մ եք», -քմծիծաղ է տվել դատավորը և առաջ անցել։
Դատարանները, օրենքը, դատավորները մարդակենտրոն չեն, ամիսներ շարունակ պնդում են Հասմիկին աջակցող իրավապաշտպանները և այլ քաղաքացիներ. Հասմիկ Սարգսյանի գործի նման գործերը չպետք է քննել միայն «չոր օրենքի շրջանակներում»։ Գուցե օրենքը ենթադրում է, որ եթե դեռ պայմանականը չավարտված անձը գողություն է անում, ապա պետք է դատվի, սակայն այս գործը պետք է լինի նախադեպային։ Պետք է հաշվի առնել, որ Հասմիկը ծայրահեղ անհրաժեշտությունից դրդրված է գողություն արել։ Նա կերակրել է իր 4 երեխաներին։ Միայնակ կինը մի քանի առողջական լուրջ խնդիրներ է ունեցել, առանց այլ էլ աղքատ Սիսիանում չի կարողացել գործ գտնել, գտնելու դեպքում էլ առողջությունը չի ներել, որ աշխատի։ Պետք է քննել, թե գուցե այստեղ հենց պետության թերացումը կա։
Գողության գործով Վերաքննիչ դատարանը Հասմիկին դատապարտել է 5 տարվա ազատազրկման։ Գործն այժմ Վճռաբեկ դատարանում է։