Նիկոլ Փաշինյանը չի նմանեցնում իր ղեկավարած հեղափոխությունը Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձություններին։
«Ոչ մի ասոցիացիա չի կարող լինել պարզապես», – հայտարարեց ՀՀ վարչապետը, այսօր Մոսկվայում ճեպազրույցի ժամանակ պատասխանելով հարցին՝ արդյոք Վենեսուելայի իրադարձությունները չի՞ նմանեցնում այն հեղափոխությանը, որի առաջնորդն էր ինքը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։
«Բարեբախտաբար, մենք զոհեր, բախումներ չունեցանք, իսկ Վենեսուելայում եղել են զոհեր, ցավոք սրտի: Երկրորդ՝ ողջ գործընթացը, որ Հայաստանում տեղի ունեցավ, ամբողջովին՝ 100 տոկոսով համապատասխանում էր երկրի օրենքներին և Սահմանադրությանը, իսկ Վենեսուելայում տեղի ունեցողը առաջին հայացքից այնքան էլ հասկանալի չէ, թե որքանով է համապատասխանում Սահմանադրությանը: Առաջին հայացքից այնտեղ ամեն ինչ չէ, որ Սահմանադրության տրամաբանությանը համապատասխան է տեղի ունենում», – ընդգծեց Փաշինյանը:
Հիշեցնելով, որ Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձությունների մասին արդեն դիրքորոշում են հայտնել աշխարհի տարբեր առաջնորդներ՝ Ռուսաստանի իշխանությունները աջակցում են երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին, սակայն Հայաստանի հարևան Վրաստանը և մի քանի այլ երկրներ աջակցում են ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին, լրագրողը հարցրեց․ «Ո՞ւմ եք Դուք պաշտպանում այս հարցում»:
«Այս պահին Հայաստանի Հանրապետությունը ոչ մի հայտարարություն չի արել, մենք շարունակում ենք հետևել իրադարձությունների զարգացմանը: Պետք է նախ հասկանանք, թե տեղի ունեցողը որքանով է համապատասխանում երկրի Սահմանադրությանը: Ամեն դեպքում, կարծում եմ, որ այստեղ առանցքայինը պետք է լինի Վենեսուելայի ժողովրդի դերը: Ցանկացած որոշում պետք է ընդունելի լինի վենեսուելացիների համար»: