Մայիսի 20-ին հայտնի դարձավ, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը որոշում է կայացրել կասեցնել մարտի 1-ի գործով առնցքային մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գեւորգյանի, Սեյրան Օհանյանի եւ Յուրի Խաչատուրովի գործի վարույթը և ուղարկել այն Սահմանադրական դատարան՝ մեղադրյալներին առաջադրված ՀՀ ՔՕ 300.1 հոդվածի (սահմանադրական կարգը տապալելը) սահմանադրականության հարցը պարզելու հիմքով։ Որոշման հիմնավորումները ֆեյսբուքի իր էջում հրապարակել է նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ Ստորև ներկայացնում ենք դատարանի հիմնավորումն ամբողջությամբ.
«Դատարանը փաստում է, որ գործը դատական քննության նախապատրաստելիս համապատասխան որոշում կայացնելու համար անհրաժեշտ, կիրառման ենթակա ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչև 2009թ. մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործով խմբագրությամբ, այլ կերպ՝ Հին օրենք) և դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասի (Նոր օրենքի) ՀՀ Սահմանադրության 72-րդ, 73-րդ և 79-րդ հոդվածներին համապատասխանելու վերաբերյալ առկա են հիմնավոր կասկածներ, որպիսի հետևության հանգում եմ հետևյալ իրավական վերլուծությունների և դատողությունների արդյունքներով:
Դատարանը սույն որոշմամբ ՀՀ Սահմանադրական դատարանի առջև բարձրացնում է նաև գործողությունը դադարեցված և մինչ 2009թ. մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործով խմբագրությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի՝ ՀՀ Սահմանադրության 72-րդ, 73-րդ և 79-րդ հոդվածներին համապատասխանության հարցի պարզում:
Դատարանը փաստում է, որ վիճարկվող նորմատիվ իրավական ակտերի կիառման խնդիրն առկա է դատական քննության հատկապես տվյալ փուլում, ուստի դրանց սահմանադրականության հարցով ՀՀ Սահմանադրական դատարան է դիմում՝ օգտվելով Սահմանադրական դատարանի մասին ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումից:
Տվյալ դեպքում թեև Հին և Նոր օրենքները նախատեսում են միևնույն պատժատեսակը և պատժաչափը, սակայն դրանցում էականորեն տարբերվում են այդ հոդվածների դիսպոզիցիաները, որոնցից ըստ մեղադրող կողմից վարկածի, Նոր օրենքի դիսպոզիցիայի ծավալն ավելի նեղ է, քան Հին օրենքինը՝ այն տրամաբանությամբ, որ Նոր օրենքը որպես քրեորեն պատժելի արարք՝ սահմանադրական կարգի տապալում է սահմանել Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածների և 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ նորմի խախտումը, որը հանգեցրել է որոշակի հետևանքի:
Մինչդեռ Հին օրենքի դիսպոզիցիայի համաձայն՝ պատասխանատվություն էր սահմանվել սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված գործողությունների համար: Խոսքը, մասնավորապես, նրա մասին է, որ Հին օրենքը հանցակազմի օբյեկտիվ կողմից պարտադիր տարր էր համարում վերը նշված արարքը բռնությամբ կատարելը (տապալելը), առանց այդ հատկանիշի կարող էր խոսք գնալ քրեական օրենքով չթույլատրված այլ արարքների, բայց ոչ պետական իշխանությունը յուրացնելու մասին: Ընդ որում, պետական իշխանության յուրացման կազմում ընդգրկված, առանց բացառության բռնությամբ ուղեկցված մյուս բոլոր հանցակազմերը նույն՝ ՀՕ-53-Ն օրենքով խմբագրվել և պահպանել են իրենց տեղը ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածում, իսկ մեկ հանցակազմ, որի օբյեկտիվ կողմը դարձյալ պարունակում է բռնության հատկանիշ, իր արտացոլումն է գտել ՀՀ քրեական օրենսգրքի 300.2 հոդվածում:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի դիրքորոշմանը, ապա լիովին կիսում եմ այն, որ պարտադիր չէ, որպեսզի նախագահը գործի հստակ իր լիազորությունների շրջանակներում և դրանցից դուրս չգա, կարևորն այն է, որ վերջինի կատարած այդպիսի արարքը բխի իր՝ որպես նախագահի կարգավիճակից և պայմանավորված լինի նախագահին վերապահված լիազորությունների իրականացմամբ: Վերոհիշյալ դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի նկատմամբ՝ գտնում եմ, որ Ռ. Քոչարյանին մեղսագրված արարքի նկարագրությունից ակնհայտորեն հետևում է, որ նրան վերագրված արարքները վերաբերում են որպես Նախագահ իր կարգավիճակին, այլ ոչ որպես մասնավոր անձ կատարած գործողություններին։ Հետևաբար, սույն դեպքում Ռ. Քոչարյանն օգտվում է պաշտոնաթող նախագահի համար ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված գործառութային անձեռնամխելության երաշխիքից»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆեյսբուքի իր էջում Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը գրառում էր կատարել՝ նշելով, որ դատախազությունը, որը մինչ այդ հայտարարել էր Ռոբերտ Քոչարյանի կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու դատարանի որոշման բողոքարկման և մեղադրող դատախազների ինքնաբացարկ հայտնելու միջնորդության մասին, դատավորի այս որոշման մասին պաշտոնապես տեղեկացված չի եղել։
Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորանը, ինչպես նաև փաստահավաք խմբի նախկին անդամ, տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը ևս հայտնել էին, որ գործով որևէ տուժող կամ տուժողի իրավահաջորդ քրեական գործի կասեցման և ՍԴ ուղարկելու որոշման մասին տեղեկացված չի եղել, դատարանի կողմից նրանցից որեւէ մեկին խնդրո վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու հնարավորություն չի ընձեռվել։ Թե Գրիգորյանը, թե Սաֆարյանը հայտնել են, որ վստահորդների անունից որոշումը բողոքարկելու են անմիջապես այն ստանալուց հետո։