Home / Դատարան / Կկայանա Շուռնուխում կատարված բռնության գործով հերթական նիստը

Կկայանա Շուռնուխում կատարված բռնության գործով հերթական նիստը

Մայիսի 31-ին, ժամը՝ 11։00-ին, ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում (հասցե՝ ք․ Երևան, Շենգավիթ վարչ․ շրջան, Գարեգին Նժդեհ փող․ 23 շենք) տեղի կունենա Շուռնուխում կատարված բռնության գործով դռնբաց հերթական նիստը։

Ինչպես հայտնում է «Փինք» իրավապաշտպան կազմակերպությունը, մասնավորապես՝ ընթանալու է ՀՀ ՔԿ ՍՄՔՎ Գորիսի քննչական բաժնի քրեական հետապնդում չիրականցնելու վերաբերյալ բերված բողոքը մերժելու մասին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ տուժող կողմի ներկայացրած վերաքննիչ բողոքի և քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման դեմ բերված բողոքը բավարարելու մասին Սյունիքի մարզի դատախազի բերած վերաքննիչ բողոքը քննությունը։

Հիշեցում․

04.08.2018թ. ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնում հաղորդում էր ներկա­յաց­վել առ այն, որ 03.08.2018թ. Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում մի խումբ անձինք՝ շուրջ 30 հոգի, հարձակվել են նույն գյուղում հանգստա­ցող 9 երիտասարդների, այդ թվում՝ ԼԳԲՏ ակտիվիստների վրա, հարվածներ հասցրել նրանց քարերով և ձեռքերով, հե­տա­պնդել նրանց գյուղի ամբողջ տարածքում՝ այդ ամբողջ ընթացքում նույնպես հալածելով երիտասարդ­նե­րին։

Երիտասարդներին հալածելու ընթացքում բռնարարները վիրավորական արտահայտություններ և հայհոյանքներ են հնչեցրել նրանց հասցեին՝  կապված նրանց իրական կամ ենթադրյալ ՍԿԳԻ հետ, ինչի մասին իրենց ցուցմունքներում նշել են թե՛ տուժողները, թե բռնարարները։

Քրեական գործէ հարուցվել միայն ՀՀ քրեկան օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով՝ ծեծի համար։

28.11.2018թ. ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնի ավագ քննիչ Ս. Բալույանը որոշում է կայացրել քրեական գործի վարույթը կարճելու և իրենց մեղքը խոստովանած մի քանի անձանց նկատմամբ  քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ համաներման ակտի ընդունման հիմքով։

Այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել հանցակազմի բացակայության հիմքով․ վարույթն իրականացնող մարմինը գտել է, որ նրանց կողմից տուժողներին 1 անգամ է հարված հասցվել, որը չի կարող որակվել որպես ծեծ, իսկ այն քարերը, որ բռնարարները նետել են տուժողների վրա, պարզ չի՝ դիպել են տուժողներին, թե ոչ։

Վարույթն իրականացնող մարմնի որոշումների դեմ բերվել է թվով 6 բողոք։ Բողոքները քննվել են 2 դատավորների մոտ։ 1 դատավորի մոտ քննվող 2 բողոքներով առկա են որոշումներ․ քրեական գործը կարճելու մասին որոշման դեմ բերված բողոքը բավարարվել է, իսկ ոտնձգողներից մեկի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու որոշման դեմ բերված բողոքը՝ մերժվել։ 2 որոշումներով էլ բողոք է ներկայացվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ համապատասխանաբար դատախազի կողմից (այսինքն՝ տուժող կողմի օգտին կայացված որոշումը բողոքարկել է դատախազը) և տուժող կողմի ներկայացուցչի կողմից։ Այժմ 2 բողոքներով գործը քննվում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում նույն դատավորի մոտ, ով միացրել է բողոքներով քննությունը։

Մյուս 4 բողոքներով գործի քննությունը, որը իրականացնում էր նույն դատավորը, հետաձգվել է՝ արդեն առկա որոշումներով վերջնական ուժի մեջ մտած որոշում ունենալու համար։