2019թ․ մայիսի 30-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը սկսեց քննել «Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերի» միջնորդությունը՝ հաստատությունում հարկադիր բուժում ստացող Հ․ Ա․-ի բուժումը արտահիվանդանոցային հարկադիր բուժմամբ փոխարինելու վերաբերյալ։
Հ․ Ա․-ն 21 տարեկան է։ Վերջին 3 տարին անցկացրել է հոգենյարդաբանական դիսպանսերում։ Այնտեղ գտնվելու ողջ ընթացքում ցանկացել է դուրս գալ հաստատությունից, աշխատել և ինքնուրույն կյանք վարել։
Դատարան ներկայացրած միջնորդությամբ «Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերի» մասնագետները փաստել են, որ Հ․ Ա․-ն շրջապատի համար վտանգ չի ներկայացնում և կարող է շարունակել բուժում ստանալ արտահիվանդանոցային պայմաններում։
Դատարանում Հ․ Ա․-ն հրաժարվեց իսկզբանե իր իրավունքների պաշտպանության համար ներգրավված հանրային պաշտպանի ծառայություններից և հայտնեց, որ ցանկանում է՝ իր իրավունքների պաշտպանությունն իրականացնի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը։
Մայիսի 30-ին կայացած դատական նիստի ընթացքում նախագահող դատավոր Ս․ Գզոգյանը հարցեր ուղղեց Հ․ Ա․-ին՝ ստացած բուժման, արդյունքների, դիսպանսերից դուրս գալու դեպքում հետագա պլանների մասին։ Նա պատասխանեց, որ դրական փոփոխություն է զգում և պատրաստ է արտահիվանդանոցային պայմաններում բուժում ստանալ, պատրաստվում է աշխատել։
Որպես Հ․ Ա․-ի օրինական ներկայացուցիչ դատարան էր ներկայացել նրա մայրը, սակայն նա հայտարարեց, որ հրաժարվում է որդու օրինական ներկայացուցիչը լինելուց, չի պատրաստվում պատասխանատվություն կրել նրա համար։ Դատարանը դիտարկեց հոր՝ օրինական ներկայացուցիչ լինելու տարբերակը։ Դրան էլ դեմ էր Հ․ Ա․-ն։
Դատարանը մինչ հաջորդ դատական նիստը կդիմի Վանաձորի քաղաքապետարանի խնամակալության և հոգաբարձության մարմին՝ Հ․ Ա․-ին օրինական ներկայացուցիչ տրամադրելու հարցով։
Հաջորդ նիստը 2019թ․ հունիսի 27-ին է։
աղբյուր՝ hcav.am