Home / Առողջապահություն / Ավանի հոգեբուժարանում կրկին խախտումներ են հայտնաբերվել

Ավանի հոգեբուժարանում կրկին խախտումներ են հայտնաբերվել

  • Կենցաղային, այդ թվում՝ սանիտարահիգիենիկ անբավարար պայմաններ, առկա է բարելավման և վերանորոգման անհրաժեշտություն,
  • բժշկական փաստաթղթերի վարման հետ կապված խախտումներ կամ այդ փաստաթղթերի ոչ պատշաճ վարում,
  • հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց արտաքին աշխարհի հետ կապի և զբաղվածության ապահովման հետ կապված խնդիրներ,
  • հոժարակամ և ոչ հոժարակամ բուժման իրավական ընթացակարգերի պահպանման հետ կապված խնդիրներ, որոնք ողջ երկրում ունեն համակարգային բնույթ և շարունակ լուծում չեն ստանում՝ հանգեցնելով մարդու սահմանադրական իրավունքների կոպիտ խախտումների,
  • հոգեբուժական կազմակերպության աշխատակիցների աշխատանքային պայմաններին առնչվող խնդիրներ,
  • հոգեբուժական կազմակերպության աշխատակիցների սոցիալական անբավարար երաշխիքներ՝ ներառյալ աշխատավարձ, ինչպես նաև աշխատակիցների մասնագիտական վերապատրաստումների սակավություն կամ բացակայություն,  և այլն:

Այս հիմնական խնդիրներն են վեր հանվել հունիսի 7-ին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչների՝ «Ավան» հոգեկան առողջության կենտրոն մշտադիտարկման հերթական այցի ընթացքում: Այդ մասին օմբուդսմենի գրասենյակը հայտնել է հունիսի 11-ի հաղորդագրությամբ․

«Մշտադիտարկման շրջանակներում ստուգվել են հոգեբուժական կազմակերպությունում անձանց պահման պայմանները, նրանց իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին, ոչ հոժարակամ և անգործունակ ճանաչված անձանց բուժման ընթացակարգերը, ինչպես նաև հաստատությունում պահվող պացիենտներին առնչվող փաստաթղթերը:

Մշտադիտարկմանը ներգրավված են եղել իրավաբաններ, բժիշկ և սոցիոլոգ, այն իրականացվել է հատուկ մեթոդաբանությամբ և չափիչ սարքերի օգտագործմամբ (տարածություն, ջերմություն և այլն):

Արձանագրված խնդիրները Պաշտպանի ներկայացուցիչները քննարկել են հոգեբուժական հաստատության տնօրինության հետ: Խնդիրները կամփոփվեն և դրանց լուծմանն ուղղված առաջարկները համապատասխան վերլուծության հետ միասին կներկայացվեն «Ավան» հոգեկան առողջության կենտրոնին, Առողջապահության նախարարություն, ինչպես նաև հնարավոր այլ իրավասու սուբյեկտների:

․․․Նախորդ այցի համեմատ հոգեբուժական հաստատությունում արձանագրվել են դրական տեղաշարժեր, մասնավորապես՝ բարեկարգվել են լոգարանները, վերանորոգման աշխատանքներ են իրականացվել առանձին սանհանգույցներում, ձեռք են բերվել նոր մահճակալներ ու անկողնային պարագաներ»: