Ղրղզստանի Գլխավոր դատախազությունը երեկ մասնակիորեն հաստատեց խորհրդարանի կողմից նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևին առաջադրած մեղադրանքները։ Նրան անձեռնմխելիությունից զրկելու մասին վերջնական որոշումը կկայացվի գալիք խորհրդարանական լիագումար նիստի ընթացքում։ Նիստի արդյունքները նախապես հայտնի են․ արտահոսքի արդյունքում երեկ հանրայնացվեց խորհրդարանի որոշման նախապես պատրաստված համապատասխան փաստաթուղթը։
Ըստ պաշտոնական հաղորդագրության, դատախազությունը հիմնավոր է գնահատել խորհրդարանի հատուկ հանձնաժողովի կողմից առաջադրված և հունիսի 20-ին լիագումար նիստի կողմից հաստատված 6 մեղադրանքներից 5-ը։
Նախկին նախագահը մեղադրվում է
– ապօրինի հարստացման,
– Բիշքեկի ջերմաէլեկտրակայանի մոդերնիզացիայի հետ կապված կոռուպցիոն հանցագործությունների,
– նույն ՋԷԿ-ին ածուխի ապօրինի մատակարարման,
– հողատարածքների ապօրինի յուրացման,
– քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևին ապօրինի ազատ արձակման մեջ:
Խորհրդարանի կողմից առաջադրված մեղադրանքներից մեկը՝ պատգամավորների, դատավորների, հասարակական գործիչների և ԶԼՄ-ների հետապնդումների հետ կապված, դատախազությունը չի հաստատել՝ Ատամբաևի առնչությունն ապացույցող փաստերի բացակայության պատճառով։
Հիշեցնենք, որ նախկին նախագահներին անձեռնմխելիությունից զրկելու այս ընթացակարգը՝ խորհրդարան-դատախազություն-խորհրդարան, ներդրվեց 2019 թվականի մայսի 16-ին։ Ավելի վաղ՝ 2018 թվականի հոկտեմբերին, Ղրղզստանի Սահմանադտական պալատը «Նախագահի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 12-րդ հոդվածը, որն ապահովում էր նախագահների անձեռնմխելիությունը, ճանաչեց հակասահմանադրական (օրենքի առջև հավասարության սկզբունքին հակասելու հիմքով)։ Ղրղզստանի խորհրդարանն, այնուհետև, փոփոխություններ կատարեց «Նախագահների գործունեության երաշխիքների մասին» օրենքում։ Նոր օրենքը իրավական ընթացակարգ է սահմանում նախկին նախագահների անձեռնմխելիությունը չեղարկելու համար, նաև՝ զրկում է պետական արտոնություններից էքս-նախագահներին, որոնք որոշում են մնալ մեծ քաղաքականության մեջ և հավակնում են պետական պաշտոնների։
Ղրղզստանում էքս-նախագահի կարգավիճակ ունեն միայն երկու քաղաքական գործիչներ՝ նախորդ նախագահ Ալմազբեկ Ատամբաևը և Ռոզա Օտունբաևան (պաշտոնավարել է հինգ ամիս՝ 2010 հեղափոխությանը հաջորդած անցումային շրջանում)։ Մյուս երկու նախկին նախագահները՝ Ասկարա Ակաևն ու Կուրմանբեկ Բակիևը, զրկվել են նախկին նախագահի կարգավիճակից 2005 և 2010 թվականների հեղափոխություններից հետո։
Հիշեցնենք նաև, որ գործող նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևի կուսակիցն ու ժառանգորդն է։ Քաղաքական հակամարտությունը նրանց միջև սկսեց այն բանից հետո, երբ Ժեենբեկովը դուրս եկավ Ատամբաևի ծրագրած նախագծից՝ կրկնել Ղրղզստանում կրկնել «Պունին-Մեդվեդև-Պուտին» սցենարը։ Ատամբաևին անձեռնմխելիությունից զրկելու գործընթացը հաճախ մեկնաբանվում է որպես գործող և նախկին նախագահների հակամարտության և «բաժանման» մաս։