Կառավարությունն այսօրվա՝ հուլիսի 4-ի նիստում հավանություն տվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյանի, Նարեկ Զեյնալյանի և Լուսինե Բադալյանի՝ «Աշխատանքային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու օրենսդրական նախաձեռնությանը:
Առաջարկված նախագիծը սահմանվում է, որ «եթե նույն գործատուի մոտ նույն աշխատողի հետ նույն աշխատանքի համար որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվում է երկուսից ավելի անգամ կամ նույն գործատուի մոտ նույն աշխատանքի համար նույն աշխատողի հետ երկուսից ավելի անգամ կնքվում է աշխատանքային պայմանագիր, որոնց ընդհատումը չի գերազանցում մեկ ամիսը, ապա աշխատանքային պայմանագիրը համարվում է կնքված անորոշ ժամկետով»:
Անժամկետ աշխատանքային պայմանագրերի պարագայում գործում են աշխատանքային օրենսգրքով սահմանված երաշխիքները, որոնք հնարավորություն են տալիս աշխատողներին պայքարել (նաև դատական կարգով) կամայական և անօրինական հեռացումների դեմ, մինչդեռ ժամկետային պայմանագրերը՝ ժամկետը լրանալուց պահից սկսած, զրկում են աշխատողին օրենսդրական պաշտպանությունից։
Հիշեցնենք, որ աշխատողների իրավունքների համատեքստում ժամկետային պայմանագրերն անժամկետով փոխարինելու կարևորության մասին վերջերս բարձրաձայնել էր նաև Մատենադարանի աշխատակիցների արհեստակցական միությունը, որը պահանջ էր ներկայացրել հիմնարկի տնօրինությանը՝ գիտաշխատողների հետ կնքված որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրերը փոփոխել անորոշ ժամկետով։ Մատենադարանի տնօրինությունը հունիսի 25-ին տեղի ունեցած բանակցությունների ժամանակ բանավոր խոստում էր տվել բավարարել աշխատողների պահանջը։ Սակայն, ինչպես տեղեկացնում է Մատենադարանի աշխատակիցների ֆեյսբուքի էջը, երեկ՝ հուլիսի 3-ին, տնօրինությունը էլեկտրոնային նամակ է հղել Մատենադարանի աշխատակիցներին և հրավիրել աշխատանքային հարաբերություններին վերաբերող հարցերը քննարկելու Աշխատանքի իրավունքի հաշտարարի հետ:
«Համաձայն հաշտարարության մասին ՀՀ օրենքի՝ «հաշտարարությունը գործընթաց է, որն ուղղված է կողմերի համաձայնությամբ իրենց միջև առկա վեճն անկողմնակալ երրորդ անձի՝ հաշտարարի օգնությամբ հաշտությամբ լուծելուն»: Տեղեկացնում ենք, որ Մատենադարանի աշխատողների արհեստակցական կազմակերպությունը տեղյակ չի եղել և իր համաձայնությունը չի տվել հաշտարար հրավիրելու գործընթացին», ― նշված է արհիմության հայտարարության մեջ։