Home / Հայաստան / Վրաստանի նախկին վարչապետը մնում է երկրի «հավատարիմ զինվորը»

Վրաստանի նախկին վարչապետը մնում է երկրի «հավատարիմ զինվորը»

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն այսօր հրաժարական է ներկայացրել:

«Ես որոշում եմ կայացրել լքել պաշտոնը, քանի որ այս փուլում իմ առքելությունը կատարված եմ համարում։ Վրաստանի վարչապետի պաշտոնում մեր երկրին ծառայելը ինձ համար մեծ պատիվ էր ու մեծ պատասխանատվություն», – գրել է Բախտաձեն ֆեյսբուքի իր էջում՝ հավելելով, որ շարունակելու է անդամակցել իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը և մնալու է երկրի «հավատարիմ զինվորը»։

«Վրաստանի վարչեպտի պաշտոնում իմ թեկնածության հիմնական մանդատն ու նպատակն է եղել՝ ստեղծել և ներդնել երկրի զարգացման ռազմավարական շրջանակները, որոնք հետագայում կապահովեին մեր պետական նպատակների իրագործումը և կվերածվեին երկրի զարգացման ձեռնարկի։ Զարգացման ռազմավարական շրջանակները ստեղծված են և ներդրված,» – պարզաբանել է Բախտաձեն։

Բախտաձեի փաստարկները՝ ռազմավարական առաքելության և զարգացման հեռանկարների մասին, նրա ընդդիխոսները մեկնաբանում են որպես քաղաքական ձախողման «սովորական քողարկում»։ Կուսակիցները Բախտաձեի հրաժարականը հիմնականում մեկնաբանում են որպես «անձնական որոշում»։

Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Վրաստանի խորհրդարանը պետք է նոր վարչապետ ընտրի, այսինքն՝ վստահություն հայտնի վարչապետի նոր թեկնածուի, նրա առաջարկած նախարարների և ծրագրի նկատմամբ։ Մինչ այդ Բախտաձեի կառավարության անդամները կշարունակեն պաշտոնավարել ժամանակավոր պաշտոնակատարների կարգավիճակում։ 

Վարչապետի թեկնածու առաջադրելու լիազորություն ունի միայն խորհրդարանական մեծամասնությունը, այսինքն՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Վրացական ԶԼՄ֊ների տեղեկություններով, Վրաստանի նոր վարչապետի հավանական թեկնածուներն են Ներքին գործերի նախարար (համատեղությամբ՝ փոխվարչապետ) Գեորգի Գախարիան և Ռեգիոնալ զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցկիտիշվիլին։

Խորհրդարանական մեծամասնության ղեկավար Գեորգի Վոլսկին հայտնել է, որ վաղը՝ սեպտեմբերի 3-ին, քաղաքական խորհրդի և խորհրդարանական մեծամասնության նիստից հետո պարզ դառնա՝ ով է լինելու Վրաստանի վարչապետի նոր թեկնածուն։