Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն այս պահին հրաժարվում է մեկնաբանել քաղաքականություն մտնելու հավանականությունը, սակայն հավելում է՝ «այս կյանքում որևէ բան բացառել պետք չէ»։
ԱԱԾ տնօրենի պաշտոնից հեռացած Արթուր Վանեցյանը գիտակցում է, թե ինչ վտանգավոր հայտարարություն է նա արել։ Այս մասին Վանեցյանն ասել է լրագրողների հետ զրույցում։
Նա չցանկացավ մեկնաբանել հրաժարականը՝ նշելով, որ կանի դա անհրաժեշտության դեպքում։
«Ես ուզում եմ կարևոր բան ասել, կոչ անել բոլորին, որ առհասարակ չփորձեն պղտոր ջրում ձուկ որսալ, չփորձեն ինձ ներքաշել իրենց խաղերի մեջ: Ես իմ այս մեկ ու կես տարիների ընթացքում, երբ եղել եմ ԱԱԾ տնօրեն, իրականացրել եմ իմ աշխատանքը պատվով, մեծ պատասխանատվությամբ, և դրական արդյունքները եղել են ակնհայտ բոլորի համար: Այն հեղինակությունը և վարկանիշը, որը ձեռք է բերել ԱԱԾ-ն, իմ համար դա ամենակարևոր ու մնայուն արժեքն է: Եվ ես կարծում եմ, որ այդ գործում ունեցել եմ շատ մեծ հաջողություն», ֊ ասել է Վանեցյանը՝ նաև խոսելով նախկինների խանդավառության մասին, որն, իր խոսքով, նկատվում է երեկվանից։
Նա կոչ արեց նրանց մնալ իրենց քաղաքական անցյալում և չփորձել խառնվել իր ու գործող իշխանությունների հարաբերությունների մեջ:
Ինչ վերաբերում է վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հայտարարությանն այն մասին, թե պետք է պարզել՝ ով է գրել հրաժարականի տեքստը, Վանեցյանը «պաշտոնապես հայտարարեց», որ «Ֆեյսբուք» սոցցանցում Փաշինյանի երեկվա մամուլի ասուլիսին զուգահեռ հայտնված տեքստն ինքնուրույն էր գրել, խորհրդականն էլ խմբագրել էր այն․ «Ավելի կոնկրետ ասեմ՝ որևէ մեկը չփորձի ինձ կապի Միքայել Մինասյանի հետ, որովհետև Միքայել Մինասյանն ինձ համար մարդ է, ով պետք է դեռ շատ հարցերի պատասխան տա ՀՀ օրենքների առջև»:
Քաղաքականություն մտնելու հետ կապված որևէ մեկնաբանություն անել չցանկացավ․ նա որոշել է կենտրոնանալ ֆուտբոլի զարգացման վրա։ «Այս կյանքում որևէ բան բացառել պետք չէ», ֊ մասնավորապես, ասել է Արթուր Վանեցյանը։