Home / Հայաստան / 3 սպանված, 5 վիրավոր, 1 խոստովանություն․ բախում Վանաձորում

3 սպանված, 5 վիրավոր, 1 խոստովանություն․ բախում Վանաձորում

Վանաձոր քաղաքի Միչուրինի փողոցի տներից մեկի նկուղում հրազենային վնասվածքներով հայտնաբերվել են 30-ամյա Անդրանիկ Օհանյանի և Գոռ Գրիգորյանի դիերը։ Նույն վայրից հրազենային տարբեր վնասվածքներով «Վանաձոր» բժշկական կենտրոն են տեղափոխվել 29, 26, 28, 21 և 25-ամյա անձինք։ Նրանցից մեկը՝ 25-ամյա Դավիթ Օհանյանը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, մեկ անձ ձերբակալվել է, տեղեկացնում է Ոստիկանությունը։

Քննչական կոմիտեն դեպքի առթիվ հաղորդագրություն է տարածել․ «Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հոկտեմբերի 4-ին՝ ժամը 23:55-ին, Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Միչուրինի փողոցի տներից մեկում բժիշկների հերթապահ խումբ է մեկնել, որտեղ հայտնաբերվել են երկու երիտասարդի դի: Հայտնել են նաև, որ մարմնական տարբեր վնասվածքներով Վանաձորի բժշկական կենտրոն են տեղափոխել մի քանի երիտասարդ:

Վանաձոր քաղաքի Միչուրինի փողոցի տներից մեկի նկուղում հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է 1989 թվականին ծնված երկու երիտասարդի դի: Նույն հասցեից Լոռու մարզի 6 բնակիչներ տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: Նրանցից մեկը՝ 1994 թվականին ծնված երիտասարդը, մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել նմուշներ: Հայտնաբերվել են «Մակարով» տեսակի ատրճանակ, 5,45 մմ 6 պարկուճ, 2 գնդակ, 9 մմ 4 պարկուճ և 2 գնդակ, 9 մմ գազային փամփուշտ և նույնատիպ 2 փամփուշտներ՝ պահունակի մեջ: Հայտնաբերվել են դանակներ, կանեփբույսի նմանվող չորացված զանգված»։

Հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2 մասի 1-ին կետով՝ Սպանություն, և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

Սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Վանաձոր քաղաքի 1979 թվականին ծնված բնակիչը, ով տվել է ինքնախոստովանական ցուցմունք:

Նախաքննությունը շարունակվում է։